«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԱՄՆ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Գրում է Բաքվի «Ենի զաման» օրաթերթը

ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, որը մոտակա ամիսներին հեռանալու է իր պաշտոնից, նամակ է հղել Իլհամ Ալիեւին եւ նշել, որ Վաշինգտոնն օգնելու է Ադրբեջանին, որպեսզի նա անդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Բաքվի «Ենի զաման» օրաթերթն ուշադրություն է դարձնում Փաուելի նամակի այն հատվածին, որում ասվում է, որ «Վրաստանի եւ Մոլդովայի ապստամբ շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները շարունակում են մնալ սառեցված, սառը պատերազմից 15 տարի անց»:

«Ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է իր անվամբ, այլ ոչ թե որպես Ադրբեջանի մաս, ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի «ապստամբ շրջանների»: Նպատակաուղղված է Փաուելն անուղղակիորեն հաստատել, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ի դեպ, մեզ համար սա նորություն չէ: Պարզապես մինչեւ այսօր յանկիներն ամեն կերպ երկերեսություն էին անումՙ թաքցնելով այդ փաստը», գրում է «Ենի զամանը»:

Թերթը հիշեցնում է, որ դեռ մի քանի տարի առաջ ԱՄՆ զարգացման գործակալությունն օժանդակում էր Լեռնային Ղարաբաղին: Բացի այդ, ԱՄՆ-ը բյուջեի առանձին տողով ֆինանսական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: «Այսպիսով, արդեն առնվազն 8 տարիՙ սկսած 1997 թ., ԱՄՆ-ը եւ Հայաստանը միակ երկրներն են, որոնք պաշտոնապես աջակցում են Լեռնային Ղարաբաղի «կառավարությանը»: Այլ կերպ, ինչպես հասկանալ այս ամենը, եթե ոչ «ԼՂՀ» փաստացի ճանաչում», գրում է «Ենի զամանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4