Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ հանդիպել են Բրյուսելում: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա փուլում ծագած որոշ հարցերի շուրջ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Արտգործնախարարները ծրագրում են վերսկսել այսպես կոչված «Պրահայի հանդիպումները»: Այս տարվա ընթացքում Օսկանյանն ու Մամեդյարովը հանդիպել են 6 անգամ: Դեկտեմբերի 5-ին նրանք մտքեր էին փոխանակել Սոֆիայում ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հանդիպման շրջանակներում:
Երեկ Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել Եվրատլանտյան գործակցության խորհրդի արտգործնախարարների տարեկան հանդիպմանը: Օսկանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի, Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: