«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԲԱՑԱՌԻԿ ԸՆՏԻՐ ԳԻՐՔ ՄԵՐ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՄԱՍԻՆ

Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» վեպը

2004 թվականը հայ մշակույթի համար տոն պիտի լիներ իր հոբելյաններով: Չեղավ: Գոնե պիտի շուքով նշեինք համաշխարհային չափանիշներով այնպիսի մեկի ծննդյան 100-ամյակը, որպիսին Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկին է: Շուքը չեղավ: Մեկ-երկու նախանձախնդիրներ եղան, որոնք իրենց վերջին խնայողությունների հաշվին կամ հովանավոր գտնելու անհույս որոնումներով ինչ-որ բան արեցին: Քիչ էր: Հույսեր չէինք կապում նաեւ մշակույթի մեկ տոկոսանոց նախարարության հետ: Գրքեր չտպվեցին, համեմատաբար լիարժեք ցուցադրություններ չեղան... Ու հանկարծ, բախտ ունեցա կարդալու Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» վեպը (Լոս Անջելես, 2004, տպագրված է Բեյրութի (Լիբանան) «Սիփան» հրատարակչատանը):

Արշիլ Գորկու մասին բավականին նյութ ունեմ հավաքած: Ու ամեն անգամ մի նոր նյութիՙ հիշողության, նամակի, փաստաթղթի հանդիպելիս կանխակալ վախ ունեմ մեջս. հերթական հիասթափությունը չապրե՞մ: Այսպես էր նաեւ Սարգիս Վահագնի հեղինակած գրքի պարագայում:

Հեղինակի անունը, համոթ ինձ, ոչինչ չէր հուշում: Սակայն գիրքը կարդացվեց մեկ շնչով ու նորից, մանրամասն կարդալու ցանկություն եկավ: Ի պատիվ հեղինակի ասեմ, որ հրաշալի գիրք է գրել, գրել է նյութի իմացությամբ ու սիրով:

Լավ գիրք գրելու համար (հատկապեսՙ կենսագրական վեպ) պարտադիր է ոչ միայն հերոսիդ կյանքն ամբողջությամբ իմանալը, գրելու շնորհ ունենալը, այլեւՙ սերը: Սարգիս Վահագնի մոտ այս երեք բաղադրիչներն էլ կան: Արշիլ Գորկու նման բարձրաճաշակ, բայց բարդ արվեստագետը, բարդ, խորհրդավոր կենսագրության տեր մարդը մեր աչքի առջեւ պատկերվում է հստակորեն, առանց արվեստագիտական նեղ բնորոշումների, բայց նաեւՙ ոչ պարզունակ: Ամենախորին խորքերն է մտնում Սարգիս Վահագնը իր հերոսին «պեղելու» համար: Իսկ նրան գտնելովՙ ցուցադրում է հյութեղ, անկրկնելի լեզվով:

Ահա, թե ինչպես է նկարագրված հանրահայտ «Արվեստագետը եւ իր մայրը» նկարի Գորկու աշխատանքը. «...Ու մոռցավ ժամանակը, որ երեկոյին կը մօտենար, չլսեց երկար ու յամեցող դռան զանգը, եւ նոյնիսկ չանդրադարձաւ երկու օրուան քաղցածութեան: Անզսպելի խոյանքով, տեսակ մը նոր կատաղութեամբ փարեցաւ գործին...»: Զուտ տեխնիկական աշխատանքի նկարագրություն չի անում Սարգիս Վահագնը: Ինքը նկարում է Գորկու հետ, մեզ ականատես դարձնելով հանճարեղ գործի ծննդին: Ու մեզ էլ է թվում, թե նկարում ենք Գորկու ձեռքերով, աչքերով, հոգով. «...Սրճագոյնը առանձին բաւարար չեղաւ: Հպանք մը կարմիր խառնեց, կասկած մը սեւ ու դեղինՙ ու յօնքերը կամարուեցան իրենց անթերի կորութեամբ, իջան զուգահեռ եւ նրբօրէն առկախութեան բերանին վրայ: Ապա մօրը աչքերը, աշխարհի եւ մարդոց մրափող խղճին դիմաց բացուեցան զարմացումով, եւ նշաձեւ անմեղութեամբ, իրենց սեւ մաքրութեան մէջ ծաւալեցին սպիտակ թախիծը սուրբ...»:

Դիտե՞լ եք Գորկու «Արվեստագետը եւ իր մայրը» գործը: Անշուշտ, դիտել եք: Հիմա պարզ է, չէ՞, թե ինչպես է ստեղծվել այս հրաշալի գործը: Այս նկարում ողբերգություն ապրած կերպարներն ստեղծելու համար բնավ կարիք չի զգացվել վառ, պրկված գույներ օգտագործելու, ձիգ վրձնահարվածներ անելու: Լեղակագույնը ամեն ինչ ասում է, ամեն մի խռովք ու երազանք բացատրում:

Սարգիս Վահագնի գրչի շնորհիվ ծանոթ ենք դառնում ստեղծագործության բանաձեւի բացատրությանըՙ Արշիլ Գորկու խոսքերով. «...ստեղծագործել կը նշանակէ գոյութիւն տալ բանի մը որ չկար, կամ աւելի ճիշդը, տեսողական մեր հասողութեան, ընկալումին ենթակայ չէր: Ու մենք բոլորս լաւ գիտենք, որ տեսողականը, երեւցածը իրականութեան միայն մէկ փոքր երեսն է: Եթէ կ՛ընդունինք որ ամէն իր, առարկայ, արարած եւ բնութիւն մեկա տիեզերքին մայքրօ մասնիկն է, այսինքն ինքնին մանրիկ տիեզերքՙ մեծ տիեզերքին յար եւ նման, բարդ ու անսահման, ուր երեւելին այնքան սահմանափակ է ու խաբուսիկ, իսկ աներեւոյթը անսահման է եւ հետաքրքրական...»:

Սա մի փոքրիկ քաղվածք է 20-րդ դարի 30-40-ական թվականների նկարչության մանիֆեստներից մեկից, որի հեղինակն ինքըՙ Արշիլ Գորկին է: Առանձին կոնտեքստում այս միտքը խիստ մասնագիտական, գուցեեւ ձանձրալի լիներ: Սակայն Սարգիս Վահագնը առանց արվեստագետի ու գրողի խելացիության ձեւեր անելու ընթերցողին հասկանալի է դարձնում Արշիլ Գորկու մաքսիմը:

Սարգիս Վահագնը կարողանում է նաեւ բացատրել Գորկու ստեղծագործության բնութագրումը իր իսկՙ Գորկու մտորումների շնորհիվ: Այցելելով Նյու Յորքի «Պիեռ Մատիս» ցուցասրահում բացված Ֆերնան Լեժեի մի քանի ստեղծագործությունների ցուցադրությանը, Վահագնի օգնությամբ Արշիլ Գորկին խորհում է իր ստեղծագործության իրական արժեքի մասին. «...Հրճուանքով հաստատեց, թէ իր որմնապաստառները պատուով կրնային դիմագրաւել առճակատում մը այս նկարներուն հետ: Անոնք ալ մարդուն եւ մեքենականութեան հակադրութիւնն ու համադրութիւնը կփորձեին ընդգրկել, միայն թէ իր մօտ գիծերու կարգապահութիւնը փոխարինուած էր ձեւի ծաւալումով, յանգելու համար նոյն վճիտ պայծառատեսութեան...»: Արշիլ Գորկին շատ լավ է գիտակցում, որ Լեժեն հուզում է, իսկ ինքըՙ ցնցում: Ինչո՞ւ, ո՞րն է Արշիլ Գորկու արվեստի այս ցնցող ազդեցության ֆենոմենը:

Սարգիս Վահագնը այս ամենի բացատրությունը գտնում է ոչ միայն մեր մեծ հայրենակցի կենսագրությունում, նրա հիացումներում ու հուսախաբություններում, այլեւ 20-րդ դարասկզբի հոգեբանական լիցքերում: Մարդը միայնակ է, մարդն իր ու աշխարհիկ իրականության միջեւ պատ է քաշել եւ ինքն իր հոգու խորքերն է մտել, ինքն իրեն է փորձում հայտնաբերել: Եվ քանի որ հոգեբանական այս գործընթացն անչափ նուրբ մոտեցումներ է պահում, աշխարհիկ հարաբերության ամեն մի սուր զգացողության կարող է ահավոր վթարների տանել: Հատկապեսՙ ստեղծագործող մարդուն:

«...Վաղ առաւօտուն, արդէն պատրաստած օղակաւոր չուանը վերցնելով ուղղուեցաւ դէպի ջրվեժի լքուած ջրաղացը: Հոն, պարզ խաւաքարտի մը վրան, կաւիճով գրեց.- «Մնա՜ք բարով, սիրելիներ»... Տարին 1948-ն էր, Յուլիսի 21-ը: Քառասուն եւ չորս տարեկան էր միայն...»:

Ողբերգական վերջաբան ունեցող այս գիրքը, սակայն, մռայլ տրամադրությամբ չես փակում: Կրկին ցանկանում ես բացել, կարդալ: Այնքա՜ն լուսավոր ու այնքա՜ն հզոր Արշիլ Գորկի է այստեղ: Նաեւՙ շատ քնքուշ, չնայած հաճախ հուսախաբ (վկաՙ իր սերերն ու իր ամուսնությունները):

Հեղինակիՙ Սարգիս Վահագնի բնորոշմամբ այս գիրքը բնավ հավակնություն չունի «տառացիօրէն ճշգրիտ եւ մանրամասն կենսագրական ուսումնասիրութիւն մը» լինելու: Առավել եւս Արշիլ Գորկու ստեղծագործության արվեստագիտական մեկնություն չէ: Բացառիկ գիրք է բացառիկ մարդու մասին: Եվ, հուրախություն ընթերցողի, գրված է բացառիկ վարպետությամբ ու սիրով:

Փառք Աստծո, որ Սարգիս Վահագնի նման գրող ունենք:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4