«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2004-12-04 | #219, 2004-12-07 | #220, 2004-12-08


ԵՎՐՈՅԻ, ԴՈԼԱՐԻ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼՈՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ երեկոյան մայրաքաղաքի արժույթի փոխանակման կետերը միասնաբար եւ հավանաբար համակարգված ձեւով դիմեցին հերթական մեքենայությանը. եթե կեսօրին 1 դոլարի դիմաց տալիս էին 465 դրամ, ապա երեկոյան առքի լավագույն գինը 460 էր: Նկատենք, որ մեկ օրվա տարբերությամբ դոլարը արժեզրկվեց 15 կետով. դեկտեմբերի 6-ի երեկոյան 1 դոլարի դիմաց վճարում էին 475 դրամ:

BBC-ն հաղորդում է, որ երեքշաբթի օրը միջազգային սակարաններում դոլարը որոշ կայունացումից հետո շարունակեց արժեզրկվել եվրոյի նկատմամբ: Բնականաբար, դոլարի սրընթաց անկմանն արձագանքում է նաեւ Հայաստանի շուկան: Սակայն, մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչու են հայկական դրամի նկատմամբ արժեզրկվում նաեւ դոլարի նկատմամբ արժեւորվող եվրոն եւ ռուսական ռուբլին:

Այսպես, եթե դեկտեմբերի 6-ին Երեւանի արժույթի փոխանակման կետերում 1 եվրոյի դիմաց վճարում էին 650 դրամ, ապա երեկ երեկոյան 620-640-ի սահմաններում էր: Նույնը վերաբերում է ռուսական ռուբլուն: Դեկտեմբերի 6-ի երեկոյան ռուսական 1 ռուբլին գնվում էր 17 դրամով, 1 օր անցՙ 16-ով: Չնայած դրամի նկատմամբ (ծիծաղելի է նույնիսկ ասել) եվրոյի, դոլարի եւ ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկմանը, հայաստանյան շուկայում ապրանքների գների իջեցում չի նկատվում:

Գաղտնիք չէ, որ Ամանորի նախօրեին Հայաստանի բնակիչների մի ստվար զանգված գումարներ է ստանում արտերկրում բնակվող հարազատներից: Հավանաբար սա է պատճառը, որ Հայաստանի ֆինանսական շուկան առավել «զգայուն» է եւ փորձում է հնարավորինս շատ կլպել քաղաքացիներին: Ֆինանսական մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու, որ առնվազն եվրոյի եւ ռուսական ռուբլու, ինչպես նաեւ դոլարի «երեկոյան» արժեզրկումը կատարվում է արհեստականորեն:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4