Բաքվի «525 գազեթ» պարբերականը գրում է, որ Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման իր պատրաստակամությունը պայմանավորված է այս նահանգում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով: Ալիբեյօղլուն նշել է, թե «սահմանի բացման անհրաժեշտություն կարող է չլինել, եթե Ադրբեջանը ներդրումներ անի այս նահանգի տնտեսությունում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոտ մեկ ամիս առաջ Կարսի քաղաքապետը 50 հազար ստորագրություն էր հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման: Այն ժամանակ Ալիբեյօղլուն կարծիք էր հայտնել, թե Թուրքիան եւ Հայաստանը մեծապես կշահեն, եթե բացվեն ավտոճանապարհներն ու Կարս-Գյումրի երկաթուղին: «Չէ՞ որ Կարսը շատ ավելի մոտ է Հայաստանին, քան Թուրքիայի խոշոր բնակավայրերին», ասել էր քաղաքապետը, համոզմունք հայտնելով, որ սահմանի բացումը կնպաստի խաղաղության հաստատմանը ողջ տարածաշրջանում: