Երեքշաբթի օրը, դեկտեմբերի 13-ին ԱԺ-ում գումարվելիք արտահերթ նիստի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը մտադիր է առաջին հարցն ուղղել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, եւ էությունը լինելու է հետեւյալը. «Հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ շահեր են հետապնդում` օգտագործելով դոլարի անկման այս ընթացքը: Պետք է պարզաբանել, թե ի վերջո ինչ է կատարվում իրականում, որովհետեւ մեր երկիրը հիմնականում հենվում է մասնավոր տրանսֆերների վրա, մարդիկ դրանով են ապրում մանավանդ այն շրջաններում, ուր գործազրկությունը զանգվածային է: Մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է լինելու Կենտրոնական բանկի քաղաքականությունը` հատկապես գալիք տարվա բյուջեի հետ կապված»:
Մասնագիտությամբ տնտեսագետ, ՄԱԿ խմբակցության եւ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գրիգոր Ղոնջեյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ բնակչությանը խուճապի մեջ գցած ֆինանսական շուկայում տիրող վիճակի մասին: «Մեզանում դոլարի աննախադեպ անկումը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ դոլարն ինքնին արժեզրկվում է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության պատճառով: Դա բաղադրիչներից միայն մեկն է: Մյուս կողմից, դոլարի անկման ուժեղացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք նպաստում ենք այդ անկմանը, որպեսզի սղաճի ավելի բարձր տեմպեր չունենանք: Իհարկե, չի բացառվում նաեւ սպեկուլյացիան»: