Նաիրա Մելքումյանն աննախադեպ համարեց «Հեռուստամարաթոն-2004»-ի արդյունքները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը համոզված է, որ Արցախը մնում է հայ ժողովրդի ամենազգայուն տեղը: Մելքումյանը «աննախադեպ արդյունք» որակեց Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ԼՂՀ-ի համար ռազմավարական նշանակության 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ավարտելու նպատակով հանգանակված ավելի քան 11 մլն դոլարը:
Երեկ հիմնադրամի շենքում հրավիրած մամուլի ասուլիսում Մելքումյանը շնորհակալական խոսք ուղղեց հատկապես Լուիզ-Սիմոն Մանուկյանին, որ «Հեռուստամարաթոն-2004»-ին նվիրաբերեց 2 մլն ԱՄՆ դոլար, Էդուարդո Էռնեկյանին (1,5 մլն), Հրայր եւ Գեւորգ Հովնանյաններին, Սարգիս Հակոբյանին, Կարոլին Մուգարին, Ժերար Գաֆեսճյանին, Արա Աբրահամյանին:
«Արա Աբրահամյանն ինքը զանգահարեց եւ կատակեց, թե առանց իրեն հեռուստամարաթո՞ն ենք անցկացնում», ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը նվիրաբերեց 250 հազար դոլար:
«Ուզում եմ առանձնակի շնորհակալությունս հայտնել նաեւ ՀԲԸՄ-ին եւ նրա ղեկավար Պերճ Սեդրակյանին, ՀՕՄ-ին, ՀՕՖ-ին, ԱՄՆ արեւելյան եւ արեւմտյան ափերի մեր տեղական կառույցներին, Ֆրանսիայի տեղական մարմնին եւ Պետրոս Թերզյանին, Ամերիկայի հայկական համագումարին, մեր երեք ավանդական կուսակցություններին, մեր եկեղեցիներին, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս 10-րդին, Հայ բողոքական եկեղեցու առաջնորդներին», ասաց Մելքումյանը:
Այս հեռուստամարաթոնին ակտիվորեն աջակցել են արտերկրի մեր դեսպանությունները: Մելքումյանն առանձնացրեց Արգենտինայում եւ Լիբանանում Հայաստանի դեսպաններ Արա Այվազյանի եւ Արեգ Հովհաննիսյանի անունները:
Գործադիր տնօրենը վստահ է, որ հիմնադրամը կատարում է իր առաքելությունըՙ օգնել հայ ժողովրդի այն հատվածին, որ օգնության կարիք ունի: «Արցախը մնում է հայ ժողովրդի ամենազգայուն տեղը», ասաց Մելքումյանը եւ հավելեց, որ այսօր Ղարաբաղն օգնության կարիք ունի, վաղը կարող է ունենալ հայ ժողովրդի մեկ այլ հատված: Գործադիր տնօրենը վստահ է, որ հեռուստամարաթոնը ոչ միայն դրամահավաք է, այլեւ հայրենասիրական, ազգահավաք միջոցառում:
Այս տարվա հեռուստամարաթոնը առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանից եւ Ղարաբաղից հանգանակվեց 1,1 մլն դոլար, որից 500 հազարն արդեն փոխանցվել է հիմնադրամ: Աննախադեպ էին Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի արդյունքըՙ շուրջ 800 հազար եվրո, եւ դրան մասնակցած ընտանիքների թիվըՙ 11.500: Թերեւս ոգեւորող էր նաեւ Հայաստանում անցկացված հեռախոսամարաթոնի արդյունքըՙ 15 մլն դրամ:
Մելքումյանը հարկ չհամարեց անդրադառնալ նախօրեին «Առավոտ» օրաթերթում տպագրված հիմնադրամի երկար տարիների աշխատակից Տիգրան Պասկեւիչյանի հոդվածին, միայն նշեց, որ պրն Պասկեւիչյանն առնվազն չպետք է իր ազգանունը դներ այդ հոդվածի տակ: Նշենք, որ Պասկեւիչյանը «Համահայկական հիմնադրամ, թե՞ մեծահարուստների ակումբ» հոդվածում քննադատության խոսքեր էր հնչեցրել: Եթե այս հոդվածը գրվեր երկու տարի առաջ, երբ Պասկեւիչյանն իր տեղն ուներ հիմնադրամում, ապա կարելի էր միայն ողջունել: Մինչդեռ մարդը թքում է այն աղբյուրին, որից նաեւ ինքն ու իր ընտանիքն են տարիներ շարունակ ջուր խմել:
Նշենք, որ այս տարվա հեռուստամարաթոնին միայն մեծահարուստներ չէ, որ մասնակցել են: Անգամ եթե 11 միլիոնից հանենք 8 միլիոնը, ապա մնացած 3 միլիոնը ավելին է, քան նախորդ տարիների մի քանի հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված 2,5 միլիոնը: Բացի այդ, ընդհանուր առմամբ «Հեռուստամարաթոն-2004»-ի մասնակիցների թիվը շատ-շատ ավելին էր, քան նախորդ որեւէ հեռուստամարաթոնինը: Մելքումյանը հերքեց այն տեղեկությունը, իբր այս տարի կազմակերպչական ծախսերի վրա ահռելի գումար է ծախսվել: «Այս տարի ավելի քիչ գումար է ծախսվել, քան նախորդ մի քանի տարիների հեռուստամարաթոնների վրա», ասաց նա:
Գործադիր տնօրենը վստահ է, որ խոստացված 11 մլն դոլարը փոխանցվելու է հիմնադրամին: Նա նշեց, որ անցնող մեկ տարում իրենց հաջողվել է ստանալ նախորդ տարիների հեռուստամարաթոնների ընթացքում խոստացված, բայց չփոխանցված գումարները: Ի դեպ, բացի 11 մլն դոլարից, որը հավաքվել եւ հասցեագրված է «Հյուսիս-հարավի» համար, հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել են գումարներ այլ ծրագրերի համար: Եթե այս գումարներն էլ հաշվենք, ապա կստացվի, որ «Հեռուստամարաթոն-2004»-ը գերազանցեց 1996 թ. ցուցանիշը, երբ հավաքված 6 միլիոնը Քըրք Քըրքորյանը կրկնապատկեց:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ