«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ԱՎԱՐՏՎԵՑ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ

Հին թշնամիները դառնում են նոր գործընկերներ

Երեկ ավարտվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Նա Անկարա էր ուղեւորվել դեկտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարարի, պաշտպանության, էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարների ուղեկցությամբ: Սա 32 տարվա ընդմիջումից հետո պետության բարձրագույն ղեկավարի մակարդակով Ռուսաստանից Թուրքիա առաջին պաշտոնական այցն է: Դա նախատեսվում էր սեպտեմբերի սկզբին, սակայն Բեսլանի ահաբեկչության պատճառով հետաձգվել է:

Այցի առաջին օրն Անկարայում նախագահ Պուտինն այցելել է Քեմալ Աթաթուրքի դամբարան, իսկ երկրորդ օրը հանդիպել է իր թուրք գործընկերոջըՙ Ահմեդ Նեջդեթ Սեզերին, որի արդյունքում ստորագրվել է «Թուրքիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության ու բազմակողմանի գործակցության խորացման մասին համատեղ հռչակագիր»: Դրա շրջանակներում կողմերը կնքել են նաեւ 6 պայմանագրեր:

Սեզեր-Պուտին հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրներ, ինչպես նաեւ Իրաքին, Աֆղանստանին, ահաբեկչությանը, նեղուցներին, էներգետիկայի բնագավառում ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցեր, որոնց թվում Թուրքիայում նախատեսվող երեք ատոմակայանների կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն է:

Հանդիպումից հետո Պուտինը մասնակցել է Սեզերի հետ համատեղ ասուլիսին, ապա եւ այցելել Թուրքիայի ազգային մեծ ժողով, հանդիպելով Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչին, նրան հրավիրել է Ռուսաստան: Ենթադրվում էին նրա հանդիպումները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ:

Պուտինի այցի կարեւորությունը Թուրքիայի համար միանշանակ է: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ թուրքական հանրային հեռուստատեսությունն ու մամուլը դեռեւս օրեր առաջ անդրադառնում էին դրանՙ բնութագրելով որպես պատմական: Հատկանշական է, որ Պուտինի այցը լայն արձագանք է գտնում նաեւ աշխարհում, եւ համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է համապատասխան գնահատականներով: Ըստ երեւույթին դրանցից պետք է առանձնացնել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը դիմադրող ֆրանսիական «Ֆիգարո» թերթի հետեւյալ գնահատականը. «Ժամանակները հիրավի փոխվել են, հին թշնամիները տնտեսական գործընկերներ են դառնում»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4