«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Պրոֆեսիոնալ շախմատիստների ընկերակցությունը հրապարակել է վարկանիշային հերթական ցուցակը այն շախմատիստների համար, որոնց անհատական գործակիցը 2500-ից բարձր է: Ինչպես եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում, այստեղ էլ ցուցակը գլխավորում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը (2745): Ճիշտ է, հուլիսի համեմատ նրա գործակիցը նվազել է 19 միավորով: Դա թույլ է տվել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին ընդհուպ մոտենալ առաջատարինՙ նրան զիջելով ընդամենը 5 միավորով: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2715), Վեսելին Թոփալովը (2714), Մայքլ Ադամսը (2695), Հուդիթ Պոլգարը (2690), Վլադիմիր Կրամնիկը (2685), Պետեր Լեկոն (2680), Պյոտր Սվիդլերը (2680) եւ Բորիս Գելֆանդը (2665):

Հայ շախմատիստներից ցուցակում ամենաբարձր տեղը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը (2636): 22-ամյա գրոսմայստերը հուլիսի համեմատ իր գործակիցն ավելացրել է 19-ով: Նրան ընդամենը մեկ միավորով է զիջում Վլադիմիր Հակոբյանը, որը 21-րդ տեղում է: Հաջորդը Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանն է: Նա 2603 գործակցով 40-րդ տեղում է: Մեր ամենափորձառու ու տարիքով գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (2587) 51-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 53-ամյա շախմատիստն իր գործակիցը բարձրացրել է 20-ով: 100 լավագույն շախմատիստների թվում են նաեւ Սմբատ Լպուտյանը (2569, 74-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանն (2559, 87-րդ տեղ) ու Կարեն Ասրյանը (2558, 89-րդ տեղ): 2-րդ հարյուրյակում է Արտաշես Մինասյանը (2524, 161-րդ տեղ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4