Երիտասարդներն այլեւս գյուղական կյանքով ապրել չեն ուզում
Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գեւորգյանին
այսօր ամենից շատ հուզում է մարդկանց անտարբերությունը ոչ միայն հայրենի գյուղի, այլեւ իրենց ճակատագրի նկատմամբ: Այդ ախտի սպեղանին նա համարում է մարդկանց իրենց համայնքի տերը դարձնելու, նրանց համար զբաղվածություն ապահովելու, կարիքավորներին ձեռք մեկնելու, բռնության ենթարկվածներին օգնելու յուրաքանչյուրի պատրաստակամությունը:
Գեղարքունիքի մարզի գյուղերում եւ Մարտունի քաղաքում խորհրդատվական ծառայություն մատուցելու ընթացքում նա նկատել է, որ ամենասուրը ընտանեկան խնդիրներն ենՙ ամուսնալուծություն, գույքի պահանջ, ծեծ, բռնություն եւ այլն:
«Ես բնավ չեմ կարծում, որ ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանի համար ամենագլխավորն է, կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնք բռնության առաջացման լուրջ պատճառ են դառնում: Բացի դրանցից, գյուղական ավանդույթների համաձայն տղամարդը իշխող դերում պետք է լինի: Անկեղծ ասած, ես լիովին համաձայն եմ, որ տան ուժն ու գլուխը տղամարդն է, բայց երբ ուժեղի դերը ընտանիքում փոխանցվում է կնոջը, տղամարդուն ի վերուստ տրված ուժն այլ դրսեւորումներ է ստանում: Իսկ դա տեղի է ունենում հիմնականում սոցիալական վատ պայմանների պատճառով: Երբ տղամարդը չի աշխատում, ընտանիքում կորցնում է իր դերը, ինչը շատ ցավալի է», ասում է նա:
Ներքին Գետաշենից մի կին պատմել է, որ ամուսինն իրեն ծեծել ու տնից դուրս է արել: Կինը դիմել է ոստիկանություն, ամուսինը կրել է 6-ամսյա հարկադիր պատիժ, որի համար կնոջն այլեւս տուն չի թողել եւ նույնիսկ զրկել է երեխաներին տեսնելու իրավունքից: Խորհուրդը դիմել է գյուղապետին, որպեսզի մորը երեխաներին տեսնելու հնարավորություն տան, սակայն ընտանիքի մեծերն ասել են, որ «ամուսնու ծեծից ոստիկանություն փախչող կինը երեխաներին կարող է տեսնել միայն պատշգամբից»:
Մարտունի քաղաքից 4 երեխաների մի մայր պատմել է, որ ամուսինը ծեծում է երեխաներին, հատկապես ավագ որդուն, որն ուղղակի սարսափում է հորից: Մայրն անհանգստացել է, որ դրանից որդին հոգեկան խնդիրներ կունենա: Կանանց խորհրդի հոգեբանը մի քանի սեանսներ է անցկացրել մոր եւ երեխաների հետ, իսկ փաստաբանը ընտանիքի հորը զգուշացրել է, որ ծեծը շարունակելու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության: Այդ կերպ հնարավոր է դարձել ընտանիքը փրկել ամենօրյա բռնությունից:
Եղել է այնպիսի դեպք, երբ երիտասարդ կինը դիմել է հարբեցող ամուսնուց գլուխն ազատելու խնդրանքով, սակայն խորհրդի կազմակերպած «Անձի հոգեբանություն», «Ընտանիքի վերականգնում» դասընթացներին մասնակցելուց հետո փոխել է մտադրությունը, հասկանալով, որ մեղավոր է եղել նաեւ ինքը, ամուսնուց շատ ավելին է պահանջել, քան վերջինս ի վիճակի էր:
«Այսօրինակ հարցերով մեր մարզի համայնքներում զբաղվողներ չկան, մարզի ղեկավարները զբաղված են այլ խնդիրներով եւ միջամտում են միայն ծայրահեղ դեպքերումՙ սպանություն, դանակահարություն, դաժան ծեծ եւ այլն: Գյուղերում կանայք իսկապես պաշտպանվածության կարիք ունեն: Ընտանեկան բռնության դեպքերը մեզանից պահանջում են շատ զգույշ մոտեցում, որպեսզի մարդկանց մեջ անվստահության զգացում չառաջանա», ասում է տկն Գեւորգյանը:
Բռնության ենթարկված կանանցից միայն ծայրագույն վիճակի մեջ գտնվողներն են տեղավորվում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ Մարտունի քաղաքում կառուցված ժամանակավոր կացարանում: Օրինակ, Լիճք գյուղից մի երիտասարդ կնոջ սկեսուրը տնից դուրս է արել, նա ստիպված տեղ է խնդրել կացարանում, մինչեւ Ռուսաստանում գտնվող ամուսնուն տեղեկացնի իր վիճակի մասին: Տկն Գեւորգյանի ասելով, կացարան տրամադրվում է միայն այն դեպքում, եթե տեսանելի են ընտանեկան խնդրի լուծման ուղիները, ամուսնալուծության ձգտող ոչ մի կնոջ կացարանում տեղ չի տրվում, անպայման հաշվի է առնվում կնոջ բարոյական բնութագիրը, որպեսզի կացարանի անունը չվարկաբեկվի: Բռնության ենթարկված կանայք կացարանում կարող են մնալ մի քանի ժամից մինչեւ 3 ամիս:
Մարտունու քաղաքից մի կնոջ տնից դուրս են արել 4 ամսական երեխայի հետ: Ամուսինն ու սկեսուրը մյուս 2 երեխաներին պահել են եւ կամեցել կնոջը զրկել տուն ունենալու իրավունքից, քանի որ վերջինս իրենց տանը գրանցված չի եղել: Միայն փաստաբանի միջամտությունից հետո են նրանք համաձայնել կնոջը տուն ընդունել:
«Մի հարվածիր, քանզի այնտեղ, ուր ուժն է թագավորում, բանականությունը լռում է» կենցաղային բռնությունները դատապարտող տեսահոլովակը ցուցադրվում է մարզի 3 հեռուստաընկերություններում: Ամեն կիրակի ցուցադրվում է նաեւ թրաֆիկինգի վտանգի մասին զգուշացնող տեսահոլովակը:
Այս տարի ավելացել է նաեւ սեռավարակների խնդիրը, քանի որ կանանցից շատերի ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ ձմռանը մի քանի ամսով վերադառնալով իրենց աշխատած գումարի հետ բերում են նաեւ սեռական բազում հիվանդություններ, որոնք այսօր սարսափելի տարածված են Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Մարտունի քաղաքի գինեկոլոգի տվյալներով, այս տարվա սեպտեմբերին բժշկի դիմած կանանց 60 տոկոսը հիվանդ է եղել սեռավարակ հիվանդություններով:
Տկն Գեւորգյանը պատմում է, որ մարզի բնակիչներն առանձնակի ուշադրությամբ են հետեւում մարզային հեռուստաընկերություններով ցուցադրվող հաղորդումներին, լուրերին:
Իսկ ԱԼՄ-ի համերգնե՞րը: Երեւանում տարածված կարծի՞քը, թե գյուղերում բոլորը միայն ԱԼՄ-ի համերգներն են դիտում: «Գուցե դա ԱԼՄ-ի գովազդն է: Անձամբ ես երբեք չեմ դիտում: Թող ներվի ինձ, եթե ասեմ, որ երբ մեր մարզում որեւէ անորակ միջոցառում են կազմակերպում, ասում են ՙ «եղավ ԱԼՄ», կամ կատակ անելիս երեխաներն իրար ասում ենՙ «լավ էլ երգում ես, գնա ԱԼՄ»:
Ամենակարեւոր խնդրիՙ գյուղի ծերացման մասին խոսելիս տկն Գեւորգյանն ասաց, որ երիտասարդները, հատկապես ուսանողներն այսօր գյուղում ապրել չեն ուզումՙ մայրաքաղաքի ու գյուղական կյանքի ահռելի տարբերության պատճառով: Մշակութային ու ժամանցային ոչ մի օջախ գոյություն չունի գյուղերում, Մարտունի քաղաքում նույնիսկ մեկ սրճարան չկա, երիտասարդներն անգամ զբոսնելու տեղ չունեն: Երիտասարդներին գյուղ վերադարձնելու պետական քաղաքականություն չտանելու դեպքում մարզի գյուղերը մոտակա տարիներին կդատարկվեն:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ