Մանկավարժ Հովսեփ Նալբանդյանի հեղինակությամբ հրատարակված «Լոյս» քառահատորյակն ուղղված է հայ դպրոցականներին իբրեւ ընդհանուր գիտելիքներ հաղորդող լրացուցիչ ձեռնարկՙ ազգային, միջազգային պատմական եւ այլ ոլորտներին առնչվող թեմաներով: Առանձին բաժիններով ներկայացված են քաղաքական, մշակութային, գիտական աշխարհի նշանավոր դեմքեր, դեպքեր, երեւույթներ: Հետաքրքրական է տարբեր ժամանակներում հիմնած մեր կրթական շուրջ 445 հաստատությունների մասին բաժինը: Քառահատորյակի Դ հատորըՙ հրատարակված 2003 թ., աշխարհի ժողովուրդների պատմության, քաղաքական վայրիվերումների, արժեքների, մշակութային, գիտական եւ այլ մարզերում արձանագրված նվաճումների ու իրագործումների հարուստ հանրագիտարան է:
Հեղինակի տարիների աշխատատար այս գործը հայոց լեզվի, գրականության եւ հայոց պատմության դասագրքերին զուգահեռ որպես օժանդակ ձեռնարկ հանձնարարելի է ինչպես սփյուռքահայ, այնպես էլ հայաստանյան դպրոցներին: Այս մասին տեղեկանում ենք «Նոր օր» շաբաթաթերթում Երվանդ Ակիշյանի հրապարակումից, որում հոդվածագիրն առաջարկում է նաեւ սփյուռքահայ վարժարանների ուսծրագրերում ավելացնել հայրենագիտություն, Հայաստանի դպրոցներումՙ սփյուռքագիտություն առարկաները:
Հոդվածագիրը տեղեկացնում է նաեւ, որ 1999-2004 թթ. աշխարհի 8 երկրների 61 դպրոցներում հեղինակի անձնական միջոցներով եւ հովանավորողների նյութական աջակցությամբ անվճար բաժանվել է 4738 գիրք:
Մ. Բ.