Օսկանյանը եւ Մամեդյարովը վիճաբանում են ու համաձայնում նորից հանդիպել դեկտեմբերի 9-ին
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին, Բրյուսելումՙ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) մասնակից երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում: Այս մասին Ինտերֆաքսին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Մեթին Միրզան: Դեկտեմբերի 5-ին Սոֆիայում տեղի ունեցած հանդիպմանը Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններըՙ «Պրահայի հանդիպումների» ձեւաչափում, ասել է Միրզան:
ԵԱՀԿ արտգործնախարարների Սոֆիայի հանդիպման իր ելույթում Էլմար Մամեդյարովն ասել է, որ Պրահայում Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների 4 փուլերը որոշակի հույսեր են առաջացրել:
«Պրահայի բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք հիմնական հարցերը, ներառյալ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը, տրանսպորտային եւ այլ հաղորդակցությունների վերականգնումը, Հայաստանի եւ Ադրբեջանի բնականոն միջպետական հարաբերությունների հաստատումը, հակամարտությանն առնչվող քաղաքական հարցերի աստիճանական լուծումը», Մամեդյարովի խոսքերը մեջբերում է «Մեդիամաքսը»:
Ըստ Մամեդյարովի, Ադրբեջանը ցանկանում է բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները, սակայն «դա հնարավոր չէ անել զինված ագրեսիայի արդյունքում ձեւավորված այսպես կոչված «իրողությունների» հիման վրա, եւ մեր հարեւանը պետք է հրաժարվի այն պատրանքից, թե ժամանակն իր օգտին է աշխատում»: «Մեր վստահությունը Հայաստանի նկատմամբ, որն այսօր հավասար է զրոյի, կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե մենք տեսնենք, որ նա պատրաստ է դուրս հանել իր զորքերը մեր գրավյալ տարածքներից», ասել է Մամեդյարովը:
«Հայաստանը պետք է անհապաղ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի գրավյալ տարածքներում բոլոր անօրինական գործողությունները դադարեցնելու համար», ասել է նա: «Ադրբեջանը չի կարող համաձայնել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներիՙ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկական անհամատեղելիության մասին հայտարարություններին: Մենք համոզված ենք, որ ադրբեջանցիները եւ Ադրբեջանի քաղաքացիներ հայերը կարող են եւ կողք-կողքի ապրելու են իմ երկրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Ամենամեծ մարտահրավերը, որին մենք բախվում ենք այս տարածաշրջանում, ոչ թե երկու ժողովուրդների էթնիկական ատելությունն է, այլ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների անցյալին պատկանող գաղափարախոսության եւ Եվրոպայի բաղկացուցիչ մասը լինելու մեր ցանկության միջեւ եղած անհամատեղելիությունն է», ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ բարձրացնելով գրավյալ տարածքներում անօրինական բնակեցման հարցը ՄԱԿ-ում, պաշտոնական Բաքուն չէր փորձում փոխել ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ձեւաչափը:
Երեկ Սոֆիայում Հայաստանի արտգործնախարարն իր ելույթի մեծ մասը նվիրել է ԼՂ-ին: Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ հայերի ազատ ապրելու եւ ինքնորոշման պահանջներին Ադրբեջանը պատասխանեց զինված ագրեսիայով: Օսկանյանը մասնավորապես մի հատված է մեջբերել 1992 թ. Եվրոխորհրդի խորհրդարանականների զեկույցից:
«Ադրբեջանական վերջին հարձակումներից Ղարաբաղում ամբողջությամբ ավերվել են գյուղեր, սպանվել են խաղաղ բնակիչներ, բռնության են ենթարկվել երեխաներ: Հաշվի առնելով ադրբեջանական զինուժի հստակ առավելությունը ԼՂ ունեցած մարդկային ուժի, զենքի ու սարքավորումների, վառելիքի եւ սննդի մատակարարման մակարդակի, ավիաթռիչքի, հրթիռների արձակման եւ օդային ռմբակոծման հաճախականության համեմատությամբ, կարելի է ենթադրել, որ մինչեւ Ղարաբաղի անկումն ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եթե ոչ ավելի քիչ: Ակնհայտ է, որ դրան ամենայն հավանականությամբ հաջորդելու են ցեղասպանությունը եւ տեղահանումը», մեջբերել է նախարարը:
Օսկանյանը կրկնել է, որ ԼՂ-ում չի տարվում վերաբնակեցման պետական քաղաքականություն: Հայաստանի արտգործնախարարը նկատել է, որ Ադրբեջանն է պետական բնակեցման քաղաքականություն իրականացնում հայկական գրավյալ տարածքներումՙ Շահումյանում, Գետաշենում, ինչպես նաեւ Մարտակերտում, ինչին արձագանքել է ՄԱԿ-ը եւ հանձնարարական տվել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայերին, ում սեփականությունն ապօրինի բռնազավթված է, տրամադրվի այլընտրանքային կեցության վայր:
«100 հազարավոր բռնագաղթածների գոյությունը հետեւանք է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների եւ, ի տարբերություն իմ կոլեգայի, ես կասեմ, որ փախստականներ կան միաժամանակ երկու կողմից: Ադրբեջանցի կես միլիոնից ավելի փախստականներից բացի կան նաեւ գրեթե կես միլիոն հայեր, որոնք փախուստի են դիմել թե՛ Ադրբեջանի մայրաքաղաքից, թե՛ անմիջական հակամարտության գոտուց», ասել է Օսկանյանը:
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ԵԱՀԿ Սոֆիայի հանդիպման իր ելույթում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում եւ Մոլդովայի ու Վրաստանի անջատողական տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում վերջին մի քանի ամիսներին ձեռք բերված առաջխաղացումը մեծ չի եղել: «Սառեցված հակամարտությունները սառեցված մնում են սառը պատերազմի ավարտից նույնիսկ 15 տարի անց», ասել է Փաուելը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ