«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՄՆ-Ի ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի հերթական առաջնությունը: Պարգեւները վիճարկող 64 շախմատիստների թվում էին նաեւ Վարուժան Հակոբյանը, Լեւոն Ալթունյանը, Շուշանիկ Հայրապետյանն ու Տաթեւ Աբրահամյանը: Կանայք եւ տղամարդիկ մրցում էին միասին, սակայն միավորների հաշվարկը նրանց համար կատարվում էր առանձին, որով էլ պետք է որոշվեին չեմպիոններն ու մրցանակակիրները: Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարերում վերջնագծում չափազանց լարված ու դրամատիկ պայքար ծավալվեց, որի արդյունքում չեմպիոնները որոշվեցին միայն լրացուցիչ մրցախաղում:

Ուրախալի է, որ կանանց մրցաշարի գլխավոր դերակատարներից մեկը Տաթեւ Աբրահամյանն էր, որը վստահ հանդես եկավ եւ շատ մոտ էր չեմպիոնական տիտղոսին: ՖԻԴԵ-ի վարպետը հատկապես գերազանց խաղ ցուցադրեց վերջնագծում: 8-րդ տուրում նա պարտության մատնեց Աննա Հանին, իսկ ավարտական տուրում առավելության հասավ Ռոբի Ադամսոնի նկատմամբ: Տաթեւը 9 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Չեմպիոնի կոչման համար պայքարում հայ շախմատիստուհու գլխավոր հակառակորդներն էին Գոլեթիանին, Կրաշը եւ Զադոնսկին: Կրաշը, որ վերջին տուրից առաջ 4 միավորով առաջատարն էր, սեւերով խաղում էր Շաբալովի հետ: Կրաշը առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն ցայտնոտում ոչ միայն չկարողացավ այն իրացնել, այլեւ նույնիսկ ոչ-ոքին ձեռքից բաց թողեց: Պարտությունը ճակատագրական եղավ Կրաշի համար: Գոլեթիանին ու Զատոնսկին մրցում էին միմյանց հետ: Վրաց շախմատիստուհուն հաջողվեց հաղթել մրցակցուհուն եւ վաստակել 4,5 միավոր, հակառակ դեպքում Տաթեւ Աբրահամյանը կհռչակվեր ԱՄՆ-ի չեմպիոնուհի: Երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղում Տաթեւն անհաջող խաղացՙ պարտություններ կրելով Գոլեթիանուց: Այսպիսով, Աբրահամյանը գրավեց 2-րդ տեղը, ինչն, անկասկած, մեծ հաջողություն է երիտասարդ շախմատիստուհու համար, որն այս մրցաշարում լրացրեց միջազգային վարպետի նորմա: 4 միավորով բրոնզե մրցանակակիր դարձավ Իրինա Կրաշը: Շուշանիկ Հայրապետյանը 3,5 միավորով 7-րդն էր:

Տղամարդկանց մրցաշարում եւս չեմպիոնին ի հայտ բերելու համար հարկ եղավ դիմելու լրացուցիչ մրցախաղի օգնությանը: Այստեղ բոլորից հաջող հանդես եկան Ալեքս Ստրիպունսկին եւ Հիկարու Նակամուրան, որոնք վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ 2 պարտիաներն էլ շահելով, ճապոնացի շախմատիստ Նակամուրան նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Վեց շախմատիստներ 6-ական միավորով բաժանեցին 3-8-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը հանձնվեց Գրեգորի Կայդանովին: Միջազգային գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որի անհատական գործակիցը 2571 է, մրցաշարն անցկացրեց առանց պարտության եւ վաստակելով 5,5 միավոր, գրավեց 15-րդ տեղը: Լեւոն Ալթունյանը 5 միավորով զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը:

16-ամյա Հիկարու Նակամուրայի հաջողությունը մասնագետներն օրինաչափ են համարում: Դեռեւս մրցաշարի մեկնարկում նրան համարում էին հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Շուտով նա Մեքսիկայում շախմատային մրցախաղ է անցկացնելու աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստեր, 14-ամյա Սերգեյ Կարյակինի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4