Կոմիտաս վարդապետի ծննդյան 135-ամյակի առթիվ Վահան Արծրունու նախաձեռնությամբ եւ Այդին Մորիկյանի խմբագրությամբ հրատարակվել են Կոմիտասի քնարերգության «Փըշուր մը» ժողովածուն, որը նախկինում լույս տեսած ժողովածուների համեմատությամբ ամենաամբողջականն ու ամենաընդգրկունն է (մյուսները լույս են տեսել 1939 թ. Ստամբուլում եւ 1969 թ. Երեւանում): Ժողովածուն ընդգրկում է Մեծն վարդապետի քնարական պոեզիան, ինչպես նաեւ չափածո ստեղծագործություններըՙ առակ, ընծայագիր, պարոդիա եւ նրա իսկ ձեռքով արված գծանկարները («Գրչի խաղեր»):
Երեկ գրքի հրատարակման առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գրքի խմբագիր Այդին Մորիկյանն ասաց, որ «Փըշուր մը» ժողովածուում, իր կարծիքով, նվազագույնը երկու-երեք բան կա (դրանք ենՙ «Ձոն Աղմանե Հանըմ», եւ «Մոծակները» առակները, որոնք վերցվել են գրականության եւ արվեստի թանգարանից), որ երբեւէ հայտնի չի եղել եւ ամենայն հավանականությամբ չի տպագրվել:
«Ես շատ ուրախ եմ, որ գոնե որպես նախաձեռնող առնչվել եմ Կոմիտասի էության հետ. սա բացահայտումների գիրք է Կոմիտասի մասին եւ այն կարդալով կարելի է ունենալ ամբողջական վերաբերմունք Կոմիտասի մասին, իսկ նրա գծանկարներն ու նամակերը, որոնք կրկին ընդգրկված են գրքում, թույլ են տալիս ենթադրել, որ վարդապետը եղել է հումորով», նշեց Վահան Արծրունին:
Գիրքը տպագրվել է 500 տպաքանակով, ինքնարժեքը 4-5 հազար է: Ստացված գումարը կօգնի հաջորդ նախաձեռնությանը, որի հրատարակման համար Արտո Չաքմաքչյանը հատուկ գրաֆիկական գործեր է արել:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 4-ին, Կամերային երաժշտության տանը, ուր կցուցադրվի Պոտպոմոգովի մեկ գեղանկար, իսկ երաժշտական մասում «Շողակաթ» երգչախմբի, լարային քառյակի եւ Աննա Մայիլյանի մասնակցությամբ կներկայացվի Վահան Արծրունու «Կոմիտասՙ 10 հայտնություն» շարքի կատարումը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ