«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


«ՓԱԿՈՒՂԻ, ՈՐԻ ՀԵՏՆԱՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՎՐԱ ՆԿԱՐՎԱԾ Է ՄԻԱՅՆ ԽԱՎԱՐ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Վերջին տարիներին տասնյակ նախագծեր, փաստաթղթեր ենք ներկայացրել համապատասխան մարմիններ, արդյունքը եղել է կատարյալ անտարբերությունը, լռությունը, եթե չասեմ արհամարհանքը: Սակայն մենք դեռ չենք կորցրել մեր բոլոր ակնկալություններն ու սպասումները: Մշակույթի, գիտության, ուսման հարցերը, ցավոք, տեղ չեն գտել ոչ նախկին սահմանադրության, ոչ էլ ներկայումս մշակվող տարբերակների մեջ:

Մեզ տանում են մի փակուղի, որի հետնավարագույրի վրա նկարված է միայն խավար, մենք չունենք ոչ ներկա, ոչ առավել եւս ապագա: Ժամանակները փոխվել են, այլ երկրներում կատարվում են այլեւայլ գործողություններ, փառք աստծո, մենք դեռեւս ուկրաինական, աբխազական վայրիվերումներից հեռու ենք: Սակայն բոլորիս հուզում է այն վտանգը, որ կախված է հետխորհրդային բոլոր ժողովուրդների գլխին: Դա մասնատվածությունն է, հակադրումը մեկը մյուսին եւ ի վերջո ժողովրդական կամքի ու հանրային մտածողության անդամալուծումը»: Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի համանախագահ, թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի այս խոսքերը երեկ հնչեցին ԳԱ ակադեմիայի նախագահության դահլիճում, ուր տեղի ունեցավ մշակույթի կենսագործունեության, պաշտպանվածության, անվտանգության եւ զարգացման հիմնահարցերին նվիրված համաժողովըՙ Հայաստանի ստեղծագործական միությունների, գիտությունների ազգային ակադեմիայի եւ հիշյալ կենտրոնի նախաձեռնությամբ:

Նրանց գլխավոր գերխնդիրը, ինչպես նշեց գրողների միության քարտուղար Լեւոն Անանյանը, Հայաստանի մշակութային արժեքներին ու վաղվա օրվան տեր կանգնելն է: Ազգային արժեքների ու մշակույթի հանդեպ պատասխանատվությունն ու բարոյապես առողջ երկիր ունենալու մղումն է միավորել նրանց, նաեւ ազգային ինքնության ու պետականության կորստի տագնապը:

Վերջին մտահոգությունն արտահայտեցին նաեւ պրոֆեսոր Կարինե Դանիելյանն ու Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը: «Եթե շարունակենք այս քայլերով առաջ գնալ, կունենանք մի տարածք, որի անունը գուցե կմնա Հայաստան, բայց այստեղ կապրեն շատ ազգեր, ինչպես Մ. Նահանգներում, եւ այլեւս չի լինի ազգային պետություն: Խնդիրն այսօր հետեւյալն էՙ ուզո՞ւմ ենք դիմակայել, թե՞ ոչ:

Սահմանադրության մեջ գրված ամեն մի բառ հսկայական նշանակություն ունի, քանի որ ամրագրում է Հայաստան - արտաքին աշխարհ հարաբերությունները», ասաց տկն Դանիելյանը:

Պրն Ավագյանը ազգային ինքնությունը պահպանելու նկատառումով անհրաժեշտ համարեց մեր երկիրը մեր ուժերով ներսից շրջափակելՙ ամեն տեսակ աղանդների, օտար թելադրանքների, վնասակար դրամաշնորհների եւ այլ վտանգավոր երեւույթների ներթափանցում թույլ չտալու համար:

«Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը ընդգծեց, որ մեր երկրի մտավոր ներուժը բավականին մեծ է եւ բնավ կարիք չունենք հիմնվելու այլ երկրների մշակած սահմանադրությունների վրա: Հայաստանի սահմանադրությունը, ըստ նրա, պետք է մշակեն գիտության եւ մշակույթի ներկայացուցիչները, իսկ իշխանավորները հանդես գան լրացուցիչ առաջարկներով, մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակը:

«Եթե սահմանդրության մեջ չկա մշակույթի մասին կետ, բնական է, որ այդ երկիրը չի ունենա ազգային ոգի եւ գաղափարախոսություն, որոնք բանակի հիմքն են կազմում», ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Սամվել Եղիազարյանը, որը հետեւելով քաղաքական վերջին անցուդարձերին, եկել է այն եզրակացության, որ մեր երկրում զարմանալի եւ ապշեցուցիչ երեւույթներ են տեղի ունենում: Դրանցից ազատվելու միակ ուղին նա համարում է մտավորականության համախմբումը եւ հասարակության հետ նրա անմիջական շփումը:

Մշակույթի ընդհանուր քաղաքականությանը վերաբերող հարցերը քննարկելուց հետո համաժողովի մասնակիցները ներկայացրին սահմանադրության մեջ մշակույթի հիմնախնդիրներ ամրագրելու հայեցակարգեր: Առաջարկները մշակելուց հետո ամբողջական փաթեթը կուղարկվի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով:

Հայաստանում ընթացիկ եւ հեռահար մշակութային քաղաքականություն հաստատելու նպատակով դրվեց նաեւ մշակույթի համագումար հրավիրելու հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4