«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2004-12-08 | #221, 2004-12-09 | #222, 2004-12-10


ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱԱՀ) հաշվարկներով գոյություն ունի այլընտրանքային ավանդական բժշկության 150 մեթոդ: ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում (ԱԱԻ) դասավանդվում են դրանցից երեքը. ֆիզիոթերապիա, հոմեոպատիա, մանուալ թերապիա: Այլընտրանքային եւ ավանդական բժշկության ամբիոնի վարիչ Մկրտիչ Ավագյանը հավաստում է, որ ամբիոնի գործունեության 4 տարիների ընթացքում հարյուրավոր բժիշկներ են անցել նշյալ կուրսերը: Հայաստանում տարածված են նաեւ ֆիտիոթերապիանՙ դեղաբույսերով, ապիթերապիանՙ մեղվաբուծական արտադրանքով, հեմոդոթերապիանՙ բուժական տզրուկներով բուժումները: Մոտ ապագայում Հնդկաստանից հրավիրված մասնագետներն, Ավագյանի հավաստմամբ, ԱԱԻ-ում կդասավանդեն նաեւ հնդկական ավանդական բժշկություն: Սակայն դաշտը, Մկրտիչ Ավագյանի կարծիքով, օրենսդրական բացի հետեւանքով անկառավարելի է եւ շատ են այն անձինք, ովքեր սնխչու կամ հեքիմի մակարդակ էլ չեն ապահովում: Չնայած դրան 1994 թ. Մեղրիում, իսկ նախորդ տարվանից Երեւանում գործող «Մինասյան» բժշկական կենտրոնի հիմնադիր, վիրաբույժ-գինեկոլոգ Աշլի Մինասի հրավերով արդեն 9 ամիս կենտրոնում աշխատում է հնդկական ավանդական բժշկության մասնագետ Վիջեյ Օմար Քամաթը: Այդ կարճ ընթացքում բժիշկը սովորել է հայերեն խոսել, ունեցել է 300 այցելու, որոնք բոլորն էլ ստացել են անհրաժեշտ բուժում: Ինքըՙ հնդիկ բժիշկ Վիջեյն ասում է, որ իրեն դիմում են բոլոր հնարավոր բուժումները փորձելուց հետո:

Վիջեյ Օմար Քամաթն իր հաջողությունը բացատրում է նրանով, որ հնդկական այրովեդի բուժումը հազարամյակների պատմություն անցնելով, լիակատար մշակվել ու ճշգրտվել է եւ ներկայիս բժիշկներին մնում է համապատասխան կրթություն ստանալ: Բժիշկ Վիջեյը սովորել է Հնդկաստանի այրովեդի բժշկության համալսարանում, որտեղ ուսումնառությունը տեւում է 6,5 տարի, եւ սերում է այրովեդի բժիշկների տոհմից, ինչն օգնել է նրան մանկուց տեղեկանալ երկարակեցությամբ հայտնիՙ 108 տարի ապրած իր պապի մասնագիտության գաղտնիքներին: Այրովեդի բժշկությունը հիմնված է բուսաբուժության վրա: Այս մեթոդում օգտագործվող բուսական դեղերն արտադրվում են Հնդկաստանի հատուկ մասնագիտացված դեղ արտադրող ընկերությունում, ինչը, բժիշկ Վիջեյի հավաստմամբ, բացառում է բաղադրության եւ չափաբաժնի աննշան խախտումը: Բժշկի գնահատմամբ, մեթոդն արդյունավետ է հատկապես խրոնիկ բնույթ կրող հիվանդությունների բուժման համար, ազդեցություն է գործում երկար ժամանակում, բայց ապահովում է հիմնավոր բուժում: Սակայն վերջնական ցանկալի արդյունքի հասնելու համար պահանջվում է բուժման ընթացքում հրաժարվել կենդանական ծագման սննդից, ալկոհոլային խմիչքներից եւ դրսեւորել հետեւողականություն, քանի որ այս մեթոդը ներառում է նաեւ մերսումներ եւ բուժական յոգայի մարզանքներՙ շնչառական, ֆիզիկական վարժություններ:

Յոգայի մարզանքների, շնչառական, ֆիզիկական եւ մտավոր վարժությունների համալիր մեթոդով է աշխատում Մոսկվայում, Բուդապեշտում, Հայդարաբադում համապատասխան կրթություն ստացած Արմեն Եսայանը: Նրա գործունեությունն ուղղված է հոգեկան ցնցումների, բարդույթների վերացմամբ եւ ֆիզիկական տվյալների զարգացմամբ մարդուն հավասարակշիռ վիճակի բերելուն: Այս մեթոդն, ըստ էության, համատեղում է հոգեվերլուծողի եւ մարզչի աշխատանքը, որն ուղեկցվում է հոգեբանական լիցքով:

Ներկայացված մեթոդներն ավելի արդյունավետ կգործեն գիտական բժշկության հետ համատեղման դեպքում, գտնում են Առողջապահության ազգային ինստիտուտում, նույնը պնդում են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները: Հայաստանում այդ համատեղումն իրականացվում է «Մինասյան» բժշկական կենտրոնում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4