«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ՅՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Երբեմնի ամբողջական, անբաժանելի «Ժամանակակից հայկական երաժշտություն» կամ ավելի ստույգ «հայկական կոմպոզիտորական դպրոց» հասկացությունը ներկայումս տրոհվել է մասերի, տարբեր բեկորների: Նախ եւ առաջ, քանի որ «դպրոցն» այլեւս ամբողջական չէ (ինչպես ամբողջական չեն հասարակությունը եւ ողջ աշխարհը): Երկրորդՙ հենց ստեղծագործողների գործունեության անջատվածության պատճառով: Քաղելով արտագաղթի եւ «ուղեղների արտահոսքի» ավելի քան տասնամյա գործընթացի պտուղները, մենք դառնությամբ արձանագրում ենք, որ տակավին չենք գտել ազգի ստեղծագործական ներուժի վերամիավորման ուղին, որ «այստեղն» ու «այնտեղը» գոյություն ունեն ավելի շուտ մետաֆիզիկորեն, երբեմն իրար բացառելով. մենք վատ գիտենք, թե ինչ է տեղի ունենում «այնտեղ», իսկ նրանք «այստեղի» մասին է՛լ ավելի քիչ տեղեկություն ունեն:

Սակայն հայ երաժիշտների (ինչպես եւ առհասարակ արվեստագետների) նոր արտագաղթի փաստը պետք է կարողանանք քննել նաեւ դրական կողմիցՙ որպես մեր ստեղծագործողների երաժշտության մեծ աշխարհ դուրս գալու հնարավորություն, որտեղ գործում են դաժան մրցակցությունը եւ ընտրության խիստ սկզբունքները:

Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Թատերական գործիչների միության անդամ Յուրի Ղազարյանը 1993 թ. Կալիֆոռնիա մեկնելովՙ իրեն այնքան մրցունակ դրսեւորեց, որ այժմ իր կենսագրության նոր էջի շեմին է: Խոսքը նրա վերջին խոշոր ստեղծագործությանՙ «Պիկասոյի աշխարհը» բալետի մոտալուտ բեմադրության մասին է: Դրա վկայությունը Բելլա Հիրշի ծավալուն հրապարակումն է լոսանջելեսյան «Պանորամա» ալմանախի 2004 թ. օգոստոսի 4-10-ի համարում: Նա մասնավորապես գրում է. «Պիկասոյի աշխարհը» բալետը ռոմանտիկ ավանդազրույց է, որը կառուցված է նկարչի կյանքի դրվագների եւ նրա նկարների սյուժեների միահյուսումից: Լիբրետտոյի հեղինակը Գրիգորի Չիգինովն է (Իսպանիա): Բալետի հիմնական գաղափարը մարդն է Պիկասոյի ստեղծագործության մեջ»:

Պիկասոյի ոճային կերպափոխմանը հետեւելով Ղազարյանն ստեղծում է կոմպոզիցիա, որտեղ ծավալուն սիմֆոնիկ պատկերները, օրինակՙ «Գեռնիկան», հարեւանում են Պաբլո Պիկասոյի կտավներից եկող ժանրային-կենցաղային տեսարանների հետ: Ինչպես նշում է Հիրշը, «Ղազարյանն օգտագործել է երաժշտական բոլոր արտահայտչամիջոցներըՙ նվագախմբի սիմֆոնիկ եւ կամերային հնչողությունը, խմբերգային երգեցողությունը, մեկ կիթառի երաժշտությունը, ինչպես նաեւ Պիկասոյի բանաստեղծությունների արտասանությունը դրամատիկական դերասանների կատարմամբ: Պիկասոն նկարիչ էր, բայց քչերը գիտեն, որ նաեւ բանաստեղծ էր: Իր բանաստեղծությունները նա գրում էր ճնշվածության պահերին, երբ չէր կարողանում նկարել»: Այնուհետեւ հոդվածագիրը պատկերավոր նկարագրում է «արվեստանոցում Պիկասոյի խորեոգրաֆիկ մենախոսությունը, որն ուղեկցվում է լոկ նրա բանաստեղծությունների արտասանությամբ»:

Յ. Ղազարյանը «Պիկասոյի աշխարհը» բալետն ստեղծել է երկար ժամանակամիջոցում, ընդմիջումներով: Այն մտահղացվել էր դեռ Երեւանում, եւ այն ժամանակ արդեն պարզ էր, որ հեղինակը նախընտրում է զարգացնել երաժշտական թատրոնի համար իր գրած նախորդ ստեղծագործությունների գեղարվեստական փորձը: Խոսքը «Ադամ եւ Եվա» բալետի, 1972 թ. Մոսկվայի հեռուստատեսությամբ բեմադրված «Վարդագույն քաղաք» ջազ-բալետի եւ որ գլխավորն էՙ «Էռնեստ Հեմինգուեյ» օպերայի (1984) մասին է, որը 1987 թ. մեծ հաջողությամբ բեմադրվեց Հավանայի Մեծ թատրոնում: Կուբայական բեմադրության արձագանքը երկար ժամանակ զգացվում էր Ռուսաստանում, Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Եվ հատկանշական է, որ ես օպերայի հեղինակի անունը խմբագրության համաձայնությամբ մտցրել եմ «The Grove Dictionary of Opera» (London, 1992) քառահատոր եւ «The New Grove Dictionary of Music and Musicians II» (London, 2000) 29-հատորանոց հանրագիտարանների մեջ:

1970-ական թթ. Ղազարյանը Ա. Իսահակյանի 100-ամյակին նվիրված հանրապետական մրցույթում ստանում է մրցանակ «Լիլիթ» սիմֆոնիկ պատկերի համար, իսկ Մոսկվայում անցկացված կոմպոզիտորների համամիութենական մրցույթում դիպլոմի է արժանանում ավելի վաղ շրջանի «Հանդիպումներ» վոկալ-սիմֆոնիկ պոեմի համար (Վ. Մայակովսկու, Վ. Լուգովսկու, Վ. Կարենցի տեքստերով): Չնայած մի ամբողջ շարք կամերային-գործիքային ստեղծագործություններին եւ վոկալ շարքերին (այդ թվումՙ ըստ Պարույր Սեւակի գրված «Դիմակներ» հանրահայտ շարքի), Յուրի Ղազարյանի հիմնական ստեղծագործական հետաքրքրությունները կապված են թատրոնի հետ: Երեւանում նա շատ է գործակցում տարբեր դրամատիկական թատրոնների հետ, գրում է նաեւ ֆիլմերի երաժշտություն:

Հենց Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում է սկսվում Ղազարյանի համագործակցությունն ապագա մշտական լիբրետտիստ Գրիգորի Չիգինովի հետ. 1981 թ. այստեղ բեմադրվեց «Ինչպես էր կատուն արհեստ սովորեցնում» մանկական մյուզիքլը, ըստ Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի: Իսկ հետագայում Չիգինովի հետ Ղազարյանը մշակում է «Էռնեստ Հեմինգուեյ» օպերայի սյուժետային ֆաբուլան եւ դրամատուրգիան ըստ 20-րդ դարի մեծ գրող-մարդասերի վեպերի, վիպակների ու նամակների:

Լրացել է Յուրի Ղազարյանի 70 տարին. թվում է, փոքր տարիք չէ: Բայց ստեղծագործող անհատի համար դա լոկ արտաքին սահմանն է երկար ճանապարհի:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4