Բջջային կապի երկու ընկերությունները սակագների հարցում չեն մրցակցի
«Արմենտելի» նոր գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիոս Ֆետսիսը երեկ իր առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել, որը առաջինն էր նաեւ ՕՏԵ-կառավարություն համաձայնագրի ստորագրումից հետո: Նա նախ հայտարարեց, որ հպարտ է ձեռք բերված համաձայնությամբ եւ նշեց, որ թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը համապատասխանում է ինչպես «Արմենտելի», այնպես էլ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին: Ընկերության ղեկավարը համաձայնություններից առանձնացրեց բջջային կապի ոլորտում ընկերության ունեցած մենաշնորհից հրաժարվելը, լարային հեռախոսակապի բնագավառում մենաշնորհի կրճատումը 3 տարով եւ «Արմենտելի» մենաշնորհի վերահաստատումը ինտերնետ հեռախոսակապի բնագավառում: Վասիլիոս Ֆետսիսը բջջային կապի մենաշնորհից զրկվելն ինչ-որ առումով բացասական համարեց, միաժամանակ կարծիք հայտնելով, որ մրցակցությունը լավ դպրոց կարող է լինել ընկերության աշխատակիցների համար լարային կապի ոլորտում մենաշնորհի ժամկետի ավարտից հետո արդյունավետ աշխատելու:
Թվարկելով եկող տարվա ծրագրերը, «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրենը անդրադարձավ առավել մեծ վիճաբանությունների տեղիք տված ինտերնետ հեռախոսակապի ճակատագրին: Նա հավաստիացրեց, որ արդեն հունվարից «Արմենտելը» այդ ծառայությունը կմատակարարի մատչելի, այսինքն շուկայում ներկայումս գոյություն ունեցող սակագներին մոտ գներով: Լարային հեռախոսակապի ոլորտում թվայնացումը կշարունակվի: Երեւանի Նոր Նորքի շրջանում թվայնացման հետ, կավելացվի կայանի հզորությունըՙ 21 հազարից հասցնելով 30 հազար բաժանորդ ունակության: Այս ծրագիրը կավարտվի հուլիսի վերջին: Շենգավիթի 48 հեռախոսակայանը կհզորացվի 5 հազար բաժանորդներով: Նոր Արեշում նոր ցանց կկառուցվի 10 հազար բաժանորդների համար: Երեւանից դուրս կուժեղացվի Աշտարակում 5 հազար եւ Վանաձորում 10 հազար բաժանորդային ունակությամբ ցանցը: Ամբողջությամբ վերանորոգվելու են Գյումրու եւ Ստեփանավանի ցանցերը: Կհզորացվի նաեւ Երեւանի միջազգային հեռախոսակապի կայանը: ISDN ծառայության սակագները մատչելի կդառնան, եւ դրանից, ըստ Վասիլիոս Ֆետսիսի, կկարողանա օգտվել ոչ միայն ունեւոր խավը: Նա հավաստիացրեց նաեւ, որ կհզորացվեն գյուղական շրջանների 70 հազար անալոգային հեռախոսագծերը, երկու տարվա ընթացքում այդ շրջանները կհեռախոսաֆիկացվեն եւ կթվայնացվեն:
«Ազգի» հարցն առնչվում էր տվյալների փոխանակման ոլորտին: Ինտերնետ մատակարարող ընկերությունները մտահոգություն են հայտնում, որ «Արմենտելը» կառաջարկի կապուղիների վարձակալության այնպիսի գին, ինչի հետեւանքով անհնար կլինի սեփական ինտերնետը մատակարարել: Այս հարցին Վասիլիոս Ֆետսիսը պատասխանեց, որ արդեն այդ ընկերությունները հնարավորություններ ունեն կապուղիներ վարձակալելու միջազգային ելքի համար: Նրա հավաստիացմամբ, անկախ այն փաստից, որ «Արմենտելը» փորձելու է մշակել ավելի լավ սակագներ, յուրաքանչյուր դեպքի համար կոնկրետ հաշվարկ կկատարվի, որը կհաստատվի կարգավորող մարմնի (տրանսպորտի եւ կապի նախարարության) կողմից: Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են ներկայացնել 20 տոկոսով նվազեցված սակագների առաջարկ:
Բջջային կապի մասին տեղեկացվեց, որ ներկայումս «Արմենտելն» ունի 200 հազար բաժանորդ եւ եկող տարի նախատեսում է եւս 200 հազար բաժանորդի ավելացում անկախ երկրորդ օպերատորի գործունեությունից: Այսինքն, «Արմենտելը» կբավարարի պահանջարկը ինչպես քանակի, այնպես էլ որակի առումով: Կնվազե՞ն բջջային կապի սակագներըՙ Վասիլիոս Ֆետսիսը «անկեղծորեն» պատասխանեց, որ պետք չէ հավատալ, թե երկու խոշոր ընկերություններ, որոնք ունեն մեծ թվով բաժանորդներ եւ խոշոր ներդրումներ կատարելու պարտավորություններ, կմրցակցեն սակագների համար:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա եկող տարի «Արմենտելը» ծրագրում է 55 մլն եվրո ներդրում եւ ակնկալում է ստանալ 34 մլն եվրո շահույթ: Այս տարի ընկերությունը ներդրել է 25 մլն եվրո եւ ակնկալում է ստանալ 37 մլն եվրո շահույթ:
Մեկ այլ հարցի, թե որ կողմն ավելի շատ զիջումներ կատարեց, «Արմենտելը», թե՞ Հայաստանի կառավարությունը, ընկերության ղեկավարը պատասխանեց, որ գոյություն ունի կողմերի ընդհանուր շահ եւ գտնվել է հավասարաչափ լուծում: Նա նշեց նաեւ, որ ներկայումս բաժանորդների 5 տոկոսն ապահովում է ընկերության եկամուտների 30 տոկոսը, եւս 10-12 տոկոսըՙ մյուս 30 տոկոսը, իսկ մնացած 80-85 տոկոսըՙ եկամտի մնացած մասը: Րոպեավճարի առնչությամբ ասվեց, որ ներկայումս մշակվել է այնպիսի սխեմա, որը հնարավորություն է տալիս ավելի քիչ խոսող մարդկանց վճարել ավելի փոքր գումար, իսկ ավելի շատ խոսողներինՙ ավելի շատ գումար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ