Ընդգծում է դեսպան Մանասարյանը
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների նկատմամբ գրավոր դատավճիռն անհեթեթություն է: Այս մասին լրագրողներին հայտնեց օրերս այդ երկրից վերադարձած դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ըստ դատավճռի, հայ օդաչուները չվերթերը կատարել են առանց թույլտվության, մինչդեռ, ըստ դեսպանի, յուրաքանչյուր թռիչք, նույնիսկ աֆրիկյան երկրներում, գրանցվում է համակարգչում:
Դեսպան Մանասարյանի խոսքերով, Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ «լեզու գտնելու» համար շոշափվել են բոլոր հնարավոր քայլերը, այդ թվում ՀՀ նախագահն է ուղերձ հղել այդ երկրի նախագահին, խնդրելով հանձնել հայ օդաչուներին, ուղերձ է հղել նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սակայն ոչ մի արձագանք չի եղել: Վերջերս փոխանցվել է ՀՀ նախագահի երկրորդ ուղերձըՙ ներում շնորհելու խնդրանքով, եւ էքստրադիցիայի պայմանագրի նախագիծը:
Ոչ ոք, ըստ դեսպանի, չէր սպասում նման դատավճռի, որովհետեւ տեղացիներից մեկի համար դատախազը պահանջել էր 86 տարի, սակայն արդյունքում այդ մարդը ստացավ 1 տարի եւ 1 օր, իսկ հայ օդաչուների նկատմամբ խիստ պատիժ կիրառվեցՙ հրամանատարինՙ 24 տարի, անձնակազմի մնացած անդամներինՙ 14 տարի ազատազրկում եւ տուգանքներ:
Սերգեյ Մանասարյանը նշեց նաեւ, որ դատավճռի հաջորդ օրն իրենց մեկ ժամով թույլատրել են հանդիպել հայ օդաչուների հետ: Վերջիններս, ըստ դեսպանի, ծանր հոգեվիճակում էին, դեռեւս հանված չէին նրանց ձեռքերի ու ոտքերի շղթաները:
Դեսպանը հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը շարունակվելու են, իրենք փորձելու են բոլոր ուղղություններով աշխատել, «ուղղակի պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է յուրահատուկ պետության»: Հայկական կողմն արդեն դիմել է Հասարակածային Գվինեայի Գերագույն դատարան, իսկ եթե վերջինի վճիռն էլ բացասական լինի, ապա կդիմի միջազգային ատյաններ: