Այս անգամ խթանը «Սինոփսիս» ընկերությունն է
Առաջիկա հինգ տարիներին ինտեգրալ սխեմաների նախագծման ավտոմատացման ասպարեզում համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերության բազայի վրա գործող Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր միջդեպարտամենտալ ամբիոնը մասնագետներ կպատրաստի այդ ընկերությունում աշխատելու համար:
Վերջերս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ ամերիկյան «Սինոփսիս» ընկերությունը ստորագրեցին համագործակցության պայմանագիր: Ամեն տարի համալսարանի կոմպյուտերային համակարգերի եւ ինֆորմատիկայի, ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի եւ կիբեռնետիկայի դեպարտամենտի բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտած ուսանողներից մրցութային կարգով կձեւավորվեն ակադեմիական խմբեր: Մագիստրոսական եւ թեկնածուական ատենախոսությունների թեմաներն այս ուսանողների համար կառաջարկի ընկերությունը, իսկ ղեկավարները կլինեն բուհի դասախոսներ եւ «Սինոփսիսի» մասնագետներ: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին «Լեդա դիզայն» ընկերության ակտիվներն ու նրա ճարտարագիտական թիմը ձեռք բերելուց հետո «Սինոփսիսը» ցանկություն հայտնեց համագործակցելու վերոհիշյալ միջդեպարտամենտալ ամբիոնի հետ, որը նախկինում գործում էր «Լեդա դիզայնի» բազայի վրա:
«Մենք հիմնականում լուծել ենք մեր ընկերության Հայաստան մուտք գործելու խնդիրը, այժմ աշխատակիցները սովորում են տիրապետել «Սինոփսիսի» ծրագրային գործիքներին», ասում է ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: Հաջորդ տարի հավանաբար այստեղ սովորող ուսանողների թիվը կկրկնապատկվիՙ հասնելով մոտ 200-ի: Ուսանողների եւ դասախոսների համար նախատեսվում են դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: Ընկերությունը բուհին կտրամադրի միկրոսխեմաների նախագծման ավելի քան 50 ծրագրային փաթեթ, որոնց ընդհանուր արժեքը հավասար է գրեթե 75 մլն դոլարի: «Սինոփսիսը» նախատեսում է համագործակցել ուսումնական այլ հաստատությունների հետ նույնպես: Մասնավորապեսՙ Երեւանի պետական համալսարանի հետ արդեն նախնական քննարկումներ են տեղի ունեցել, համագործակցությունը հավանաբար կսկսվի 2005-ի աշնանից:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունն ընկերության հետ համագործակցության արդյունքում ակնկալում է համալսարանի կադրային առաջարկի եւ ընկերության պահանջարկի կապ, դասախոսական կազմի համալրման եւ կատարելագործման հոյակապ հնարավորություն, նյութական խթաններ:
«Ազգի» այն հարցին, թե Հայաստանում պետական մակարդակով որքանով են գիտակցում մեր երկրում «Սինոփսիսի» առկայության կարեւորությունը եւ որքանով են պատրաստ նպաստել դրա զարգացմանը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Հովիկ Մուսայելյանն ասաց. «Ընկերությանը գրավում է Հայաստանի կառավարության մոտեցումն այս ոլորտի զարգացման ուղղությամբ, նրանք այստեղ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ են տեսնում: Ընկերությունը կենտրոններ ունի Չինաստանում, Հնդկաստանում, Եվրոպայում: Իսկ եթե Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի, սա կլինի տարածաշրջանային զարգացումների կենտրոն: Նույնիսկ Ռուսաստանում ընկերությունը մասնաճյուղ չունի: Հայաստանում մտադիր են այլ ընկերություններ նույնպես ձեռք բերել»: Ինչ վերաբերում է ուսումն ավարտելուց հետո երիտասարդների բանակում ծառայությանը, Հովիկ Մուսայելյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ բանակցություններ են վարում, իսկ այժմ հարցը փորձում են լուծել անհատական մոտեցումներով:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ