«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2004-12-01 | #216, 2004-12-02 | #217, 2004-12-03


ԹՈԼԱՋՅԱՆԻ ՖԻԼՄԸ DVD-Ի ՎՐԱ ՆՈՐ ՎԵՐՆԱԳՐՈՎ

«Երկար ճանապարհ էր պետք անցնել մինչեւ այս պահը», ասում է ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Թոլաջյանը, որի ամռանը թողարկած «Գնված եւ վճարված» նոր գեղարվեստական ֆիլմը վերջերս կինոշուկա է մուտք գործել DVD-ի վրաՙ «Նյուջերսյան պատմություն» նոր վերնագրով, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

37-ամյա արվեստագետի ֆիլմը, որը նրա իսկ խոստովանությամբ կրում է իր «ուսուցիչների»ՙ Ֆրենսիս Կոպոլայի, Մարտին Սկորսեզի եւ Սինդի Լյումետի ազդեցությունները, ժամանակակից պատմություն է քաղաքային «եռացող կաթսայում» տապակվող միջինից ցածր խավի ներկայացուցիչների կյանքից: Ձանձրացած կոշիկի խանութում վաճառողի միօրինակ առօրյայից, կոշիկների յուրահատուկ հոտից եւ աշխատանքում առաջ գնալու իր սեւամորթ «բոսի» փուչ խոստումներից, Ռեյը (դերասանՙ Ռաֆայել Սարդինա) որոշում է իր նախասիրություններին հագուրդ տալ եւ դառնալ «դիջեյ»ՙ երաժշտական ծրագրերի հաղորդավար: Ընկերուհինՙ ասիացի Հիլդան բավական պահանջկոտ է եւ որպեսզի իր եւ նրա երազանքները կարողանա իրականություն դարձնել, ծանոթանում է այդ տարածքի «կնքահոր»ՙ Ալֆոնսո Կոլոնի (դերասանՙ Ջո Գրիֆասի) հետ, որն էլ նրան տալիս է հանձնարարություններ: Դրանցից մեկի կատարման ընթացքում էլ պուերտոռիկացի Ռեյի եւ հայազգի գրավառու Կատտի Նազարյանի (դերասանՙ Դեյվիդ Մարկուլիես) ճակատագրերը բախվում են, եւ Ռեյն իմանալով հայերի պատմությունը, նմանություններ է գտնում իր եւ Կատտիի բնավորությունների մեջ:

Թոլաջյանի հաջողությունը ֆիլմում այն է, որ կարողացել է ստեղծել իրական կերպարներ իրական իրադարձությունների մեջ: Ֆիլմը հասունության, ռասիզմի մասին է, հագեցած նաեւ նուրբ հումորով: Ցուցադրվել է մի շարք միջազգային փառատոներում եւ արժանացել դրական գնահատականների:

Իր կինեմատոգրաֆիական ուղին Թոլաջյանը սկսել է Ուոթերթաունում, որտեղ նա ծնվել եւ մեծացել է: Սովորել է Կոռնել համալսարանում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, սակայն իր ասելովՙ «սցենար գրելն ու ֆիլմեր նկարահանելն ավելի սրտամոտ զբաղմունքներ են»: 1988 թ. ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը: «Նյու Յորք թայմս» եւ «Լոս Անջելես թայմս» թերթերում հրատարակված խրախուսական գրախոսականները թեւավորել են հայազգի ռեժիսորին եւ վստահություն ներշնչել, որ իր կատարած մասնագիտական ընտրությունը ճիշտ է եղել:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4