«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՑԱՆՑՈՎ

Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված այս տարվա վերջին միջոցառումը կկայանա դեկտեմբերի 18-23-ը: Դա կլինի չորս երկրներիՙ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հավաքականների միջեւ ինտերնետ ցանցով անցկացվելիք յուրօրինակ մրցաշար, որն առաջին անգամ է կազմակերպվելու: Մտահղացումը շախմատային «Chess» ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանինն է: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսում Սմբատ Լպուտյանը, շախմատային ակադեմիայի խորհրդի անդամ, մրցաշարի գործադիր տնօրեն Արամ Հաջյանը եւ «Վեբ» ՍՊԸ գործադիր տնօրեն Ռուբեն Գեւորգյանը ներկայացրին մրցաշարի կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական ողջ աշխատանքը:

Մրցաշարն անցկացվելու է երկու շրջանով: Հավաքականների կազմերում ընդգրկված են չորսական շախմատիստներ, որոնք, ըստ խաղատախտակների, միեւնույն մրցակցի հետ կխաղան երկուական պարտիաՙ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Ընդ որում հավաքականներում ընդ-գրկված բոլոր շախմատիստները, բացի ֆրանսիացի Քրիստիան Բաուերից, մասնակցել են շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադային: Այնպես որ թիմերը բավական ուժեղ կազմ են հավաքել եւ, անկասկած, մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ կլինի: Ամենաբարձր միջին վարկանիշն ունի Ռուսաստանի հավաքականը (2688), որի կազմում են Պյոտր Սվիդլերը (2735), Ալեքսանդր Դրեեւը (2698), Ալեքսանդր Խալիֆմանը (2669), Վադիմ Զվյագինցեւը (2650): Միջին վարկանիշով 2-րդը Ֆրանսիայի ընտրանին է (2627), որում, ըստ խաղատախտակների, հանդես կգան Ժոյել Լոթյեն, Լորենս Ֆրեսինետը, Քրիստիան Բաուերը եւ Ալեքսանդր Նատաֆը:

Հայաստանի հավաքականը ֆրանսիացիներին զիջում է ընդամենը մեկ կետով (2626): Մեր ընտրանին գլխավորում է Լեւոն Արոնյանը (2675): Երկրորդ խաղատախտակին կխաղա Սմբատ Լպուտյանը (2634): Թիմի կազմում են նաեւ Գաբրիել Սարգսյանը (2611) եւ Արտաշես Մինասյանը (2584): Չինաստանի հավաքականում (2596) մրցաշարին կմասնակցեն Չժանգ Չժոնգը, Բու Քյանջին, Նի Հուան եւ Յու Վանգը:

Հայաստանի հավաքականը հանգրվանելու է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ անցկացնելու է իր մրցախաղերը: Պարտիաների ընթացքը կցուցադրվի ցուցատախտակներին: Գործելու է մրցաշարի վեբ-կայք www.petrosian2004.com հասցեով, որով հնարավոր կլինի հետեւել չորս երկրների հավաքականների միջեւ անցկացվող մրցախաղին: Հանդիպումները սկսվելու են Երեւանի ժամանակով ժամը 15.00-ին: Ռուսաստանի հավաքականը գտնվելու է Սանկտ Պետերբուրգում, ֆրանսիացիներըՙ Կլիշնիա քաղաքում, իսկ չին շախմատիստներըՙ Բենջինում: Յուրաքանչյուր երկրից մեկական մրցավար է գործուղվելու այդ քաղաքներ: Հայաստանը ներկայացնող Աշոտ Վարդապետյանը կգտնվի Ֆրանսիայում, իսկ Հայաստանում մրցումների ընթացքը կվերահսկի չին մրցավար Լին Պֆենգը:

Մրցաշարի կազմակերպմանն աջակցում են Հայաստանի կառավարությունը, շախմատի հանրապետական ֆեդերացիան եւ մի շարք հովանավորներ, որոնց շնորհիվ էլ գոյացել է 55 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամը: Այդ գումարից 20 հազարը կհանձնվի մրցաշարի հաղթողին: 2-րդ մրցանակակիրը կստանա 15 հազար դոլար, 3-րդ եւ 4-րդ մրցանակակիրները կպարգեւատրվեն 12 եւ 8 հազար դոլարով: Անդրադառնալով Վլադիմիր Հակոբյանի բացակայությանը, Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ նա շատ էր ցանկանում մասնակցել մրցաշարին, սակայն, մեկամյա պայմանագիր ունի կնքած Քաթարի ֆեդերացիայի հետ եւ մեկ տարի գտնվելու է այդ երկրում: Կազմակերպիչները հուսով են, որ յուրօրինակ այս մրցախաղը մեծ հետաքրքրություն կներկայացնի ողջ աշխարհում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4