«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ 12 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ

Մնում է զբաղվեն իրական աղքատության հաղթահարմամբ

Օրերս հրավիրված միջոցառումներից մեկի ժամանակ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի չափի որոշման վիճահարույց հարցի առնչությամբ դիմեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանին: Մեզ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը հիմք ընդունել ոչ թե առողջապահության նախարարության մասնագետների հաշվարկած եւ մասնագիտորեն հիմնավորված նվազագույն զամբյուղը, որի արժեքը 26 հազար դրամ է, այլ վիճակագրության ազգային ծառայության ուսումնասիրությունների արդյունքում նվազագույն սպառման արձանագրված փաստացի վիճակը, ըստ որի, նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 12 հազար դրամ:

Փոխնախարարի կարծիքով, այստեղ հիմնականը ոչ թե զամբյուղի գումարային արժեքն է, այլ կալորիականությունը: Բժիշկների ներկայացրած նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 2400 կկալ, իսկ վիճակագիրներինըՙ 2100 կկալ: Սակայն Աշոտ Եսայանը կարեւոր համարեց այս հարցում քաղաքական կամք դրսեւորելն ու հայտարարելը, որ, ենթադրենք, նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 18 հազար դրամ, բայց կարող ենք ապահովել 12 հազար դրամը, իսկ մնացած մասը որոշակի պայմանների առկայության դեպքում կապահովենք առաջիկա երկու-երեք տարիներին:

Փաստորեն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի այս կարծիքը վկայում է այս հարցում կառավարության մոտեցման որոշակի փոփոխությունների մասին: Եթե կառավարության անդամներն ու աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հեղինակները նախկինում խիստ ցավոտ էին ընդունում քննադատություններն առ այն, որ 12 հազար դրամը ծիծաղելի թիվ է որպես աղքատության սահմանագիծ ընդունելու համար եւ որ այդ գումարով մեկ անձը ոչ թե մեկ ամիս, այլ լավագույն դեպքում 7-10 օր կարող է իր գոյության նվազագույն պահանջները բավարարել, ապա ներկայումս նրանք խոստովանում են այդ արժեքով նվազագույն սպառողական զամբյուղի անհեթեթությունը: Նմանատիպ խոստովանություն նախկինում կատարել էին նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը եւ ԱՀՌԾ համակարգման կենտրոնի տնօրենը, ասելով, որ այդ սահմանագծով աղքատության վերացումը չի նշանակում իրական աղքատության վերացում: Մնում է միայն, որ դրան հաջորդեն իրական աղքատության հաղթահարմանն ուղղված իրական քաղաքականության մշակումն ու իրագործումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4