Ձմեռնամուտի սառն ու ջրիկ արեւի լույսի միջով, հանդիսատեսների վերջին ծափահարությունների ուղեկցությամբ մեզանից հեռացավ Խորեն Աբրահամյանը` մեծն արտիստն ու դերասանը: Եվ մի պահ ցուրտ օրվա մեջ լքվածության ու դատարկության զգացողություն համակեց բոլորիս: Մայրաքաղաքը մի տեսակ աղքատացավ եւ արցունքոտ ծափերի տխրություն իջավ քաղաքի վրա: Հեռու այլ աշխարհներում երեւի տխրեց Շեքսպիրը, Չարենցը, տխրեց Բուլգակովը, որ մեծ դերասանը չհասցրեց խաղալ Վոլանդի դերը:
Տարօրինակ է մարդ արարածը: Մեծերի կորստից հետո է հանկարծ հասկանում, որ ինչ-որ կարեւոր բան չի ասել նրան, երբ ապրում էր, չի մեծարել այնպես, որ հիմա հոգին խաղաղ լինի, որովհետեւ ճակատագրական պահից հետո, այսինքն այսօր, այլեւս ուշ է փռել նրանց վրա մեր ուշադրության զգեստը:
Վաղը նորից օր կբացվի, թատրոնները կլցվեն հանդիսատեսով եւ բեմի հեռավոր խորքից մեզ կնայի մեծ արտիստի շփոթված հայացքը, որ ամեն ինչ այսքան շուտ վերջացավ, որ ինքը չհասցրեց ամբողջացնել այն, ինչ երազում էր:
Գնաց Երեւանը խորհրդանշող մեծ արտիստն ու քաղաքի տղան, Երեւանի սիրուն աղջիկներին թողնելով իր սրտի երգը:
Բարի ճանապարհ քեզ, անհանգիստ հոգի, մեծ արտիստ, որ թողեցիր քո ապրեցնող լուսածիրը մեր կյանքում եւ հեռացար զարմանալի ջահել, ինչպես Դանիայի արքայազն Համլետը` լինել-չլինելու մեծ հարցականը թողնելով մեզ` քեզ սիրողներին ու հիշողներին:
Բրավո մաեստրո, բրավո:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ