Երեկ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների հարուցած գործի քննությունը, ինչի մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայք-էջը: Ըստ հայցվոր կողմի ներկայացուցիչների, ինչպես պնդում էին հայտնի բարերարները «Ազգին» հղած իրենց նամակում, որի ամփոփումը տպագրվել էր թերթի դեկտեմբերի 4-ի համարում, Ջորջ Նաջարյանը Ձորագյուղում ձեռք է բերել 2 հողատարածք եւ սկսել շենքերի կառուցումը, երբ պարզվել է, որ նրա վստահված անձըՙ Գրիգոր Իգիթյանը յուրացրել է դրանք, ինչպես նաեւ Երեւանի Աբովյան փողոցում գտնվող ֆոտոխանութը, օգտվելով այն հանգամանքից, որ որպես օտարերկրյա քաղաքացիներ գործարքների կատարման ժամանակ Նաջարյանները դեռեւս իրավունք չունեին սեփականություն ունենալու Հայաստանում: Նույն Գր. Իգիթյանը, միշտ հայցվոր կողմի պնդմամբ, համատեղ գրանցված ՍՊԸ-ից խաբեությամբ դուրս է գրել տվել Նաջարյանների մյուս վստահված անձինՙ Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Գուրգեն Մելիքյանին:
Հայցվոր կողմը պահանջել է ոչ միայն վերականգնել Ջ. Նաջարյանի սեփականության իրավունքները նշյալ անշարժ գույքի նկատմամբ, այլեւ քննություն բացել, թե ինչու է գլխավոր դատախազության քննչական խումբն ապօրինի կասեցրել Նաջարյանի հայցի քննությունն ընդդեմ Գր. Իգիթյանի: Դրա համար թերեւս հիմք են հանդիսացել, ինչպես գրում է «Ազատության» թղթակիցը, վերջինիս պնդումները, թե ինքը նույնպես մեծ ներդրումներ է կատարել շենքերի կառուցման համար եւ այդ ներդրումները շենքերի արժեքի հիմնական մասն են կազմել:
Դատը կշարունակվի 2 օրից: