Ադրբեջանն ինքն է պետական մակարդակով վերաբնակեցնում զավթած հայկական գյուղերը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով (ECOSOC) հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «Ադրբեջանում փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից հայերին եւ էթնիկական այլ փոքրամասնություններին պատկանող գույքի յուրացման» փաստերի կապակցությամբ: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին ասվում է հանձնաժողովի նոյեմբերի 26-ին կայացած նիստի եզրակացության մեջ, որն ընդունվել է Ադրբեջանում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային համաձայնագրի իրագործման վերաբերյալ երկրորդ պարբերական զեկույցի լսումների արդյունքներով:
«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ ապահովել համարժեք փոխհատուցում կամ առաջարկել այլընտրանքային բնակավայրեր հայերին եւ այլ էթնիկական փոքրամասնություններին, որոնց գույքն ապօրինաբար յուրացվել է փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից», ասվում է ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով հանձնաժողովի եզրակացությունում:
Ուշագրավ է, որ նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվում էր Բաքվի նախաձեռնությամբ օրակարգ մտցված այսպես կոչված «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը: Դա, ինչպես մանրամասնորեն տեղեկացրել է «Ազգն» իր նախորդ համարներում, չի դրվել քվեարկության, քանի որ Ադրբեջանը, որն այդ նպատակով Նյու Յորք էր գործուղել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, չի գտել անհրաժեշտ դաշնակից պետություններ: Մասնավորապես Ադրբեջանի նախաձեռնությանը դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը:
Բաքուն պնդում է, որ Երեւանը հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացնում է վերաբնակեցում: Պաշտոնական Երեւանը մերժում է դա, նշելով, որ այդ տարածքներում կան սահմանափակ թվով վերաբնակիչներ, որոնք տեղահանվել են Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից:
Ադրբեջանն ինքն է պետական մակարդակով վերաբնակեցնում զավթված հայկական գյուղերը: Մասնավորապես 2002 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը մասնակցել է ԼՂՀ Շահումյան եւ Վերին Շեն հայկական գյուղերում հազար ադրբեջանական ընտանիքների բնակեցման պաշտոնական արարողությանը: Բնակեցումից հետո Շահումյանը եւ Վերին Շենը վերանվանվել են համապատասխանաբար Աշաղը Աղջաքենդ եւ Յուխարը Աղջաքենդ: Այս մասին ժամանակին գրել է Բավքի «Էխո» թերթըՙ 2002 թ. սեպտեմբերի 10-ի եւ 14-ի համարներում:
Մինչ այդ, 2001 թ. օգոստոսի 22-ի հրամանագրով, ինչպես հաղորդել է պետական «Ազերթաջ» գործակալությունը, Հեյդար Ալիեւն Ադրբեջանի փախստականների եւ տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովին պարտավորեցրել է «Գյուլիստանի տարածքի Գերանբոյի շրջանի Աշաղը Աղջաքենդ եւ Յուխարը Աղջաքենդ գյուղերում վերականգնել ավերված 1400 բնակելի տները», դրանցում վերաբնակեցնելով ադրբեջանցիներին: Նույն թվականի օգոստոսին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 18 մլն դոլար է տրամադրել Շահումյանում եւ Վերին Շենում ադրբեջանցիների բնակեցման համար:
Հայկական կողմի պնդումները, որ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերաբնակեցում չի իրականացվում պետական մակարդակով, ցավոք, համապատասխանում են իրականությանը: Հայաստանը ելնելով իր եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունից, առնվազն պետք է ձեռնարկեր ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ընկած բուն հայկական հողերը վերաբնակեցնելու գործը: Այդ տարածքները, ինչպես եւ ԼՂԻՄ-ը, Ադրբեջանի ենթակայության տակ են անցել 1923-1930 թթ.: Այսպես, այսօրվա Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Քաշաթաղ) եւ Ղուբաթլուի (Քաշունիք) շրջաններն ամբողջությամբ ու Ջեբրաիլի շրջանի մի հատվածը մտցվել են 1923 թ. ձեւավորված «Կարմիր Քուրդիստանի» մեջ, իսկ վերջինիս վերացումից հետո 1929 թ.ՙ բռնակցվել Ադրբեջանին:
Այնպես որ, Հայաստանը եւ Ղարաբաղը, հաշվի առնելով անվտանգության գործոնը, պետք է ջանային այդ տարածքները վերաբնակեցնել: Հիշենք, որ 1988-1992 թթ., երբ հայկական եւ ղարաբաղյան ուժերը չէին ազատագրել Լաչինը եւ բացել «կյանքի ճանապարհը», Լաչինը, Քելբաջարը, Ղուբաթլուն դարձել էին ադրբեջանական զինված խմբավորումների հենակետեր: Այսօր տեղի՞ն է այդ տարածքներից հեռացած ադրբեջանցի (իրականում ոչ թե ադրբեջանցի, այլ քրդեր, որոնք տասնամյակների ընթացքում ձուլվել էին) բնակչությանը համարել տեղահանվածներ, երբ նրանց առնվազն մի հատվածը մասնակցել է Ղարաբաղի եւ Հայաստանի Գորիսի շրջանի դեմ զինված հարձակումներին, հարյուրավոր հայերի սպանությանը:
Վերադառնալով ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով հանձնաժողովի հրապարակած փաստաթղթին, նկատենք, որ դրանում կա նաեւ Հայաստանի համար խիստ անընդունելի առնվազն մեկ կետ: Այսպես, 11-րդ հոդվածում ասվում է, որ Ադրբեջանում «մեծ քանակությամբ փախստականների եւ ներքին տեղահանվածների առկայությունը Հայաստանի հակամարտության արդյունք է»: Այսինքնՙ ՄԱԿ-ի հանձնաժողովը որպես հակամարտության կողմեր է համարում Հայաստանին եւ Ադրբեջանին: