«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԻՍԼԱՄԻ, ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԳԻ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ

Դրա բացումը նմանապես անմիջականորեն կատարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը

Դեկտեմբերի 5-ին Պոլսո Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի տարածքում հանդիսավոր կերպով բացվել էր «Հայկական մշակույթի թանգարանը»: Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի հետ թանգարանի բացումը կատարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նույն օրը համապատասխան տեսանյութով բացմանն արձագանքել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, իսկ թուրքական կենտրոնական բոլոր թերթերը հաջորդ օրվա համարներում լայնորեն լուսաբանել էին այդ միջոցառումը, որոնցից շատերը դա ներկայացրին իբրեւ առաջնորդող լուր: Ազգային հիվանդանոցի տարածքում «Հայկական մշակույթի թանգարանի» բացմանը դեկտեմբերի 7-ի համարում արձագանքել էր նաեւ «Ազգը», ընդգծելով, որ անկախ նպատակներից միջոցառմանը վարչապետ Էրդողանի մասնակցությունը միանգամայն ողջունելի է, քանի որ դրականորեն կանդրադառնա պոլսահայ համայնքի դրության վրա:

Ըստ երեւույթին, Թուրքիայի հայ, հույն, հրեա ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության վրա էլ դրականորեն է անդրադառնալու Անթալիայի արվարձաններից Բելեքում դեկտեմբերի 8-ին բացված «Կրոնների այգին», որտեղ կողք-կողքի կառուցվել են եկեղեցի, սինագոգ եւ մզկիթ: Այդ առումով ողջունելի է նաեւ այգու բացումը, որը նույնպես անձամբ կատարեց վարչապետ Էրդողանը:

Ի տարբերություն Սբ. Փրկիչ հիվանդանոցի թանգարանի, «Կրոնների այգու» բացմանն էրդողանի հետ մասնակցել են Հոլանդիայի Եվրոմիության ընդլայնման գծով նախարար Նիկոլայը, Թուրքիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, ներառյալ Պաղեստինի ներկայացուցիչն ու Իսրայելի դեսպանը, ինչպես նաեւ երկրի մահմեդական, քրիստոնեական եւ հուդայական կրոնապետները:

Նրանցից թերեւս «տիեզերականի» կոչման շուրջ ծագած սուր բանավեճերի պատճառով բացմանը չի ներկայացել Կ. Պոլսո հունաց պատրիարք Բարթուղիմեոսը, չնայած հրավիրված է եղել, հետեւաբար արարողությանը հույն ուղղափառ եկեղեցին ներկայացրել է պատրիարքի ներկայացուցիչ Դասիտեոս Արագնոստոպուլոսը, իսկ Վատիկանի կաթոլիկ եկեղեցինՙ հայր Ալֆոնսո Սամութը:

Համենայն դեպս, Բելեքի «Կրոնների այգին» վարչապետ Էրդողանը բացել է Թուրքիայում կրոնական գործերի վարչության պետ Ալի Բարդաքօղլուի, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի, Թուրքիայի հրեաների խախամապետ Իցխակ Հալեւայի, Արագնոստոպուլոսի եւ Սամութի հետ, միասնաբար կտրելով ժապավենը:

Այնուհետեւ վարչապետ Էրդողանը ելույթ է ունեցել, ընդգծել է «հարյուրավոր տարիների վաղեմություն ունեցող կրոնական հանդուրժողականության առկայությունը Թուրքիայում», նշել է, որ մարդկությունը դարձել է տեխնոլոգիայի, այսինքնՙ իր իսկ ստեղծածի ստրուկը, անդրադարձել է մարդու կյանքում կրոնի դերին, կյանքի իմաստի պահպանումը որակել է մարդկանց ամենասուրբ իրավունքը եւ շարունակել. «Ոչ ոք մարդու ամենասուրբ արժեքները շահարկելու իրավունք չունի, ոչ ոք չի կարող անարգել մեկ ուրիշի սրբությունը»:

Թուրքիան համարելով տարածաշրջանում խաղաղության եւ եղբայրության երաշխիք, Էրդողանը կոչ է արել բոլորին պայքարելու մոլեռանդության դեմ, ապա եւ ավելացրել է. «Նրանք, ովքեր ոտք կդնեն երկնային երեք կրոնների աղոթարանները միավորող այս այգին, այլեւս ծուռ աչքով չեն նայի մեր երկրին: Մենք այս երկրում տարիներով ապրել ենք միասնաբար: Մեր երկիրն այն տարածքն է, որտեղ համամարդկային արժեքները պահպանվում են իբրեւ գանձ»:

Դրան են հետեւել կրոնապետների ելույթները: Ալի Բարդաքօղլուն մասնավորապես ընդգծել է կրոնների եւ քաղաքակրթությունների երկխոսության եւ հանդուրժողականության կարեւորությունը: Մեսրոպ Բ Մութաֆյանը Թուրքիան համարել է համամարդկային արժեքների պատմության բացօթյա թանգարան: Իցխակ Հալեւան, ակնարկելով ԵՄ-ի մասին, նշել է, որ այգին լավագույն պատասխանն է նրանց, ովքեր վիճարկում են Թուրքիայում կրոնի եւ դավանանքի ազատությունը: Դասիտեոս Արագնոստոպուլոսը ցանկություն է հայտնել, որ կրոնների այգին որպես հանդուրժողականության խորհրդանիշ օրինակ ծառայի, իսկ Ալֆոնսո Սամութն, անդրադառնալով այգու բացմանը, դա անվանել է շրջադարձ Թուրքիայի պատմության մեջՙ պատճառաբանելով, որ երկրում վերջին 80 տարիներին չի կառուցվել գեթ մեկ եկեղեցի: Նա միաժամանակ նշել է, որ Վատիկանը թեեւ չի հավակնել Թուրքիայի կաթոլիկ եկեղեցիների արտոնատիրոջ իրավունքին, սակայն այդ իրավունքը նրան պետք է տրամադրել, որովհետեւ եթե շարունակվի քրիստոնյա բնակչության քանակի նվազումը Թուրքիայում, ապա թուրքերը ստիպված կլինեն հպարտանալ մահմեդականներով միայն: Այսպիսով, ավելորդ կդառնա երկրում կրոնական խճանկարի մասին խոսելը:

Վատիկանի ներկայացուցչի այս խոսքերից հետո, ինչպես դեկտեմբերի 9-ի համարում նշում է «Հյուրիեթը», ներկաներից ոմանք կիտել են հոնքերը: Հակառակ դրան Սբ. Փրկիչ հիվանդանոցի «Հայկական մշակույթի թանգարանի» բացմանը վարչապետ Էրդողանի մասնակցության առնչությամբ Մութաֆյան պատրիարքի խոսքերը, թե դա ցուցանիշն է Թուրքիայում կատարվող բարեփոխումների, ինչպես նաեւ Էրդողանի կառավարության անկեղծության, հավանության են արժանացել: Այլապես «Ենի շաֆաք» թերթը «Կրոնների այգու» բացումը լուսաբանելիս վերստին չէր անդրադառնա թանգարանի բացմանը, ոչ էլ ընդարձակ մեջբերում կկատարեր Պոլսո հայոց պատրիարքի խոսքերից:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4