«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՎԵՐ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

2002 թ.-ին, երբ հայոց դպրոցներում պետական պարտադիր առարկաների շարքում իր արժանի տեղը գտավ նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, տարբեր կարծիքներ հնչեցին այս հարցի վերաբերյալ:

Շատերը, այդ թվում եւ ազգային գիտակցությամբ օժտված բազմաթիվ ծնողներ, ուրախությամբ ողջունեցին կրթության եւ գիտության նախարարությանՙ վաղուց սպասված այս քայլը, քանզի վերջապես հայ մանուկը հնարավորություն ստացավ դպրոցո՛ւմ եւ ո՛չ այլուր հարստացնելու իր գիտելիքները մայր եկեղեցու պատմության, ազգային-եկեղեցական տոների ու ժողովրդական ավանդությունների վերաբերյալ: Որոշ ծնողներ էլ, որոնք Եհովայի վկաներ ու հոգեգալստականներ եւ բազում այլ աղանդների գերին էին, նեղսրտեցինՙ նույնիսկ արգելելով իրենց երեխաների մասնակցությունն այդ դասերին: Սակայն ուրախությամբ արձանագրենք, որ պետական այրերը, որպես ազգայինը պահպանելու եւ նրա ամբողջականության գերակայությամբ առաջնորդվող անկախ երկրի պաշտոնյաներ, հետեւողական աշխատանքով նպաստեցին, որ առարկան հաստատուն տեղ գրավի պետականորեն դասավանդվող առարկաների շարքում:

Առարկան առարկա, սակայն ի՞նչ է կատարվում այսօր հայեցի դաստիարակության հիմքը հանդիսացող հայոց դպրոցներում:

Մտահոգիչ իրողություն է, որ այսօր դպրոցներում վերոհիշյալ առարկան դասավանդում են հայոց լեզվի եւ գրականության, պատմության, աշխարհագրության կամ ուղղակի օպտիմալացման պատճառով դպրոցից դուրս մնալու վտանգի առաջ կանգնած ուսուցիչները փոխարեն այն ուսուցիչների, որոնք սովորել եւ ավարտել են Մայր աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած կրոնի ուսուցիչների վերապատրաստման երկամյա դասընթացները, ունեն կրոնի ուսուցչի որակավորում եւ տարիների մանկավարժական փորձ: Դուրս մնացին այս մասնագետները, եւ իր կարեւորությամբ առաջնային առարկան դարձավ երկրորդականՙ լինելով դասաժամ, որը հարկ եղած դեպքում տրամադրվում է այլ առարկայի:

Մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներին հետեւած ուսուցիչը, բնականաբար, ի զորու չէ պայքարել դպրոցում վաղուց հիմնավորված ու աներկյուղ քարոզչություն ծավալող աղանդավոր ուսուցիչների դեմ: Բազմաթիվ են փաստերը, երբ աղանդավոր ուսուցիչը դպրոցում անարգել զբաղվում է հոգեորսությամբ: Իսկ տնօրենները ոչ մի լծակ չունեն նրանց արգելելու կամ, նվազագույնը, դուրս շպրտելու դպրոցից: Ահավասիկ օրինակը. Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը եւ իր ամուսինը, որոնք հոգեգալստականներ են, իրենց «ակտիվ» գործունեությունն են ծավալում դպրոցում եւ ողջ գյուղում: Իսկ տնօրենի գործադրած սանձման բոլոր միջոցներն ապարդյուն են: Սրա վկայությունն է վերոհիշյալ ուսուցչիՙ առանց դպրոցի ղեկավարությանը տեղյակ պահելու մի խումբ աշակերտների Վաղարշապատ քաղաքի մոտակա գյուղ տանելն ու տեղի աղանդավորների հավաքին մասնակից դարձնելը: Մեկ այլ պատկեր է տիրում Տաշիրի շրջանի Ձորամուտ գյուղի դպրոցում, որի ուսուցիչների 70 տոկոսից ավելին հոգեգալստական, եհովայի վկա, ադվենտիստական աղանդների հետեւորդներ են:

Օրինակները հանրապետության բոլոր մարզերում բազում են, որոնք եւ վկայությունն են այս վտանգավոր երեւույթի համատարած բնույթի: Ազգը պառակտող եւ ըստ էության չափազանց վտանգավոր աղանդներն այսօր արդեն իրենց համար թիրախ են դարձրել կրթական օջախներըՙ լինի մանկապարտեզ, դպրոց կամ մշակույթի տուն: Խղճի ազատության եւ օրինապահության մասին խոսող պետական այրերը մոռանում են երեխայի իրավունքների պաշտպանության, նրա մանկական հոգին խեղաթյուրումից փրկելու մասին: Այլապես ինչպես բացատրել ավետարանչականների, հոգեգալստականների, Եհովայի վկաներիՙ այդքան հանդուգն մանկապարտեզներ ու դպրոցներ մտնելը եւ իրենց բրոշյուրները, գրքույկներն ու ամսագրերը բաժանելը: Թումանյան քաղաքում նրանք ոչ միայն գրասենյակ են բացել եւ «մարդորսական բուռն քարոզչություն» են ծավալում, այլեւ իրենց «բարեգործությունն» են հրամցնում մանկապարտեզին, իսկ դպրոցի երգի ուսուցչուհին դասն անց է կացնումՙ իբրեւ մեթոդական ուղեցույց օգտագործելով նրանց ամսագրերը: Այլեւս ավելորդ է խոսել այն անտեղյակության մասին, որ ունեն մեր կրթօջախների տնօրենները եւ նույնիսկ «Հայոց եկեղեցու պատմության» նորանշանակ ուսուցիչները, որոնք ուրախությամբ են ընդունում գունազարդ գրքույկներն ու ամսագրերըՙ առանց խորանալու դրանց էության մեջ: Ասվածի վառ ապացույցը վերջերս Վանաձորի մանկապարտեզներում եւ դպրոցներում ավետարանչականների, հոգեգալստականների բաժանած գրքույկներում առկա փաստն է: Մի գրքույկում նշվում է, որ Հիսուսի գույնը կարմիրն է, իսկ մյուսում կարմիր գույնով պատկերված է սատանան: Ինչ դիտարկում կարելի է բերել սրանից առավել, որ խոսի աղանդավորական կազմակերպությունների բաժանած գրականության վտանգավոր լինելու մասին: Կանգ չառնելով ոչնչի առաջՙ նրանք հիմա էլ երեխաներին են գործիք դարձրել իրենց ձեռքին: Աչալուրջ ու խորագետ մանկավարժների հետ բախումից խուսափելու համար նրանք հիմա էլ երեխաների միջոցով են տարածում իրենց գրականությունը: Այս երեւույթից վրդովված ու անհանգստացածՙ Վանաձորի մանկապարտեզների մի խումբ ծնողներ նույնիսկ պատրաստ են իրենց երեխաներին մանկապարտեզ չուղարկելՙ այդ վտանգից իրենց երեխային հեռու պահելու համար:

Հայը գիտի, որ թուրքը որտեղով անցնի, ավեր ու ծուխ է հետեւում թողնումՙ թողնելով նաեւ թուրքական անվանումներ: Հիմա, երբ օրերից մի օր անցնենք երկրով մեկ, հոգեւոր խեղվածության ավերն ու ծուխը կտեսնենք ու կիմանանք, թե աղանդավորների որ տեսակն է անցել այստեղով:

Ժամանակն է, որ կրթության եւ գիտության նախարարությունը հսկի աղանդների համար թիրախ դարձած մեր կրթական օջախներինՙ հայ մանուկին իրապես հայեցի կրթություն տալու եւ նրա մեջ ազգային գաղափարախոսություն սերմանելու հարցում:

ԱՍՏՂԻԿ ԱՍՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4