«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՆՈՐ ՀԱՐՎԱԾ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆԻՆ

Իտալական բանկը դուրս է գալիս նավթատարի նախագծից

Իտալիայի ամենախոշորՙ «Բանկա ինտեսա» բանկը 60 մլն դոլար արժողությամբ իր մասնաբաժինը վաճառելու եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարի շինարարության ծրագրից դուրս գալու որոշում է ընդունել: Բաքվի «Էխո» թերթը, վկայակոչելով բրիտանական «Ֆայնենշլ թայմսին», հաղորդում է, որ իտալական բանկի նման որոշման պատճառը տարբեր ռիսկերն են, այդ թվումՙ հեղինակության հետ կապված:

Մյուս կողմիցՙ ԲԹՋ-ի հակառակորդներն իրենց տարածած մամլո հաղորդագրության մեջ նկատում են, որ «Բանկա ինտեսայի» «հրաժարումը «Բրիտիշ փեթրոլիումի» համար նշանակում է աղետ, քանի որ խողովակաշարի կենսունակությունը կախված է մասնավոր ֆինանսավորումից»: «Բանկա ինտեսային» մտահոգում են ԲԹՋ-ի անվտանգության, մասնավորապես խողովակաշարի հավանական կոռոզիայի հարցերը: Իտալական բանկը մտահոգություն ունի, որ այդ պատճառով հնարավոր են նավթի լուրջ արտանետումներ:

Սա վերջին օրերին ԲԹՋ-ի ստացած միակ հարվածը չէ: Հիշեցնենք, որ անցնող շաբաթ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի առեւտրի եւ արդյունաբերության հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ, որոնց ընթացքում խիստ քննադատություններ հնչեցին «Բրիտիշ փեթրոլիումի» (խողովակաշարի ամենամեծ փայատերն է) հասցեին: Միեւնույն ժամանակ բրիտանացի խորհրդարանականները մտահոգություն հայտնեցին «անհաջողության ենթարկվող» խողովակաշարի մասին:

Բրիտանական «Սանդեյ թայմսը» գրեց, որ ԲԹՋ-ի շինարարությունը կարող է կանգնեցվել անորոշ ժամանակով: Թերթը, հիշեցնելով խորհրդարանում ընթացող լսումների մասին, կարծիք հայտնեց, որ «Բրիտիշ փեթրոլիումի» նկատմամբ կարող են կիրառվել լուրջ ֆինանսական տուգանքներ, չհաշված այն, որ ընկերությանը հարկ կլինի բացատրություն տալ նավթատարի շինարարությանը մասնակցող վարկատու ընկերություններին, այդ թվում Համաշխարհային բանկին եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին:

Բրիտանական մեկ այլ ազդեցիկ օրաթերթՙ «Գարդիանը» գրեց, որ ամերիկյան խորհրդատվական «Ուորլդ Փարլսոն» ընկերությունը հետազոտել է ԲԹՋ-ն եւ միայն կառուցված խողովակաշարի վրացական հատվածում հայտնաբերել 1265 թերություն: «Գարդիանի» պնդումով, անմխիթար է վիճակը նաեւ խողովակաշարի ադրբեջանական հատվածում: Ադրբեջանական հատվածում խողովակաշարի շինարարությունը գրեթե ավարտված է, Վրաստանում ավարտվում է, իսկ Թուրքիայում շարունակվելու է մինչեւ գարուն:

«Բրիտիշ փեթրոլիում-Ադրբեջան» ընկերության մամլո քարտուղար Թամամ Բայաթլին ադրբեջանական «Մեդիա պրես» գործակալությանն ավելի վաղ ասել էր, որ ԲԹՋ-ն աշխարհի ամենաստուգված ծրագրերից է, շինարարությունն արվում է ամենաբարձր մակարդակով, խողովակաշարը պաշտպանված է կոռոզիայից: Մինչդեռ ԲԹՋ-ի հակառակորդները պնդում են, որ խողովակաշարի համար գլխավոր խնդիրը ծածկույթն է, իսկ «Բրիտիշ փեթրոլիումը» թաքցրել է կոռոզիայի վտանգի հավանականությունը:

Բաքվի «Էխոն» գրում է, որ խողովակաշարն անցնում է գետնի տակով, շահագործման ժամկետն առնվազն 40 տարի է, եւ այդ ընթացքում խողովակաշարը, ավելի ճիշտՙ եռակցված հատվածները կենթարկվեն կոռոզիայի, ինչի հետեւանքով նավթի արտահոսքը կդառնա անխուսափելի:

Անցնող շաբաթ պարզվեց, որ խողովակաշարի շինարարությունը թանկանում է ավելի քան 300 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ ԲԹՋ-ն վերջնական արդյունքում կարժենա 4 մլրդ: Այս ծրագրի ջատագովները ժամանակին նշում էին, որ ԲԹՋ-ն կարժենա ընդամենը 2 մլրդ, եւ դրանով էին արդարացնում նաեւ այս նավթատարի շինարարությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ նավթային ոլորտում մասնագիտացած «Էքսոն մոբիլ» ամերիկյան ընկերությունը հրաժարվել է օգտվել ԲԹՋ-ից:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի երկարությունը 1767 կմ է, որից 443-ըՙ Ադրբեջանի տարածքում, 248-ըՙ Վրաստանի եւ 1076-ըՙ Թուրքիայի: Խողովակաշարի տարեկան տարողունակությունը 50 մլն տոննա է, այսինքնՙ որպեսզի իր ամբողջ հզորությամբ աշխատի, անհրաժեշտ է նաեւ ղազախական նավթի մի մասը միջազգային շուկա արտահանել հենց ԲԹՋ-ով:

Ժամանակին քննարկվում էր Կասպիցի նավթը Թուրքիա տեղափոխելու համար խողովակաշարն անցկացնել Հայաստանի տարածքով, սակայն ղարաբաղյան հակամարտության պատճառով դա դարձավ անհնարին: Եթե այդ խողովակաշարն անցներ Հայաստանի տարածքով, ապա մեր երկիրը որպես տարանցիկ երկիր տարեկան կստանար (եթե խողովակաշարն ամբողջությամբ հնարավոր լիներ լցնել նավթով) լավագույն դեպքում 5 մլն դոլար, ինչը կազմում է Հայաստանի բյուջեի ընդամենը 0,8 տոկոսը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4