Իսկ խորհրդարանում լսումներ են կազմակերպվում նրա ընթացքը կասեցնելու մասին
Երեկ խորհրդարանում, ինչպես եւ սպասվում էր, անցկացվեցին լսումներ «Արմենտել» ՀՁ-ին ՀՀ կառավարության 1997 թվականի որոշմամբ տրված եւ այս տարվա նոյեմբերի 4-ին վերախմբագրված լիցենզիայի վերաբերյալ:
Խորհրդարանական լսումներին հրավիրվել էին խնդրին առնչվող ու դրանով շահագրգիռ մոտ 2 տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումները նախաձեռնած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն իր տարածած տեղեկանքում լիցենզիայի բազմաթիվ կետերի վերաբերյալ դիտողություններ էր արել, որոնց կետ առ կետ պատասխանեց ու պարզաբանումներ արեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հանձնաժողովին հետաքրքրում էին, օրինակ, այսպիսի հարցադրումներ` եթե «Արմենտելը» չի կատարել լիցենզիայով նախատեսված ներդրումները, ինչո՞ւ նա չի զրկվում մենաշնորհից: Կամ, օրինակ, «Հեռահաղորդակցության մասին» օրենքը եւ լիցենզիան ինչու մինչ հիմա չեն համապատասխանեցվել (ՀՀ սահմանադրական դատարանի 1999 թվականի հունվարի 27-ի որոշման համաձայն) սահմանադրական նորմերի պահանջներին: «Սահմանադրական դատարանի որոշումը թյուր մեկնաբանությունների է արժանանում: Սահմանադրական դատարանը չի ասել եւ չէր էլ կարող ասել, որ որեւէ մեկին բացառիկ իրավունքներ տալը հակասահմանադրական է», այսպիսին եղավ արդարադատության նախարարի պատասխանը:
Արդարադատության նախարարը չթաքցրեց, որ մենաշնորհային նոր պայմաններում հավանական է սակագների աճը: Չնայած «այդ սակագները հաստատվելու են կարգավորող մարմնի կողմից, եւ «Արմենտելը չի կարող կամայական սակագներ հաստատել»:
Արդարադատության նախարարի մանրակրկիտ պարզաբանումների համաձայն, ներդրումային պարտավորությունները չկատարելու համար, «Արմենտելի» դեմ բազմաթիվ դատական հայցեր են հարուցվել: Դրանք նրա վրա էժան չեն նստել:
Առաջին խոշոր հայցը եղել է 1999 թվականին, դատավարությունն ավարտվել է հաշտության համաձայնագրի կնքումով եւ «Արմենտելի» կողմից 8 մլն 250 հզ. դոլարի վճարումով: Հաջորդ դատական վեճի արդյունքը եղել է 2 մլն 700 հզ. դոլարի վճարումը: Մյուս վեճից հետո նա 1,4 մլն դոլար է վճարել Հայաստանի կառավարությանը:
Հաջորդ հայցը եղել է միջազգային արբիտրաժում, այս անգամ OTE կազմակերպությունը հակընդդեմ հայց է հարուցել ՀՀ կառավարության դեմ: Այս հարցը եւս լուծվել է հաշտության համաձայնագրով:
Պետաիրավական հանձնաժողովն արդարացի չի համարում նաեւ 250 կազմակերպությունների աշխատողներին սպառնացող գործազրկության վտանգը եւ համապատասխան հարցադրում է անում` ինչ հիմունքով են 200-250 ֆիրմաներ զրկվում օրինական լիցենզիաներից:
Սակայն խնդրի վերաբերյալ խորհրդարանական առաջին լսումները որեւէ գործնական արդյունք չարձանագրեցին: Եվ, ի դեպ, պետք չէր ակնկալել:
Դրանք կազմակերպվեցին լիցենզիայի վերախմբագրված տարբերակի հաստատումից ու նոր հաշտության կնքումից հետո, այսինքն, երբ գնացքը վաղուց գնացել էր:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հավատացնում է, որ իրենց դիտողությունները իրենք հետո կարող են ամփոփել համապատասխան օրենսդրական նախաձեռնության մեջ, որի օրինագիծ դառնալու դեպքում թիվ 60 լիցենզիան կրկին կարող է վերախմբագրվել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ