«Քաղաքական մի քանի խնդիրներ դեռեւս բավական դժվար լուծելի են: Երկաթուղու աբխազական հատվածը, որ Հայաստանը միացնում է Ռուսաստանին եւ Եվրոպային, անմիջապես բացել հնարավոր չէ, եւ արագ պետք է աշխատեցնել լաստանավերը Փոթի նավահանգստով: Ես հուսով եմ, որ այդ ուղղությամբ մեր ջանքերը հաջողությամբ կպսակվեն եւ Վերին Լարսի նման միջադեպերի դեպքում Հայաստանին վնաս չի հասնի», երեկ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որ նոր էր վերադարձել դեկտեմբերի սկզբներին Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում գրեթե միաժամանակ կայացած միջխորհրդարանական վեհաժողովի եւ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերից:
Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ընդհանրապես հայ ռուսական հարաբերություններում, հատկապես միջազգային տարբեր մակարդակներում անհրաժեշտ պահին եւ համապատասխան կոորդինացիա չի արվում, որի պատճառով 2 կողմն էլ տուժում է: Հայ-ռուսական համատեղ ստորագրված փաստաթղթում որոշվել է ապահովել հենց այդ կարգի համագործակցություն: ԱԺ փոխնախագահը դա շատ կարեւոր է համարում` հատկապես նկատի առնելով Եվրոխորհրդի, ԵԱՀԿ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների առաջիկա մարտահրավերները:
Ի դեպ, Վահան Հովհաննիսյանն ակնարկեց, որ ռուսները որոշակի խանդով են վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին: Նրանց բացատրվել է, որ դա մեր անկախ քաղաքականության բաղադրամասն է, եւ դրանից հետքայլ անել չենք պատրաստվում: Հստակեցվել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշակի միջպառլամենտական կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտություն կա:
Մեր պատվիրակները պնդել են միայն մի երրորդ երկրի մասնակցությունը եւս այդ կոնսուլտացիաներին, որպեսզի «մերոնք չհայտնվեն մեկուսացման վտանգի առաջ»:
Հետաքրքրական միջադեպ է արձանագրվել միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ: Դարձյալ Արամ Գ. Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Դա եղել է միայն նրա, իբրեւ ընդդիմության ներկայացուցչի տեսակետը: «Իրոք, դա եղել է միայն Արամ Գ. Սարգսյանի տեսակետը: Ես չեմ կարծում, որ այդ խնդրի մանրամասն պարզաբանումը մեր երկրի շահերից է բխում: Ռուսաստանի դիրքորոշումը շատ պարզ է. նա ասում է` ինչ լուծման շուրջ կպայմանավորվեն հայերը եւ ադրբեջանցիները, այն էլ մեզ համար ընդունելի կլինի: Այսինքն, եթե մեր ընդդիմադիրներն ավելին են ուզում կորզել, որպեսզի Ռուսաստանը բացահայտ արտահայտվի, թե ես Հայաստանի կողմն եմ, նման բան չի լինելու: Ամեն ինչ չէ, որ պետք է բացահայտ ասել: Այն, ինչ ռեալ է կատարվում, բոլորովին ուրիշ բան է», այսպես բացատրեց ընդդիմադիր գործչին իր հայտարարության հետ միայնակ թողնելու պատվիրակության մյուս անդամների քաղաքականությունը Վահան Հովհաննիսյանը:
«Մեծամասնական տարածքներում տեղի է ունենում համամասնական ձայների առեւտուր»
Հայտնի է, որ ԱԺ աշխատանքային վերջին խորհրդակցության ժամանակ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե ընտրական օրենսգրքում չլինի այն համամասնությունը, որ իրենք պահանջում են մեծամասնական եւ համամասնական տեղերիՙ 30-70 հարաբերակցության վերաբերյալ, դաշնակցությունը բյուջեին դեմ կքվեարկի: Կուսակցության դիրքորոշման նման կոշտացումը ԱԺ փոխնախագահը այսպես մեկնաբանեց. «Ես գտնում եմ, որ ճիշտ կլիներ օր առաջ քննարկել այդ հարցը, մինչեւ բյուջեի քվեարկությունը, որովհետեւ շատերի դիրքորոշման վրա կարող էր ազդել: Բայց քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է, եւ քանի որ մենք լուրջ հավաստիացումներ ենք ստացել լուրջ մարդկանցից, որ փետրվարին ընտրական օրենսգիրքը կքվեարկվի հենց այն ձեւով, որ որոշվել է նախապես, կոալիցիայի ստեղծման ժամանակ մենք բյուջեի քննարկումը ընտրական օրենսգրքից կախման մեջ չենք դնում»:
Իսկ եթե իրենց ակնկալածն, այնուամենայնիվ, իրականություն չդառնա, ապա դաշնակցությունը ստիպված կլինի անմիջապես հետեւություններ անել: Որովհետեւ «մեծամասնական տարածքներում տեղի է ունենում համամասնական ձայների առեւտուր», եւ իրենք ուզում են դրա դեմն առնել:
Վահան Հովհաննիսյանը չբացառեց ուկրաինական ու վրացական սցենարների կրկնությունը ԱՊՀ որեւէ երկրում, այդ թվում եւ Հայաստանում:
Միջխորհրդարանական հաջորդ նիստը կայանալու է մայիսին, եւ այս անգամ, ըստ Վահան Հովհաննիսյանի, մեր պատվիրակները շեշտադրում են անելու «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին տրված ձեռնարկություններն աշխատեցնելու խնդրի վերաբերյալ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ