«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԻՆ»

Հենրիկ Իգիթյանը մեկնեց Փարիզ ոչ տուրիստական ուղեւորության, այլՙ աշխատելու: Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք մեզ շռայլություն էինք թույլ տալիս տուրիստական շրջագայությունների գնալու: Այդ թվում նաեւ ինքըՙ Հենրիկ Իգիթյանը: Հիմա առավել եւս գործնական կամ պաշտոնական այցեր են լինում միայն: Մեզ համար աշխատանքը ամենօրյա ու ամենժամյա է դարձել: Նաեւՙ Հենրիկ Իգիթյանի համար: Եվ քանի որ, անկախ տարիքից, ամեն մեկը պետք է անի իր գործը, ապա Հենրիկ Իգիթյանը Փարիզ գնաց նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար:

Եկող տարինՙ 2005 թվականը Ֆրանսիայում «Հայկական մշակույթի եւ արվեստի տարվա» շրջանակներում «աշխարհի կենտրոնում»ՙ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, հրավիրվելու են հայկական մշակույթի բազմաթիվ ճանաչված անձինք եւ Հայաստանից, եւ սփյուռքից: Ճակատագրի բերումով աշխարհի հարյուրավոր երկրներում ապրող բազմահազար գրողներ, նկարիչներ, երաժիշտներ ունենք: Այս մարդկանց թիվը վերջին տարիներին դժբախտաբար ավելացել է: Սակայն գուցե սա նաեւ բարեբախտութո՞ւն է... Մեզ մոտ, մեր երկրում, որի պետական բյուջեի միայն մեկ տոկոսից էլ պակաս մասն է հատկացվում մշակույթին, արվեստի մարդը հասարակությանը ներկայանալու մեկ տոկոսանոց հնարավորություն ունի: Ուստի բնական են արվեստի մարդկանց երթուդարձերը: Աստված տա, որ մենք մեր մեջ ուժ գտնենք սոսկ երթուդարձ ապահովելու համար, այլ ոչ թե մնաս բարով ասենք անվերադարձ մեկնող գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, անգամՙ դարբնին ու գորգագործին: Այս իմաստով Հենրիկ Իգիթյանն անուղղելի լավատես է, թեեւ հիանալի գիտե մեր պատմությունը:

- Մեր դաժան պատմությունը մեզ դժվար ապրելու արվեստին է սովորեցրել,- ասաց Հենրիկ Իգիթյանը: - Մենք միշտ էլ դժվար ենք ապրել: Եթե այդ դժվարությունը մեզ դրսից չի թելադրվել, մենք ենք մեզ համար այդպիսի դժվարություններ ստեղծել: Այս գործում վարպետ ենք: Սա մեր նկարագիրն է, որը չգիտեմ ինչով բացատրել: Այո, մեր պատմությունը մեզ բաժանել է հայրենիքի եւ սփյուռքի: Բայց մենք պիտի գիտակցենք, որ մեկ ազգ ենք եւ մեկ մշակույթ ունենք: Չէ, ես սա չեմ ասում այն իմաստով, թե ինչպես անցկացրինք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջոցառումը:

Ֆրանսիայում անցկացվելիք «Հայկական մշակույթի եւ արվեստի տարվա» միջոցառումներին հրավիրված են Մատենադարանը եւ Ազգային պատկերասրահը: Անշուշտ, մենք դարավոր մշակույթ ունենք եւ Մատենադարանն ու Ազգային պատկերասրահը «արվեստների մայրաքաղաքում» ներկայացնելու շատ բան ունեն: Բայց սոսկ դարավոր արժեքները քիչ կլինեն հավանաբար: Հենրիկ Իգիթյանին զարմացնում է այն, որ պատվիրակության կազմում նախատեսված չեն Հայաստանի պատմության թանգարանի եւ գեղագիտության կենտրոնի (որի կազմում են մանկական եւ արդի արվեստի թանգարանների) ցուցանմուշները:

Իհարկե, այս ամենը կարելի է բացատրել նրանով, որ ամենաբարձր իշխանական շրջանակներում, նաեւՙ նախագահականում չկան պրոֆեսիոնալ խորհրդականներ մշակույթի հարցերով: Եվ եթե մենք Փարիզում եւ Ֆրանսիայի մյուս քաղաքներում պիտի ներկայացնենք հայ մշակույթն ամբողջությամբ, ապա անչափ տարօրինակ պիտի լինի ներկայացումը առանց արդի հայ մշակույթի արժեքների: Մենք առանց երկնչելու կարող ենք ներկայանալ վերջին տասնամյակների մեր հզոր նկարիչներիՙ Մինասի, Վրույր Գալստյանի, Աշոտ Հովհաննիսյանի կտավներով: Ժամանակակից համաշխարհային գեղանկարչությունն առանց մեր այս նկարիչների անպայման թերի կլիներ:

Հենրիկ Իգիթյանն անչափ կարեւորում է այս պարագան: Գաղտնիք չէ, որ շատ ազգեր ու ժողովուրդներ այսօր մշակույթի էլիտայում չկան, եթե անգամ նրանք դարեր ու հազարամյակներ առաջ ստեղծել են մշակութային սքանչելի արժեքներ: Դժվար է չհամաձայնել Իգիթյանի հետ: Հին հարստություններով (եթե անգամ այդ հարստությունները ժամանակներ առաջ են ստեղծվել եւ անգամ այսօր զարմացնում են իրենց անկրկնելիությամբ) ներկա ժամանակում գերադասվել չես կարող: Իսկ մենք այսօր էլ ունենք հզոր մշակույթ: Կարեւոր չէ, դա ստեղծվում է այստեղՙ Հայաստանում, թե օտար երկրում, ուր ստեղծագործել են ու շարունակում են ստեղծագործել հայ արվեստագետները:

Ոչ միայն Ֆրանսիային, այլ աշխարհին այսօր հիացնում է Շառլ Ազնավուրի երգը, Անրի Վերնոյի կինոն, Դավիթ Երեւանցու քանդակը: Մեր անկրկնելի Արշիլ Գորկին ու Վիլյամ Սարոյանը սոսկ ամերիկյան իրականություններ չեն: Մեր անզուգական Հասմիկ Պապյանին հրավիրում են աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոնները եւ բնավ կարեւոր չէ, որ այս չքնաղ երգչուհին ներկայացնում է իտալական օպերան... Համաշխարհային ճանաչման արժանացած էլի անուններ կարող ենք թվարկել: Սակայն այսօր խնդիրը սոսկ անուններ նշելը չէ: Մենք պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել հայ արդի մշակույթն ամբողջությամբ, անկախ այն բանից, թե որտեղ է ապրում եւ ստեղծագործում հայ արվեստագետը:

Հենրիկ Իգիթյանը համոզված է, որ մենք ի վերջո պետք է ձերբազատվենք «Հայաստանի մշակույթ» եւ «սփյուռքահայ մշակույթ» հասկացություններից: Եվ դրա համար պետք է ոչ միայն խոսել, պետք է ոչ միայն թերի, կիսատ-պռատ փառատոններ եւ ժամանակավրեպ այլ միջոցառումներ կազմակերպել, այլեւ մշակել ու իրագործել մշակութային համապարփակ ծրագիր, մշակութային քաղաքականության գոնե հիմնադրույթները ներկայացնել: 15 տարուց ավելի այս մասին ենք խոսում, գրում, բայց ինչպես տեսնում ենք այդ քաղաքականությունը դեռեւս հստակեցված չէ: ՀՀ մշակույթի նախարարությունը գոնե այս մասին պետք է մտածեր եւ գոնե առաջին քայլերն աներ կամ նախաձեռնողը լիներ: Բայց կա այն, ինչ կա, այսինքնՙ որեւէ հուսադրող բան չկա:

Ամեն դեպքում հուսանք, որ Ֆրանսիայում «Հայկական մշակույթի եւ արվեստի տարին» շատ բանով հաճելի անակնկալ կլինի ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ հայերիս համար: Այս «տարվա» կազմակերպման նախանձախնդիրներից է նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի մշակութային հարցերով խորհրդական տիկին Վալերի Տերանովան: Այնպես որ, ֆրանսիացիները լրջորեն են նախապատրաստվում մշակութային այս միջոցառմանը:

... Հենրիկ Իգիթյանը Փարիզ մեկնեց դեկտեմբերի 1-ին: Սակայն ոչ սոսկ «Հայ մշակույթի եւ արվեստի տարվա» նախապատրաստական աշխատանքների համար:

- Ես Մինասի մասին շատ լուրջ գրքի վրա եմ աշխատում,- ասաց Իգիթյանը: - Մինաս, Վրույր, Աշոտ Հովհաննիսյան («Դեղձ»): Այս երեքի մասին, գումարածՙ արդի արվեստի եւ մանկական թանգարանների կատալոգները: Սրանք 2005 թվականի իմ ծրագրերն են:

Հուսով ենք, ոչ, համոզված ենք, որ Հենրիկ Իգիթյանը մեր արվեստասերներին եկող տարի եւս մեկ կամ մի քանի հաճելի անակնկալներ կմատուցի:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4