«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ԽՆԱՅՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿՆՈՐՈԳՎԻ ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐԸ

Իսկ նոր ծրագրովՙ եւս 46 ջրամբարներ

Ջրամբարների պատվարների անվտանգության առաջին ծրագրի իրականացման ժամանակ խնայվեց բավականին խոշոր գումարՙ շուրջ 9 մլն դոլար կամ այդ նպատակով տրամադրած 30,3 մլն դոլար (26,7մլն դոլարը Համաշխարհային բանկի տրամադրած վարկն է) ընդհանուր գումարի շուրջ 30 տոկոսը: Խնայված գումարով նորոգվելու է շուրջ 30 տարի առաջ կառուցված, բայց այդպես էլ չշահագործված Հայաստանի խոշոր ջրամբարներից մեկըՙ Մարմարիկի ջրամբարը: Այդ մասին հայտնեց ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Նա նշեց, որ ջրամբարն, ըստ էության, չի աշխատել, որովհետեւ երբ որ ջուրը լցվել է, նույն օրը փլուզվել է: Խորհրդային տարիներին նախատեսված էր այստեղ 36 մլն խմ ջուր կուտակել: Ջրամբարի շինարարությանը չխանգարելու համար ժամանակավոր թունել է կառուցվել, որով փոխվել է գետի հունը, եւ որը պետք է դադարեր շահագործվել ջրամբարի շինարարությունից հետո: Սակայն ուսումնասիրություններից պարզվել է, որ թունելը բավականին անորակ է կառուցվել եւ եթե փլվի, ապա գետի ջրերը կհոսեն մինչեւ Երեւան, հսկայական վնասներ պատճառելով:

Ըստ Ադիբեկ Ղազարյանի, ջրամբարը վերականգնելու երկու տարբերակ կար: Քանդել պատվարը կամ նորոգել ջրամբարը: Առաջին դեպքում դա կարժենար 5-6 մլն դոլար: Երկրորդ տարբերակը 36 մլն խմ-ի փոխարեն 24 մլն խմ տարողությամբ ջրամբար կառուցելն էր, որի համար անհրաժեշտ էր 8-9 մլն դոլար: Եթե անվտանգության խնդիրներից բացի, նկատի առնվի տնտեսական արդյունքը, որը կստանա երկիրը 24 մլն խմ տարողությամբ նոր ջրամբար ունենալով, ապա պարզ է, որ առավել նպատակահարմար է երկրորդ տարբերակը, որին Համաշխարհային բանկը նույնպես հավանություն տվեց: Արդյունքում ներկայումս Մարմարիկի ջրամբարում արդեն նախագծային աշխատանքներ են ընթանում, որոնք գրասենյակի տնօրենն ակնկալում է, որ մինչեւ մարտ-ապրիլ ամիսը կավարտվեն: Իսկ շինարարությունը հավանաբար կավարտվի դրանից երկուսուկես-երեք տարի հետո: Մեր զրուցակիցը այս կառույցը կարեւորեց նաեւ այն առումով, որ բացի անվտանգությունից եւ տնտեսական արդյունավետությունից, ջրամբարը որոշակիորեն թեթեւացնում է Սեւանի հոգսը:

Ծրագիրը սկսվեց 2000 թ. եւ կոչված էր ապահովելու ջրամբարների տեխնիկական անվտանգությունը: Դրա գլխավոր նպատակն էր մարդկանց, հատկապես ջրամբարների մոտ ապրողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելը: Երկրորդը ջրամբարների փլուզման դեպքում ֆինանսական հնարավոր ահռելի կորուստներից խուսափելն էր: Հայաստանի բոլոր 80 ջրամբարները (որոնցից 74-ն օգտագործվում է ոռոգման, 6-ը էներգետիկ նպատակներով) ուսումնասիրելուց հետո ընտրվեցին 20 առավել վտանգ ներկայացնողները: Դրանք վերջին 10-15 տարիներին գրեթե չէին շահագործվում եւ աստիճանաբար քայքայվում էին: Բացի այդ, միջազգային մասնագետները պարզեցին նաեւ, որ այսպես կոչված վթարային ջրթողները, որտեղից վարարումների ժամանակ դուրս է հոսում ջրի ավելցուկը, չէին համապատասխանում չափանիշներին: Դա նշանակում է, որ ջուրը կարող է լցվել ջրամբարը այնքան, մինչեւ ծածկի պատվարը եւ դուրս թափվի, փլուզում առաջացնելով: Ադիբեկ Ղազարյանը հիշեցրեց 1994 թ. տեղի ունեցած Արթիկի ջրամբարի փլուզումը, որը չնայած փոքր տարողություն ուներ եւ ընդամենը 1 մլն խմ ջուր էր կուտակում, բայց 4 մարդու կյանք խլեց եւ մեծ ֆինանսական կորուստներ պատճառեց: Ավերածություններն ու կորուստներն այստեղ ավելի մեծ կլինեին, եթե ջուրը չթափվեր ավելի ցածր վայրում գտնվող Վարդաքարի ջրամբարը:

Բացի 20 ջրամբարների պատվարների եւ այլ հիդրո-տեխնիկական կառույցների նորոգումից, վերականգնվեց դրանց շուրջ գտնվող բնակավայրերում անվտանգության ահազանգման համակարգը: Դա ամբողջ աշխարհում կաՙ շչակների, կապի հատուկ միջոցների եւ այլ ձեւերով: Երեւանում ստեղծվել է կենտրոն, որը կապ ունի յուրաքանչյուր ջրամբարի հետ: Բոլոր գյուղերում ներկայումս տեղադրված են ազդանշանային համակարգերը:

Առաջին ծրագրի ավարտից հետո մրցույթ հայտարարվեց մնացած 60 ջրամբարներն ուսումնասիրելու համար: Անգլիական «Գիբ» ընկերությունը ուսումնասիրեց եւ նրա եզրակացությունների հիման վրա ընտրվեցին 27 ջրամբարներ, որոնք լուրջ թերություններ ունեին: Եվս 19 ջրամբարներում հայտնաբերվեցին մասնակի թերություններ: Դրանք ներկայացվեցին Համաշխարհային բանկինՙ նոր ֆինանսավորում ստանալու նպատակով: Քանի որ առաջին ծրագրում մեծ տնտեսումներ էին կատարվել, ապա մտավախություն կար, որ ՀԲ-ն կարող էր գումարներ չտրամադրել: Այդուհանդերձ, ներկայացվեց 7 մլն դոլարի ծրագիրը, հիմնականում կապված Կեչուտի ջրամբարի, ինչպես նաեւ մնացած 60 ջրամբարներից 46-ի հետ, Համաշխարհային բանկը հաստատեց: Կեչուտի ջրամբարից բացի, ծրագրով ջրամբար շահագործող կազմակերպությունների համար տեխնիկական ապահովության (էքսկավատորներ, կռունկներ, եռակցման սարքավորումներ եւ այլն), արտակարգ իրավիճակների վարչության համար կապի համակարգի ապահովման խնդիրներն էլ ընդգրկվեցին: Այս ծրագրով, Ադիբեկ Ղազարյանի հավաստմամբ, փաստորեն կլուծվեն Հայաստանում գործող բոլոր ջրամբարների խնդիրները, եւ երկար ժամանակ դրանք նորոգման անհրաժեշտություն չեն ունենա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4