«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


105 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԳՐՎԱԾ ԵՐԳԵՐ

Զանգում, ծննդյան օրվա առիթով շնորհավորում ես, ինքը շնորհակալությունն էնպես է ասում, ասես ասի. «Լավ, իմացանք, հետո՞...»: Բա ի՞նչ պիտի անի. էդ մի հատիկ շնորհավորանքի դիմաց քո մասին երգ գրի՞: Ինքն էՙ Ռուբեն Հախվերդյանն է: Փողոցով քայլում ենք, տղաները հպարտանում ենՙ «Ռուբոն է...» (այսինքնՙ մեր ազիզ ախպերն է), աղջիկները շլանում ենՙ «Վա՜յ, Ռուբեն Հախվերդյանն է» (այսինքնՙ երանի այն կնոջը կամ աղջկան, որին համբուրել է կամ գոնե գեղեցիկ խոսք է ասել, եւ ամենագեշ աղջիկն էլ մի ակնթարթում գեղեցկացել է...): Ինքն էՙ Ռուբեն Հախվերդյանն է:

Բոլորին էլ զարմացնում է նրա էքսցենտրիկությունը: Ինձ չի զարմացնում: Գիտեմ, որ դա իր զրահն է աշխարհի դեմ, զրահ իր ներսում եղած ամենաքնքուշն ու նուրբը շղարշելու համար: Եթե ձեզ նրա վարք ու բարքը կոպիտ է թվում, անսովոր, ձեր մենակության պահերին լսեք նրա երգերը: Մեզանից այդ ո՞վ է նրա նման գեղեցիկ տեսել Երեւանի գիշերները, ո՞վ է ավելի սիրառատ «ստիխ» գրել կնոջ մասին, որպիսին տիկին Արուսի մասին գրած նրա երգն է, ո՞վ է այնպես նուրբ զգացել կնոջը, ինչպես Ռուբեն Հախվերդյանը: Մեր ժամանակներումՙ միայն մեկ-երկուսը: Ու այս «մեկ-երկուսի» մեջ իրենը ուրիշ է, իրենն էՙ Ռուբեն Հախվերդյանինը:

Բոլորս էլ գիտենք, որ այսօրվա երգերից շատերը վաղն իրիկուն մեռնելու են: 5 տարի, 25 տարի, 105 տարի հետո Ռուբեն Հախվերդյանի երգերը մնալու են, որովհետեւ ինքը մեր ժամանակի ամենաճիշտ ու ճշմարտախոս մարդկանցից մեկն է, որովհետեւ մեզ շատ է սիրում: Իր ջղային խոսքին ուշադրություն մի դարձրեք:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4