«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՎԱՏԻԿԱՆԸ ԵՐԿՄՏՈՒՄ Է

Վատիկանը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու առնչությամբ, բայց կաթոլիկ եկեղեցու որոշ առաջնորդների արտահայտություններում նշվում է, ըստ Ջիովաննի արք. Լախոլոյի, որ Եվրոպան պետք է ընդգրկի «Ատլանտյանից Ուրալ ընկած ամբողջ տարածքը», հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ հենվելով Վատիկանից ինտերնետի միջոցով ստացած լուրի վրա:

«Լա Ստամպա» թերթին տված երկար հարցազրույցում Վատիկանի արտաքին գործերի պատասխանատու քարտուղարը նշել է, որ եթե Թուրքիան մուտք գործի Եվրոմիություն, ապա այդ երկրի կառավարությունը ստիպված է լինելու բավարարելու այն բոլոր քաղաքական չափորոշիչները, որ մյուս երկրներն են բավարարում, դրանց թվում նաեւ կրոնի ու դավանանքի ազատությունը: Եվ այդ երաշխավորությունը «պետք է ոչ միայն ամրագրված լինի սահմանադրության եւ օրենսդրության մեջ, այլեւ պաշտպանված լինի սոցիալական բնագավառում», ավելացրել է արքեպիսկոպոսը: Նա ընդգծել է, որ կաթոլիկական «Սուրբ աթոռը չի վախենում Եվրոպայի ընդարձակումից», եւ պաշտպանել է Արեւելյան Եվրոպայի շատ երկրների դիմումները: «Որոշիչը պետք է դառնա այն, որ նոր Եվրոպան լինի խորապես համախմբված եւ ներքնապես կապակցված», ասել է նա, խորհուրդ տալով եվրոպացի առաջնորդներին «առավել մեծ ուշադրություն դարձնել» այն երկրներին, որոնք արդեն Եվրոմիությանը միանալու ցանկություն են հայտնել: Դրանց թվում նա նշել է Ռումինիան, Բուլղարիան, Խորվաթիան, Ուկրաինան, Վրաստանը եւ Հայաստանը: «Այդ երկրները համահունչ են Եվրոպայի մշակութային ավանդույթներին», եզրակացրել է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4