Գերմաներեն նոր գիրք հայերի եւ Հայաստանի մասին
Բեռլինի «Վերլագ Հանս Շիլեր» հրատարակչատունը լույս է ընծայել գերմանախոս ընթերցողների լայն հասարակայնությանը հասցեագրված եզակի մի գիրք, որն ընդգրկում է 52 հոդված Հայաստանի եւ հայերի մասին, տեղեկացնում է Կանադայի «Զորյան» ինստիտուտից ստացված հաղորդագրությունը:
«Հույսի դիմանկարներ: Հայերը» խորագրով նոր գիրքը բաղկացած է երեք բաժնից: Հոլոքոսթի ճանաչված պատմաբան Եհուդա Բաուերի նախաբանից հետո առաջին բաժնում ներկայացված է հայոց պատմությունը, առանձնահատուկ ուշադրություն արժանացնելով ցեղասպանությանը: Այստեղ հոդվածներով հանդես են եկել հարգարժան մասնագետներ Թեսա Հոֆմանը, Վահագն Տատրյանը, Թաներ Աքչամը եւ Վուլֆգանգ Գուստը:
Երկրորդ բաժնում ներկայացված են ականավոր հայեր գրականության, արվեստի, նկարչության, քաղաքականության եւ այլ բնագավառում: Նրանց թվում են Վահագն Տատրյանը, Վարդան Գրիգորյանը, Մայքլ Առլենը, Շառլ Ազնավուրը, Ատոմ Էգոյանը, Վարդան Օսկանյանը, կաթողիկոսներ Գարեգին Բ-ն եւ Արամ Ա-ն:
Երրորդ բաժնում «Հիշարժան վայրերն» են, ինչպես օրինակ, Դեր Զորը, Բուրջ Համուդը, Երուսաղեմը, Մուսա լեռը, Ծիծեռնակաբերդը եւ այլն:
Վերջաբանը գրել է «Զորյան» ինստիտուտի նախագահ Գրեգ (Գուրգեն) Սարգիսյանը, որն էլ մանրամասն նկարագրել է ինստիտուտի 22-ամյա գործունեությունն ու ձեռքբերումները:
Գրքի նախաձեռնողն ու կազմողն է Հուբերտա ֆոն Վոս-Վիտիգը, որն արդեն երկու թարգմանական գրքերի հեղինակ է եւ սկսել է հետաքրքրվել հայերենով, երբ ընկերակցել է ամուսնուն, որը որպես Գերմանիայի դեսպան ծառայել է նախ Բեյրութում, ապա Նիկոսիայում: «Որպես պատմաբան եւ լրագրող, ես հանկարծ զգացի, որ շատ քիչ բան գիտեմ հայերի մասին: Ընդհանրապես գերմանացիները շատ քիչ բան գիտեն հայերի մասին: Այդ պատճառով էլ նախաձեռնեցի կազմել այս գիրքը, եւ ինչքան խորացա, այնքան զգացի դրա կարեւորությունը», խոստովանում է Հուբերտան:
«Մենք երախտապարտ ենք տիկին Վոս-Վիտիգին այս եզակի գրքի լույսընծայման համար, որը, վստահ ենք, մղելու է գերմանացի պատմաբաններին ավելի խորը ուսումնասիրություններ կատարելու հայոց պատմության եւ հատկապես ցեղասպանության բնագավառում», հայտարարել է «Զորյան» ինստիտուտի տնօրեն Ջորջ Շիրինյանը:
415 էջանոց գիրքը գերմաներենով է, բայց վերջաբանի անգլերեն տարբերակը, ըստ հաղորդագրության, կարելի է ընթերցել www. zoryaninstitute. org կայքէջում, սեղմելով նախ «About us», ապա «The Making of a National Research Center» ստեղները:
Հ. Ծ.