«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ՍՈՎՈՐԵՆՔ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՎԱԶԵՑՆԵՆՔ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Ընդգծում է ՍՊԱԾ-ի տնօրեն Ալվարո Անտոնյանը

Երեկ` դեկտեմբերի 7-ի նախօրյակին, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ), կրթության նախարարությունը, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը եւ թիվ 39 մանկապարտեզը համատեղ ուժերով կազմակերպել էին «Հողի պատիժը» մանկական թատերականացված ներկայացումը: «Մեր երկիրը գտնվում է սեյսմիկ գոտում եւ շատ կարեւոր է երեխաներին սեյսմիկ վարքականոնների ուսուցումը, դրա համար էլ մենք կազմակերպեցինք այս ներկայացումը, որը կբեմադրեն մեր մանկապարտեզի նախապատրաստական խմբի երեխաները», ներկայացրեց թիվ 39 նախակրթարանի տնօրեն Անահիտ Հակոբյանը մինչ ներկայացումը:

Երկրաշարժը մեծ աղետ է, եւ պետք է բոլորն իմանան դրանից պաշտպանվելու կարգը: Գեղեցիկ զարդարված բեմից փոքրիկները ուսուցանում եւ նշում էին այն կարեւոր վարքականոնները, որոնց կիրառումը երկրաշարժի ժամանակ անհրաժեշտություն է: Հիմնական խորհուրդների շարքը հետեւյալն է` հարկավոր է ամուր կառուցել տները, երկրաշարժի ժամանակ կանգնել տան հիմնական պատերի եւ դրանց կազմած անկյունների մոտ, մահճակալը տեղադրել պատուհանից հեռու եւ նրա վերեւում չկախել մեծ շրջանակով նկար, ցնցումների ժամանակ մտնել սեղանների տակ, խուճապի չմատնվել, ճիշտ կողմնորոշվել, հնարավորության դեպքում վազել բաց տարածություն եւ սպասել ցնցումների ավարտին, փլատակների տակ գտնվելիս գոռալ, օգնություն կանչել, որից հետո, ինչպես ներկայացման խորհուրդն էր ավանդում, մայր հողը օգնության կհասնի:

ՍՊԱԾ-ի տնօրեն Ալվարո Անտոնյանը ներկայացումից հետո ասաց, որ երկրաշարժից չխոսելը սխալ է, պետք է ապրել իրականության մեջ, եւ եթե մենք իմանանք այդ աղետից պաշտպանվելու միջոցները, ապա հնարավոր կլինի նվազեցնել վտանգն ու կորուստները: «Բոլոր երկրներում էլ կան սեյսմապաշտպանության ուսուցման դասընթացներ, պետք է մենք էլ սովորենք այդ վարքականոնները, քանի որ, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, երկրաշարժի ժամանակ պատրաստված մարդկանց վնասները 30 տոկոսով նվազում են», ավելացրեց պրն Անտոնյանը:

Իսկ «Ազգի» հարցին, թե ինչ քայլեր են արվում այդ տեղեկատվությունը ավելի լայն զանգվածներին հասցնելու համար, ՍՊԱԾ-ի հասարակայնության հետ կապերի եւ միջազգային համագործակցության բաժնի պետ Համլետ Բիշարյանը պատասխանեց. «Մի տեղից պետք է սկսվեր, սկսվեց այս մանկապարտեզից, սակայն շուտով այս ներկայացման տեսագրությունը կցուցադրվի հեռուստաընկերություններով եւ շատերը կկարողանան ծանոթանալ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին»:

Միջոցառումից մի փոքր շեղվելով եւ վերջերս տարածված կեղծ երկրաշարժի լուրերին անդրադառնալով` նշենք, որ պրն Անտոնյանն ընդգծեց, որ երկրաշարժը կանխատեսել այսօր հնարավոր չէ, աշխարհը զբաղվում է այդ հարցով, եւ ամենայն հավանականությամբ 25-30 տարի հետո կկարողանանք կանխատեսել երկրաշարժերը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4