«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆ

Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար Կասպարով-Կասիմջանով կիսաեզրափակիչ հանդիպումը, որ նախատեսված էր անցկացնել հունվարի 7-30-ը Դուբայում, չի կայանա: Նախատեսվում է այն անցկացնել գարնանը, սակայն առայժմ հայտնի չէ մրցավայրը: Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաեւը: Վերջինս նշել է, որ ոչ ոք հանդիպումը չեղյալ չի համարել, պարզապես ժամկետներն են հետաձգվում: Ոչ մի խոսք չի ասվում մրցանակային հիմնադրամի մասին: Այն պետք է կազմեր 1,2 մլն դոլար:

Նշենք, որ հենց մրցանակային հիմնադրամի պատճառով Կասպարովը ժամանակին նշել էր, որ դժվար թե իր մրցախաղը Կասիմջանովի հետ կայանա: Նա ՖԻԴԵ-ից երաշխիքներ էր պահանջել, որ կազմակերպիչները կապահովեն նշված մրցանակային հիմնադրամը: Թեեւ Կիրսան Իլյումժինովը հավաստիացրել էր, որ գումարն արդեն փոխանցված է բանկի համապատասխան հաշվին, սակայն հետագայում պարզվեց, որ դա այդպես չէ: Դեկտեմբերի սկզբին ՖԻԴԵ-ն նույնիսկ հայտարարեց Դուբայի մրցախաղի կազմակերպիչների հետ իր բանակցությունների դադարեցման մասին, սակայն հետո որոշվեց մինչեւ դեկտեմբերի 5-ը ժամանակ տալ նրանց:

Հայտնի է, որ մրցախաղը կազմակերպելու ցանկություն է հայտնել Թուրքիան եւ ըստ նախնական պայմանավորվածության այն հնարավոր է անցկացնել 2005 թ. գարնանը: Կասպարովը համաձայն է Թուրքիայում խաղալ: Ամեն դեպքում, առայժմ մրցախաղի անցկացումը հարցականի տակ է, թեեւ ՖԻԴԵ-ն հայտարարել է գարնանն այն անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ այս մրցախաղի հաղթողը աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում ուժերը կչափի Վլադիմիր Կրամնիկի հետ, որը հաղթել էր Պետեր Լեկոյին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4