1988 թ. աղետալի երկրաշարժից անցել է 16 տարի, սակայն ամեն տարի այդ օրը հիշվում է դառնությամբ:
Երեկ նախագահ Քոչարյանն այցելեց Գյումրիՙ երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանին ծաղկեպսակ դնելու: Ներկա էին ՀԺԿ, «Օրինաց երկիր» կուսակցությունների, Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները եւ պետական այլ այրեր:
Ի՞նչ է փոխվել Գյումրիում երկրաշարժից 16 տարի հետո: «Փոփոխություններ եղել են, մանավանդ վերջին երեք տարիներին հսկայական տեղաշարժեր են եղել, վերակառուցվել է երկուսից երեք մայրուղի, Շարլ Ազնավուրի հրապարակը, 35.000 տնակներից 9000-ի բնակիչներն ապահովվել են բնակարաններով: Եթե շարունակվի «Լինսի» հիմնադրամի ծրագիրը, ապա շատ ընտանիքների բնակարանների հարցը կլուծվի, քանի որ այսօր 5000 ընտանիք բնակարանի ռեալ կարիք ունի», պատմում է Գյումրու սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հյուսիսային բաժնի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը:
Իսկ ՍՊԱԾ հյուսիսային բաժնի տնօրենի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ թեպետ Գյումրին այսօր գրեթե 50 տոկոսով վերակառուցվել է, սակայն պրոբլեմները շատ են: «Ում ոգին բարձր է, աշխատում է, ապրում, արարում, բայց շատ զոհեր ունեցողների հոգին կոտրված է, դա պետք է վերականգնել, որ հասարակությունը լիարժեք լինի», նշում է պրն Հովհաննիսյանը:
Ճիշտ է, այս տարիներին Գյումրիում զգալի փոփոխություններ եղել են, բայց որ գյումրեցիներից շատերը մինչ օրս ապրում են վատ պայմաններում, անժխտելի է: «16 տարեկան երեխաս ընդամենը երեք տարի է դպրոց գնացել... Ըստեղ կռապաշտությամբ են զբաղվում, օրը մեկի արձանն են բացում, կողքը պարում, իսկ մենք սոված մեռնում ենք», պատմում է Գյումրու բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը: Իսկ մի տատիկ էլ դժգոհում էր, թե ինչպես է, որ մեր պետական պաշտոնյաները չեն նկատում երկրաշարժի զոհերի հուշարձանի հարեւանությամբ գտնվող իրենց ավերված տունը եւ չեն էլ ցանկանում վերանորոգել:
Բնակիչներից շատերը եկել էին նախագահին հանձնելու իրենց հոգսաշատ նամակները, պատմելու իրենց պրոբլեմները, սակայն հանդիպեցին թիկնապահների կարծր պատին եւ նամակներն էլ նախագահին հանձնելու փոխարեն հանձնեցին թիկնապահներին:
Հուսանք, որ մի օր Գյումրին ամբողջությամբ կվերականգնվի եւ կբարգավաճիՙ օգնելով գյումրեցիներին պահելու իրենց հումորը եւ բոլոր այն հատկանիշները, որոնցով բնորոշ է Գյումրվա բարի կոլորիտը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ