ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը Վաշինգտոնում հանդիպել է ՎՈՒՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների դեսպաններին եւ ներկայացուցիչներինՙ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված բազմակողմ նախագծերի քննարկման համար: Արմիթեյջը հույս է հայտնել, որ 2005-ին կայանալիք ԱՄՆ-ՎՈՒՈՒԱՄ բարձր մակարդակի հանդիպումը «կամրապնդի այդ նախագծերը եւ տարածաշրջանային այս դինամիկ եւ կարեւոր կազմակերպության ապագան»:
Երեկ, ի դեպ, Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին Սոֆիայում ԵԱՀԿ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չլուծված հակամարտությունների կարգավորման հարցերը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնեն ԵԱՀԿ օրակարգում, հաղորդում է «Մեդիամաքսը»: «Մենք ԵԱՀԿ-ին ավելի ակտիվ ներգրավվելու եւ վճռական գործողությունների կոչ ենք անումՙ այդ հակամարտությունները լուծելու համար», ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ՎՈՒՈՒԱՄ անդամ երկրներն ակտիվորեն մասնակցում են միջազգային հակաահաբեկչական կոալիցիային, եւ կոչ է արել չմոռանալ, որ «անջատողական եւ ծայրահեղական ուժերի ստեղծած հանցագործ եւ ահաբեկչական խմբերը սովորաբար տեղակայվում են կենտրոնական կառավարությունների կողմից չվերահսկվող տարածքներում, այսպես կոչված «սեւ անցքերում», որոնք առաջացել են զինված անջատողականության եւ արտաքին ագրեսիայի պատճառով: