«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԼՍՈ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Թանգարանի բացումն անձամբ կատարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Դեկտեմբերի 5-ինՙ կիրակի օրը, հանդիսավոր պայմաններում բացվեց Պոլսո Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի թանգարանը: Բացման արարողությանը հիվանդանոցի ղեկավարության, բարերարների, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի գլխավորությամբ պոլսահայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ անմիջականորեն մասնակցել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նույն օրը երեկոյան գլխավոր ինֆորմացիոն ծրագրի թողարկման ժամանակ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի «Հայկական թանգարանի» բացմանն արձագանքեց թուրքական հանրային հեռուստատեսությունըՙ հեռարձակելով բացման վերաբերյալ բավականին ընդարձակ տեսանյութ: Հաջորդ օրն առավոտյան կրկնվեց անդրադարձը: Անդրադարձի առումով թուրքական հեռուստատեսությանը միացան գրեթե բոլոր թերթերը, ինչպես նաեւ «CNN-Turk»-ը: Ընդ որում այդ թերթերից «Միլիեթը», «Սաբահը», «Ռադիկալը» բացման արարողությանը վարչապետ Էրդողանի մասնակցությունն ընթերցողին ներկայացրին որպես առաջնորդող լուր:

Անկախ նպատակներից, թանգարանի բացմանը Էրդողանի մասնակցությունը միանգամայն ողջունելի է, որը դրականորեն կանդրադառնա ոչ միայն Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հետագա գործունեության, այլեւ երկրում պոլսահայ համայնքի դրության վրա: Համենայն դեպս, թանգարանի բացման համար Սբ. Փրկիչ հիվանդանոց ժամանող Էրդողանն իր ելույթում ներկաներին հիշեցրել է, որ պատմական այս հաստատությունը սուլթան Մահմուդ Երկրորդի հրովարտակով 172 տարի առաջ հիմնադրել են հայերը, ապա նա անդրադարձել է թանգարանինՙ ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով կտեսնի թանգարանում ցուցադրվող նմուշները, այլեւս չի կարող ծուռ աչքով նայել համատեղ սինթեզի արդյունքը հանդիսացող այն պատմությանը, որը մենք կերտել են միասին: Սա իմ հոգու խորքում մարդասիրության թանգարան է նաեւ: Մենք, որպես այս երկրի հարազատ զավակներ, դարեր շարունակ վստահության եւ խաղաղության մթնոլորտում ապրել ենք համատեղ: Մեր գրականությունը, ճարտարապետությունը, ստեղծած մարդկային արժեքները, առեւտրական գործունեությունը, երգերն ու խոհանոցները սերտաճել են: Դուք Անատոլիայի յուրաքանչյուր բնակավայրում կամ Քափալըչարշըի ոսկերիչներից կլսեք. «Վարպետը հայ է» արտահայտությունը: Ինչո՞ւ, որովհետեւ հայերը որպես արհեստավորներ, շատ բան են տվել: Ներկա պահին միմյանց իրավունքը քաղաքացիության գիտակցությամբ բարեկամաբար պահպանում ենք եւ մինչեւ հավերժություն պահպանելու ենք: Ցավոք, ժամանակակից աշխարհում մարդկության համատեղ ընդհանրությունների փոխարեն շատ տարբերություններն են կարեւորվում»:

Միաժամանակ Էրդողանն ակնարկելով Եվրոմիության երկրների մասին, նշել է, որ համամարդկային տիեզերական արժեքները կարելի է զարգացնել ոչ թե քաղաքակրթությունների զանազանությունները վերացնելով, այլ պահպանելով: Որպես զարգացման օրինակ նա բերել է Մահմուդ Երկրորդի հրովարտակով ստեղծված Սբ. Փրկիչ հիվանդանոցը եւ ասել, որ իր նախնիները հիվանդանոցի կառուցման որոշում կայացնելիս եւ բժիշկները հիվանդներին բուժելիս որեւէ տարբերություն մարդկանց միջեւ չեն դրել: Էրդողանը կոչ է արել մարդկանց մոտենալ բժշկի նրբանկատությամբ:

Թուրքիայի վարչապետը հիվանդանոցի վարչական խորհրդի նախագահ Սեդրակ Թոքաթի ու փոխնախագահ Պետրոս Շիրինօղլուի հաղորդագրություններից կատարել է հետեւյալ մեջբերումը. «Մենքՙ Թուրքիայի հայերս, հավատարիմ ենք մեր պետությանն ու ժողովրդին: 33 եկեղեցիներով եւ 13 դպրոցներով բարեկեցիկ կյանք ենք վարում այստեղ: Ինչո՞ւ փոքրամասնություն լինենք այն երկրում, որի քաղաքացիներն ենք: Որպես այս երկրի զավակներ պատրաստ ենք ամեն ինչ անել»:

Մեջբերումից հետո Էրդողանն ասել է. «Սրանք այն արտահայտություններն են, որոնք բնորոշ են ինչպես Թուրքիային, այնպես էլ մեր անքակտելի մասը կազմող հայ քաղաքացիներին: Ահա այս թանգարանում ամեն մի նմուշ փաստագրում է մեր համատեղ անցյալը: Ես որպես երկրի վարչապետ իմ պարտքն եմ համարում պաշտպանել մեր հայ եւ մյուս քաղաքացիների իրավունքները, նրանց հետ լինել ուրախության եւ տխրության պահերին»:

Ի դեպ, թանգարանի բացմանը Սբ. Փրկիչ հիվանդանոց ժամանող Էրդողանին դիմավորել են Մութաֆյան պատրիարքը, հիվանդանոցի վարչական խորհրդի նախագահն ու փոխնախագահը, բուժական անձնակազմը եւ բազմաթիվ այլ հյուրեր: Մութաֆյան պատրիարքն Էրդողանին բացատրություններ է տվել թանգարանում ցուցադրվող նմուշների մասին, որոնց մեջ է 1840 թ. սուլթանական այն հրովարտակը, որը արգելում էր առանց պատրիարքի թույլտվության զինվորական թե պալատական որեւէ մեկի մուտքը հիվանդանոցի տարածք:

Թանգարանից հետո վարչապետ Էրդողանն այցելել է հիվանդներին, իսկ վերջում Թուրքիային բերած նպաստի համար շնորհակալություն է հայտնել հայ քաղաքացիներին: Նա ասել է. «Տեսնենք, թե այստեղից աշխարհին հղած ուղերձն ինչպիսի արձագանքի կարժանանա: Տեսնենք, թե աշխարհի լրատվամիջոցներն ինչպես են ընկալելու քաղաքակրթությունների օրրան Ստամբուլում հաստատված մեր բարեկամությունը: Մենք շարունակելու ենք զարգացնել, տարածել եւ պահպանել այն արժեքները, որոնք իբրեւ ժառանգություն մեզ են հասել: Սրտանց ողջունում եմ ձեզ: Հետեւելով իմ սրտի ձայնին, միաժամանակ բացականչում եմ. «Կեցցե՜ մեր միասնությունը այս հողերում, կեցցե՜ մարդկության համար օրինակ հանդիսացող մեր քաղաքակրթությունը, կեցցե՜ Թուրքիայի Հանրապետությունը: Ես ձեզՙ այսպիսի արժեքներ ստեղծող հարգելի քաղաքացիներիդ, իմ երկրի, իմ ազգի անունից վերստին շնորհակալություն եմ հայտնում: Շնորհակալություն նաեւ հիվանդանոցում բուժվող հիվանդների անունից: Ամեն ինչ հանուն Թուրքիայի»:

Այս ամենի մասին դեկտեմբերի 6-ի համարում տեղեկացնում է կառավարամետ «Ենի շաֆաք» թերթը: Ի դեպ, այս թերթի նյութը նույնպես առաջնորդող լուր է եւ մյուսների համեմատՙ ամենաընդարձակը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4