«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանի նոր շենքում լրագրողներին առաջին մամուլի ասուլիս տվողը Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը եղավ: Հանդիպման առիթը 2 մայրաքաղաքների 2005-2007 թվականների համագործակցության պայմանագրի ստորագրումն էր: Հանդիսավոր պայմաններում պայմանագրի վավերացումից հետո Յուրի Լուժկովը լրագրողներին ծանոթացրեց հայ-ռուսական համագործակցության մանրամասներին, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության, քաղաքաշինության ու ճարտարապետության, կրթության ու գիտության ոլորտները: Նրա բնորոշմամբ նոր պայմանագիրը մինչ այժմ եղած համագործակցության գործընթացների շարունակությունն է, այն բոլոր ջանքերի միավորումը, որ գործադրվել են մինչ այժմ 2 քաղաքների բարեկամությունը նաեւ քաղաքական տնտեսության բնագավառում ամրապնդելու համար: Այդ առումով նոր ծրագիրը մինչ այժմ եղածներից ամենախոշորն է լինելու: «Այն ուղղվելու է այն բոլոր պրոբլեմների լուծմանը, որոնք Հայաստանը կարող է լուծել Ռուսաստանի միջոցով»:

Նախնական հաշվարկներով, ծրագիրը նախատեսում է 100 մլն դոլարից ավելի ներդրումներ:

Այն բավական հետաքրքրական բաղադրամասեր է բովանդակում, ինչպիսիք են, օրինակ, Մոսկվայում առեւտրաարդյունաբերական պալատի, հյուրանոցային համալիրի ստեղծման միջոցառումները:

«2 մայրաքաղաքների համագործակցությունը հայկական առաջնահերթություններ է ունենալու, այսինքնՙ մենք ձեռնարկելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք առնչվում են ավելի շատ Հայաստանի շահերին. էքսպորտի համար ընտրվելու են, օրինակ, Հայաստանի համար ցանկալի ապրանքներ»:

Նախատեսվում է Ռուսաստանի մայրաքաղաքում ստեղծել նաեւ հայկական ապրանքների մեծածախ առեւտրի կետեր: Լուժկովը հույս հայտնեց, որ հայկական ապրանքների շրջանառությունը Մոսկվայում բավական ծանրաբեռնված կլինի, քանի որ հայ գործարարները արդեն իսկ ամրապնդված կապեր ունեն հարեւան արաբական երկրների հետ եւ նրանց եւս կարող են հրապուրել դեպի նոր ձեւավորվող շուկան:

Ապրանքաշրջանառության մակարդակը հնգապատիկ կբարձրանա

«Ապրանքաշրջանառության մակարդակը մենք կարող ենք հնգապատիկ բարձրացնել», համոզված հայտարարեց նա: Նկատենք, որ նախօրեին օդանավակայանում տված հարցազրույցի ժամանակ նա նշել էր, որ մինչ այժմ եղած կապերի շնորհիվ հաջողվել է արձանագրել ապրանքաշրջանառության մակարդակի միայն կրկնակի բարձրացում:

Կրթական ասպարեզում կապերը նույնպես բազմակողմանի ընդլայնվելու են: Հայ-սլավոնական համալսարանի ուսանողները եւ ռուսալեզու դպրոցականները կապահովվեն մեծաքանակ դասագրքերով, ուսուցիչների ու դասախոսների կատարելագործման դասընթացներ կկազմակերպվեն Մոսկվայում, հայ դպրոցականների ու ուսանողների փոխայցելություններ կլինեն եւ այլն:

Երեկ Յուրի Լուժկովը խորհրդանշական հիմնաքար դրեց Հյուսիսային պողոտայում, որի մի հատվածում Մոսկվայի քաղաքապետարանի ներդրումային ընկերությունը շինարարական աշխատանքներ կկատարի:

Վերջին անգամ Լուժկովը Երեւան էր այցելել 2003 թվականին, ՀՀ նախագահի ընտրությունների շեմին: Այն ժամանակ նրա այցելությունն ընկալվեց իբրեւ աջակցություն նախագահի ընտրարշավին: Այժմ Լուժկովի այցը համընկնում է ուկրաինական «նարնջագույն» իրադարձություններին: Հեռահար որեւէ կապ կա՞ դրանց եւ Երեւան այցի միջեւ: Կամ Լուժկովն ինչպես է գնահատում ուկրաինական իրադարձությունները, որտեղ Ռուսաստանն ակնհայտորեն մեծ շահեր ունի: Այս կարգի հարցադրումներին անգամ բարձրաձայն հնչելու հնարավորություն էլ չտրվեց: Լուժկովը տրամադիր չէր պատասխանելու քաղաքական հարցադրումների:

Աբաշիձեին երկրից դուրս հանելը Սահակաշվիլու քաղաքական անկրթությունն էր

Լուժկովի «ընկեր ու բարեկամ» Աբաշիձեի մասին լրագրողներից մեկի հարցին, այնուամենայնիվ, Մոսկվայի քաղաքագլուխը պատասխանեց. «Աբաշիձեն այժմ բնակվում է Մոսկվայում, Սաակաշվիլին նրան երկրից դուրս վռնդեց ոչ լեգիտիմ ճանապարհով: Դա քաղաքական անկրթություն էր նրա կողմից: Բայց ես չեմ կարծում, որ Աջարիայի ժողովուրդը մշտապես պիտի հանդուրժի Վրաստանի կամայականությունները»: Նա հույս հայտնեց, որ մի օր Աբաշիձեն կարող է վերադառնալ հայրենիք:

Մոսկվայի քաղաքագլխի կարծիքով, Երեւանի դիմագծում իր վերջին այցից ի վեր բավական դրական փոփոխություններ են արձանագրվել:

Անհարմար բան ստացվեց

Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի նոր ու շքեղ հարկերով Մոսկվայի պատվիրակության շրջագայության ընթացքում մի փոքրիկ տհաճ պատահար եղավ: Պաշտոնական պատվիրակության անդամներից 4-ը մնացին քաղաքապետարանի վերելակում: Խափանումը, այնուամենայնիվ, հաջողվեց կարգավորել եւ ռուս պատվիրակներին արագ հանեցին առաջին ու երկրորդ հարկերի արանքում լռված վերելակից: Ի դեպ, վերելակը հենց ռուսական արտադրության էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4