Վերջնագիծը հատեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը, որի արդյունքներով հայտնի դարձան այն 16 ուժեղագույնները, որոնք կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար: 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին «Մոնակոն», «Բայերը», «Յուվենտուսը», «Լիոնը», «Արսենալը», «Միլանը», «Ինտերը», «Չելսին», «Լիվերպուլը», «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթր Յունայթեդը», «Էյնդհովենը», «Բարսելոնը», «Վերդերն» ու «Պորտոն»: Ութ թիմերՙ «Օլիմպիակոսը», Կիեւի «Դինամոն», «Այաքսը», «Ֆեներբահչեն», «Պանատինաիկոսը», «Շախտյորը», «Վալենսիան» ու ԲԿՄԱ-ն հանդես կգան ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/16 եզրափակիչում:
Խմբային մրցաշարի մրցումների ավարտական օրն ամենախճճված իրավիճակը ստեղծվել էր «A» խմբում, որտեղ 10 միավորով աղյուսակը գլխավորում էր «Օլիմպիակոսը», իսկ «Մոնակոն» եւ «Լիվերպուլը» հետապնդում էին հույներին: «Օլիմպիակոսի» հետ խաղում «Լիվերպուլին» հաղթանակ էր անհրաժեշտ: Հանդիպումն անհաջող սկսվեց անգլիացիների համար: 27-րդ րոպեին բրազիլացի Ռիվալդոն տուգանային հարվածով առաջ մղեց հույներին: Սակայն 2-րդ խաղակեսում «Լիվերպուլին» հաջողվեց 3 անպատասխան գնդակ խփել եւ հաղթել մրցակցին: «Մոնակոն» էլ իր հերթին հյուրընկալվելիս ջախջախեց «Դեպորտիվոյին» (5-0), որի արդյունքում «Օլիմպիակոսը» դուրս մնաց չեմպիոնների լիգայից:
Անհաջողության մատնվեց նաեւ Կիեւի «Դինամոն», որը լավ հնարավորություն էր պահպանում շարունակելու պայքարը: «Բայերի» հետ խաղում դինամոյականներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Բայց Լեւերկուզենում ուկրաինացիներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան ու 0-3 հաշվով պարտվեցին: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո, երբ Ժուանը, Վորոնինն ու Բաբիչը 3 անգամ գրավեցին «Դինամոյի» դարպասը: Բնականաբար, դինամոյականների գլխավոր մարզիչ Իոսիֆ Սաբոն հիասթափված էր իր սաների ելույթից «Այսօր մենք խաղադաշտում լավ չպայքարեցինք: Ֆուտբոլիստները կարծում էին, թե խաղն իրենց համար հեշտ կստացվի, սակայն չարաչար սխալվեցին: Հարկավոր էր պատասխանատվությամբ մոտենալ վճռորոշ հանդիպմանը»:
«C» եւ «D» խմբերում հաջորդ փուլի մասնակիցներն արդեն հայտնի էին: Ընդ որում «C» խմբում «Յուվենտուսը« ժամկետից շուտ ապահովել էր առաջին տեղը: Ավարտական տուրում իտալացիներն առաջին միավորները կորցրինՙ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ: «Յուվենտուսին» պարտությունից փրկեց Դել Պիեռոն: «Այաքսի» ֆուտբոլիստները ոչ-ոքիՙ (2-2) ավարտելով հանդիպումը «Բավարիայի» հետ, խմբում գրավեցին 3-րդ տեղը եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին: «D» խմբում ավարտական տուրի հանդիպումները պետք է անվանեին հաղթողին: «Մանչեսթր յունայթեդը» «Ֆեներբահչեի» հետ խաղում ինչպես երեւում է խնդիր չէր դրել խմբում գրավել առաջին տեղը: Ալեքս Ֆերգյուսոնը հիմնական կազմից խաղադաշտ էր դուրս բերել միայն Քրիստիան Ռոնալդուին: Բնականաբար, հյուրերը չկարողացան լրջորեն դիմադրել մրցակցին եւ 0-3 հաշվով պարտվեցին: Թուրքերից աչքի ընկավ Թունչայ Սանլինՙ դառնալով «հեթ-տրիկի» հեղինակ:
Իսկ ահա Ֆրանսիայի չեմպիոն «Լիոնը» «Սպարտայի» հետ խաղում շատ ակտիվ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեց եւ պարզապես ջախջախեց չեխերինՙ 5 անպատասխան գնդակ ուղարկելով նրանց դարպասը:
Եվ այսպես, ավարտվեցին չեմպիոնների լիգայի այս տարվա խաղացանկով նախատեսված հանդիպումները: Դեկտեմբերի 17-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի կունենա չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/16 եզրափակիչի մասնակիցների վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղերը կկայանան փետրվարի 22-23-ին եւ մարտի 8-9-ին, իսկ ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16-ին եւ 24-ին
Մրցաշարային աղյուսակներ
«A» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Մոնակո | 6 | 4 | 0 | 2 | 10-4 | 12 |
2. Լիվերպուլ | 6 | 3 | 1 | 2 | 6-3 | 10 |
3. Օլիմպիակոս | 6 | 3 | 1 | 2 | 5-5 | 10 |
4. Դեպորտիվո | 6 | 0 | 2 | 4 | 0-9 | 2 |
«B» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Բայեր | 6 | 3 | 2 | 1 | 13-7 | 11 |
2. Ռեալ | 6 | 3 | 2 | 1 | 11-8 | 11 |
3. Դինամո | 6 | 3 | 1 | 2 | 11-8 | 10 |
4. Ռոմա | 6 | 0 | 1 | 5 | 4-16 | 10 |
«C» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Յուվենտուս | 6 | 5 | 1 | 0 | 6-1 | 16 |
2. Բավարիա | 6 | 3 | 1 | 2 | 12-5 | 10 |
3. Այաքս | 6 | 1 | 1 | 4 | 6-10 | 4 |
4. Մաքքաբի | 6 | 1 | 1 | 4 | 4-12 | 4 |
«D» խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Լիոն | 6 | 4 | 1 | 1 | 17-8 | 13 |
2. Մանչեսթր յուն. | 6 | 3 | 2 | 1 | 14-9 | 11 |
3. Փեներբահչե | 6 | 3 | 0 | 3 | 10-13 | 9 |
4. Սպարտա | 6 | 0 | 1 | 5 | 2-13 | 1 |