Անգլիական «Թայմս» թերթի դեկտեմբերի 4-ի համարում Ռիչարդ Բիստոնը վերլուծում է Ուկրաինայում կատարվող իրադարձությունները
Ուկրաինայում Կրեմլի ջանքերի ձախողումից հետո նախագահ Պուտինը դիմակայեց իր հինգ տարվա իշխանության ամենալուրջ ճգնաժամն արտաքին քաղաքականության բնագավառում: Ընդդիմության արեւմտամետ ղեկավար Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի հասնելու վճռական տրամադրություններին դեմ դիմաց Պուտինը կորցնում է Ռուսաստանի դարավոր տիրապետությունն իր հարեւանի վրա: Ժողովրդական ուժի դրսեւորումն Ուկրաինայում, Վրաստանից հետո, առավել դժվար է դարձնելու Կրեմլի համար մեքենայություններ կատարել նախկին խորհրդային կայսրության երկրների ընտրություններում:
Ռուսաստանի իրարահաջորդ առաջնորդները ցարդ հավատացած են եղել, որ Ռուսաստանը երբեք չի կարող եվրոպական հզոր տերություն դառնալ առանց Ուկրաինայի, 48 միլիոնանոց մի երկիր, որը խորհրդային տարիներին Մոսկվային մատակարարում էր հումք, արդյունաբերություն եւ աշխատուժ:
Պուտինը չի թաքցնում, որ պաշտպանում է վարչապետ Վիկտոր Յանուկովիչին, որն ուժեղ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ եւ պատշաճորեն է ներկայացրել երկրի արեւելյան մասի ռուսախոս բնակչության շահերը: Ռուսաստանի առաջնորդը երկու անգամ այցելեց Ուկրաինա պաշտոնական թեկնածուին պաշտպանելու նպատակով: Մոսկվան հսկայական ռեսուրսներ ներդրեց Յանուկովիչի քարոզարշավին: Նույնիսկ նախքան արդյունքները կհրապարակվեին, Պուտինը Յանուկովիչին շնորհավորեց հաղթանակի առիթով: Բայց Կիեւի հուզումներն ու Արեւմուտքի բողոքներն ընտրությունում կեղծիքների վերաբերյալ պարզապես հաստատեցին այն կասկածները, թե ռուսամետ թեկնածուն արեւմտյան հետախուզական գործակալությունների կողմից զրկված է իր հաղթանակից:
Վերջին մի քանի օրերին, հուսահատ Կրեմլը փորձեց գցել իր թեկնածուին եւ գտնել ավելի հարմար մեկին, որը կկարողանար բաժանված երկիրը վերամիավորել: Բայց վերջին ընտրությունը կրկնելու գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ Յուշչենկոյին հնարավոր չի լինելու հաղթել: Յուշչենկոյի հաղթանակից հրաժարվելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Ռուսաստանի հարաբերություններում ոչ միայն իր հարեւանների, այլեւ Արեւմուտքի հետ:
Ամերիկյան պաշտոնյաները նշում են, որ Վաշինգտոնի վրդովմունքը սաստկանում է հետզհետեՙ տեսնելով թե ինչպես Կրեմլը իշխանությունը կենտրոնացած է պահում, լրատվամիջոցներին լռեցրել է եւ, փաստորեն, վերապետականացրել երկրի ամենամեծ նավթային ընկերությունը: «Ռուսաստանն ու ռուսական կառավարությունը փորձում են վերականգնել գերիշխանությունը նախկին խորհրդային տարածքում», նշում են Սպիտակ տան մոտիկ աղբյուրները: «Դժվար է կանխատեսել, թե ինչպես կկարողանա Մ. Նահանգները շարունակել իր ներկա հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
Ռուսաստանում հավանաբար վերաբերմունքը կկարծրանա: Պուտինն իշխանության գլուխ եկավ խոստանալով վերակառուցել Ռուսաստանը հետկոմունիստական քաոսից եւ բարձրացնել իր ազդեցությունն ու հեղինակությունը ինչպես արտասահմանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Բայց նրա իշխանության օրոք Ռուսաստանի ազդեցությունը խաթարվել է այն երկրներում, որտեղ առաջ անխոս ենթարկվում էին նրա իշխանությանը:
Անցյալ տարի այս օրերին ժողովրդական խռովությունները Վրաստանում իշխանության գլուխ բերեցին մեկ ուրիշ արեւմտամետ առաջնորդիՙ Միխայիլ Սաակաշվիլուն: Բալթյան երեք պետություններըՙ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան այս տարի միացան Եվրոմիությանը եւ ՆԱՏՕ-ին: Ահաբեկչության դեմ պատերազմող Մ. Նահանգների զինված ուժերը տեղակայված են այժմ Վրաստանում եւ Ուզբեկստանում: Նավթով հարուստ Ադրբեջանը թշնամի է մնում Ռուսաստանի տարածաշրջանային շահերին, եւ նույնիսկ անցյալում հավատարիմ Հայաստանն է սկսել տարակուսել:
Յուշչենկոյի հաղթանակը Կրեմլի կարծրթեւայինների կողմից դիտվելու է որպես Ուկրաինայի կատարած առաջին քայլը դեպի ՆԱՏՕ եւ Եվրոմիություն: Դրանից հետո Ռուսաստանը տարածաշրջանում ունենալու է միայն մեկ դաշնակիցՙ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կլինի խղճուկ մխիթարական մի մրցանակ:
Ռուսաստանի որոշ լիբերալ մեկնաբաններ քննադատել են Պուտինին Ուկրաինայի պարագայում ոչ հմուտ ձեւով վարվելու համար, բայց այդ քննադատությունները խեղդվել են ազգայնական կոչերի տակ, որոնք գործողությունների կոչ են անումՙ պաշտպանելու Ռուսաստանի շահերը: Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի տարածաշրջանային մասնագետներից Օքսաննա Անտոնենկոն կանխագուշակում է, որ ներկա ճգնաժամն էլ ավելի է ամրապնդելու ազգայնական շարժումը: «Այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայումՙ Արեւմուտքի մեղքով է, ըստ ռուսական մեդիայի», ասում է նա: «Սա միայն խթանելու է Ռուսաստանում աջերի աճող իշխանությունը»: