«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2004-12-02 | #217, 2004-12-03 | #218, 2004-12-04


ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՋՈՐՋ ԵՎ ՔԵՐՈԼԱՅՆ ՆԱՋԱՐՅԱՆՆԵՐԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ

Դժբախտաբար երկար է շարքը Հայաստանում սփյուռքահայ բարերարներին ու ներդնողներին խաբելու, տարբեր մեքենայություններով նրանց գումարներն ու ունեցվածքը հափշտակելու, մեկ խոսքովՙ «քցելու» դեպքերի: Այս անգամ դրան զոհ են գնացել Բոստոնից հայտնի բարերարներ, դեռեւս 1988 թ.-ից Գյումրիում, այնուհետեւ Արցախում եւ ընդհանրապես ողջ Հայաստանում մարդասիրական իրենց գործունեությամբ հայտնի Ջորջ եւ Քերոլայն Նաջարյան ամուսինները: Երեկ «Ազգը» ստացավ նրանց ընդարձակ բաց նամակն ուղղված «զանգվածային լրատվական միջոցներին եւ Հայաստանի ու Մ. Նահանգների հասարակայնությանը»: Նամակում, դժբախտաբար առանց անուններ տալու, Նաջարյանները պատմում են, թե ինչպես են Ձորագյուղի Ազգագրական կենտրոնի տարածքում գնել 2 հողատարածք, որոնք հետագայում, իրենց բացակայությամբ, ուրիշների է վաճառել իրենց վստահությունը չարաչար շահագործած մի անձնավորություն: Բնականաբար, բարերարները դիմել են արդարադատությանը, որը, ինչպես հաճախ է պատահում մեր երկրում, չի գտնվել պահանջված բարձրության վրա, ձգձգել է հարցի քննությունը: Այդ ընթացքում Նաջարյանները իրազեկ են դարձել, որ, ինչպես շատ հաճախ է պատահում, «գործի» մեջ են նաեւ պաշտոնական անձինք եւ նույնիսկ կառավարության մի անդամ...

Այժմ Նաջարյաններն իրավամբ մատնանշում են, որ Հայաստանում իրենք չեն գտել օբյեկտիվ եւ արդար իրավական համակարգ, այլ ընդհակառակըՙ կոռումպացված մի համակարգ, որը հեռու է վանում Հայաստանում թե Արցախում ներդրում կատարելու պատրաստ մարդկանց, այդ թվում իրենցՙ 16 տարվա բարերարություններով հայտնի Նաջարյան ամուսիններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4