Հերթերը կվերանան մեկ տարուց
Երբ պատրաստ կլինի բանկի նոր ընդարձակ շենքը
Վերջին ժամանակներս շատացել են հերթերը Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի Երեւանում գործող երկու մասնաճյուղերում: Բանկի հաճախորդները դժգոհում են ոչ միայն գոյացող հերթերից, այլեւ սպասարկման մակարդակից: «Ազգի» զրուցակիցը Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Նիք Դ. Գիլմորն է:
Նիք Գիլմորի խոսքերով, հերթերը նախ եւ առաջ պայմանավորված են նրանով, որ չնախատեսված չափերով մեծացել է բանկի հաճախորդների թիվը: «Հայաստանի ողջ տնտեսությունը եւ բանկային համակարգը հետզհետե զարգանում են եւ ավելի մեծ հաջողություններ են ունենում: Եվ մարդկանց վստահությունը բանկերի նկատմամբ մեծացել է:
Մարդիկ իրենց անկողինների տակ փողերը թաքցնելու փոխարեն գումարները տալիս են բանկերին: ՀՀ-ում մեր բանկը եւս այդ վստահությանն է արժանացել եւ մարդիկ իրենց ավանդները, գումարները սկսել են վստահել նաեւ մեզ», իրավիճակի իր բացատրությունը այսպես ներկայացրեց պարոն Գիլմորը:
Ըստ բանկի գլխավոր գործադիր տնօրենի, Վազգեն Սարգսյան-9 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակը 1996 թ.-ին բացելիս նախատեսվում էր սպասարկել մինչեւ 5.000 հաճախորդի: 1999թ. բացվեց նաեւ «Կոմիտաս» մասնաճյուղը:
Ներկայումս գլխամասային գրասենյակը 5.000 հաճախորդի փոխարեն սպասարկում է 20.000 հաճախորդի, «Կոմիտաս» մասնաճյուղն էլ նախատեսված է 5000 հաճախորդի սպասարկելու համար:
«Մենք չէինք կարծում, թե այդքան շուտ կհասնենք նախատեսվածին «Կոմիտաս» մասնաճյուղում, նաեւ գլխամասային գրասենյակում: Այսինքն հաճախորդների թիվն այնքան արագ աճեց, որ նախատեսվածից պարզվեց մի քանի անգամ ավելի է», նշեց Նիք Գիլմորը:
Ներկայումս բանկը նոր շենք է նախատեսում, որը շատ ավելի մեծ կլինի եւ կսպասարկի ոչ միայն արդեն ունեցած հաճախորդներին, այլեւ մի քանի անգամ ավելի:
Հերթերն ու տարածքի անբավարարությունը բանկը չէր ծրագրել: «Մենք չէինք նախատեսել, որ նման խնդիր կունենայինք: Հայաստանում զարգացումը բավականին արագ եղավ: Եվ ծագած խնդիրները միայն Էյչ-Էս-Բի-Սի-ի խնդիրները չեն: Եթե ունենք շատ հաճախորդներ, ուրեմն այս երկրում զարգացումը նորմալ է ընթանում», բացատրեց պարոն Գիլմորը:
Ըստ բանկի գլխավոր գործադիր տնօրենի, հաճախորդների սպասարկումը կախված է մարդկային ռեսուրսներ եւ տարածք ունենալուց: Բանկը տվյալ պահին չունի անհրաժեշտ տարածք ու չի կարող ապահովել անհրաժեշտ ռեսուրսները: «Այո, սպասարկումը այն մակարդակին չէ, ինչ մենք կուզենայինք ունենալ: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը տարածքային խնդիր ունի», ասաց Նիք Գիլմորը:
Ինչ վերաբերում է բանկի վարկային քաղաքականությանը, ապա կորպորատիվ հաճախորդներին վարկի տրամադրումը աճել է գրեթե 100 տոկոսով, իսկ անհատական հաճախորդների առումով 400 տոկոսով գերազանցվել են բանկի նախատեսած ցուցանիշները, այսինքնՙ 4 անգամ ավելի հաճախորդ է օգտվել վարկավորումից, քան ծրագրվել էր:
Վարկերի տոկոսադրույքը, ըստ Նիք Գիլմորի, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանում ավելի ցածր է, քան մյուս բանկերում: «Կորպորատիվ հաճախորդների համար վարկի տոկոսադրույքը կախված է հաճախորդից: Այս պահին մեր ամենախոշոր հաճախորդների վարկային տոկոսադրույքը 14 տոկոս է: Ինչ վերաբերում է անհատական վարկերին, մենք երեւի ամենացածր տոկոսադրույքն ունենք շուկայում», պարզաբանեց բանկի գլխավոր գործադիր տնօրենը:
«Ոչ մի այլ բանկ կորպորատիվ հաճախորդներին 2 տարուց ավելի ժամկետով վարկ չի տրամադրում: Մենք երկու տարուց այդ ցուցանիշը զարգացրել եւ հասցրել ենք մինչեւ 5 տարի: Ինչ վերաբերում է անհատական վարկերին, ապա մենք հիմա անհատական վարկերը անշարժ գույքի դիմաց եւ կյանքի ապահովագրության առկայության դեպքում տրամադրում ենք 14 տոկոսով, եթե հաճախորդը չունի կյանքի ապահովագրություն, ապա` 15 տոկոս»:
Վարկերի տրամադրման ժամկետները անհատական հաճախորդների համար եւս, ըստ պարոն Գիլմորի, ավելին են, քան հայկական մյուս բանկերում: Նախկին 4 տարի ժամկետի փոխարեն բանկն այս տարվա ապրիլից անհատական կարգով վարկեր տրամադրում է մինչեւ 7 տարի ժամկետով:
Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանից վարկ ստանալու դժվարության առումով Նիք Գիլմորն ասաց, որ դա ամբողջ Էյչ-Էս-Բի-Սի-ում ընդունված քաղաքականություն է: «Այսինքն, մարդիկ պետք է մեզ հետ աշխատեն, մենք պետք է ճանաչենք մեր հաճախորդին, նա էլ մեզ պետք է ճանաչի, որ մենք իրեն վարկ տրամադրենք: Ըստ էության, մեր բանկից վարկ ստանալը ոչ թե դժվար է, այլ այդպես ճիշտ է»:
Բանկի ապագա ծրագրերի առնչությամբ գլխավոր գործադիր տնօրենը հույս հայտնեց, որ բանկի վարկային քաղաքականությունը կթեթեւանա, մարդիկ ավելի լավ կհասկանան բանկային համակարգը: Իսկ նոր շենքը կբացվի թերեւս 2005 թ. դեկտեմբերին:
Ավելի հեռանկարային ծրագրերում բանկը նախատեսում է մասնաճյուղ ունենալ Երեւանում եւ մեկ ուրիշը` Երեւանի տարածքից դուրս:
Զրույցի ավարտին վերադառնալով հաճախորդների սպասարկման խնդրին` պարոն Գիլմորը նշեց. «Ես համաձայն եմ, որ մեր հաճախորդների սպասարկումն այն մակարդակին չէ, որ պետք է լինի: Ես ներողություն եմ խնդրում մեր հաճախորդներից, որ այս պահին մենք չենք կարողանում ապահովել այն մակարդակը, ինչ մակարդակի որ կուզենայինք սպասարկել»:
Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը ասաց, որ նոր շենքի բացման հետ մեկտեղ հնարավոր կլինի բարձր մակարդակով ապահովել ավելի մեծ թվով հաճախորդների սպասարկումը, քան ունի բանկը ներկայումս:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ