40 տոկոսով հայաբնակ շրջանիՙ Գլենդեյլի հանրային կենտրոնական գրադարանը, բնականաբար, մշտապես հայ մշակույթի եւ պատմության վերաբերյալ գրականության պահանջարկ ունի: Այս առումով կարեւոր նվիրատվություն էր ամերիկահայ միջազգային քոլեջի 12.500 հատոր պարունակող հավաքածունՙ 500 հազար դոլար արժողությամբ. իրապես արժեքավոր, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ գրադարանն ուներ 4000 հայերենով գրականությունՙ ընդհանուր 660 հազար գրքերի մեջ: Հավաքածուն մինչ այդ Լա Վըրնի համալսարանում էր: Գրքերի փոխադրման եւ տեսակավորման աշխատանքների կատարումն ստանձնել է քոլեջը, որի համար հատկացվելու է 25 հազար դոլար: Նվիրատվությունը վավերացրել է քաղաքային խորհուրդը: