Ինչպես տեղեկացանք ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրից (USDA-MAP), 2004 թ. հայկական գյուղատնտեսական ակադեմիայի բույսերի գենետիկ ռեսուրսների լաբորատորիայի գիտնականների խումբը հաղթել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայտարարած դրամաշնորհի մրցույթում, որի շնորհիվ կսկսի իրականացնել «Հացահատիկի վայրի նախնիների պահպանումը եւ օգտագործումը Հայաստանում» նախագիծը:
Նախագծի նպատակը հացահատիկի վայրի նախնիների գենետիկ ռեսուրսների հավաքումն ու պահպանումն է, դրանով իսկ այդ եզակի գենոֆոնդի փրկությունը: Այս մասին ասել է հայ գիտնականների խմբի ղեկավար Միխայիլ Գյուլխասյանը, ավելացնելով, որ վայրի ցորենի, գարու նմուշները հավաքվել են Արարատի, Վայոց ձորի մարզերից, Էրեբունի արգելոցի տարածքից: Դրանք հիմք են դառնալու ընտրասերման եւ մշակովի բույսերի հետ տրամախաչման ճանապարհով նորՙ երաշտի, ցրտի եւ վնասատուների հանդեպ դիմացկուն տեսակներ ստանալու համար:
Տեղեկացվում է նաեւ, որ պրոֆեսոր Միխայիլ Գյուլխասյանի նախագիծը երկու այլ նախագծերի հետ հաղթող է ճանաչվել ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային համագործակցություն Կենտրոնական Ասիա-Կովկաս տարածաշրջանում» ծրագրին ներկայացրած 125 նախագծերի շարքում:
Ա. Մ.