Երեկ երեկոյան Երեւանի արժույթի փոխանակման կետերում գրանցվեց ամերիկյան դոլարի հերթական անկումը հայկական դրամի նկատմամբ: Եթե օրվա ընթացքում փոխանակման կետերում 1 դոլարը գնում էին 490 դրամով, վաճառում 494-ով, ապա երեկոյան 6-ից հետո 1 դոլարի դիմաց լավագույն դեպքում տալիս էին 485 դրամ եւ 1 դոլարը վաճառում 492 դրամով: Դոլար-դրամ հարաբերակցությունն այսպիսին է եղել 7 տարի առաջՙ 1997 թ.: Այդ տարի դրամ-ԱՄՆ դոլար անվանական միջին տարեկան փոխարժեքը կազմել է 490 դրամ: Ինչպես յուրաքանչյուր տարվա նախօրեին, այնպես էլ այս տարվա դեկտեմբերից սկսվեց անկում ապրող դոլարի սրընթաց վայրէջքը հայկական դրամի նկատմամբ, ինչը, սակայն, ի տարբերություն որոշ տնտեսագետների պնդումների, չի նշանակում դրամի արժեւորում: Համենայն դեպս, դոլարի արժեզրկումն առաջին հերթին վնասում է Հայաստանի այն բնակիչներին, որոնք գոյատեւում են դրսում բնակվող իրենց հարազատների ուղարկած գումարների հաշվին: Իսկ դրանց թիվը բավականին մեծ է: