«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2004-12-10 | #223, 2004-12-11 | #224, 2004-12-14


ՆՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Չգիտես պատահականությամբ, թե խորհրդավոր օրինաչափությամբ այս վերջին տարիներին դեկտեմբերը տխուր հունձք է անում. դառնում մեր մշակույթի մեծերի կյանքի վերջին ամիսը: Այս էլ քանի տարի Նոր տարվա շեմին ընդհանրական մի մեծ վիշտ ամպի նման ծանրանում է Երեւանի երկնակամարում: Երեկ Երեւանը սգո հանդերձի մեջ էր: Հայ բեմի ու կինոարվեստի սիրելի արտիստ Խորեն Աբրահամյանին քաղաքը հրաժեշտ էր տալիս լուռ ափսոսանքով:

Առնականությամբ, ուժով, բարությամբ, ավյունով առլեցուն արտիստն իր սիրելի քաղաքի փողոցներով շրջեց վերջին անգամ: Երբ օպերային թատրոնի նախասրահներում հնչեց «Առաջին սիրո երգը» ֆիլմի հանրածանոթ մեղեդին, եւ արտիստի դագաղը իջեցրին աստիճաններով, բազրիքների մոտ կանգնածները սկսեցի ծափահարել, առաջին հայացքից այնքան տարօրինակ այդ ծափողջույնները հնչեցին տխուր հեծկլտանքով:

Սգո թափորը կանգ առավ Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում, մարդկանց հայացքները ավտոբուսներ էին փնտրում, արտիստի դագաղը դրվեց մեքենայի մեջ: Մի փոքր անց ավտոբուսում տեղավորվածները դարձյալ լսեցին ծափողջույններ ու դուրս եկան, որովհետեւ տարօրինակ թվաց: Դեպի Պանթեոնՙ իր վերջին հանգրվանին արտիստին տարան ձեռքերի վրաՙ իբրեւ հարգանքի նշան: Շենքերի պաշտգամբներից ու պատուհաններից թաղման թափորին հետեւում էին բազում երեւանցիներՙ աչքերին արցունքներ:

Սակայն Հանրապետության հրապարակում նախկին առաջնորդի արձանին փոխարինած գովազդային էլեկտրոնային վահանակը համոթ մեզ շարունակում էր թմբկահարել օրվա մեջ տասնյակ անգամ կրկնվող գովազդներըՙ հանքային մի ջրի կամ ցեմենտ արտադրող մի կազմակերպության: Մտքերի մեջ էի. մի՞թե մի 30 րոպեով հնարավոր չէր դադարեցնել մայրաքաղաքի կենտրոնի այդ խայտառակությունը, երբ երկու երիտասարդ աղջիկներ արձագանքեցին լռությանս. «Այսպես ենք հարգում մեր մեծերին, ապա թեՙ գիտեք, որ այսօր օպերային թատրոնում շիկ աղջիկների համերգն է նախատեսված եւ մինչ այս ժամը փոփոխություն չկա, իսկ նախորդ օրը Սունդուկյանի բեմում ազգային երգի ինչ-որ մրցանակաբաշխություն է եղել»: Թատերական ինստիտուտի ուսանողները երեկ երեկոյան իբրեւ բողոքի ակցիա վառված մոմերով քայլեցին Սունդուկյանի մայր թատրոնից մինչեւ օպերային թատրոն: Սրանք մանր թվացող երեւույթներ են, սակայն խորքում էական են, ցավոք նաեւՙ մեր կյանքի անբաժանելի տարօրինակությունները:

Ամենից ազդեցիկը մայր թատրոնիՙ իր նվիրյալ զավակին դիմավորելու պահն էր. հեռվից լսվող երաժշտությունն արդեն իսկ զգայացունց էր: Երկար տարիների արտիստի ամենօրյա աշխատավայրըՙ պատված սեւ պաստառներով, վերումՙ վառվող ջահեր, նրան դիմավորեց ծափահարությունների տարափով. իր նախկին ներկայացումներից հատված էր, ապա հնչեց «Ես իմ անուշ Հայաստանին»ՙ Աբրահամյանական առնական պաթոսով ու վարակիչ կրքով: Սգո թափորն արձագանքեց հանդիսականի ծափողջույններին ու շարժվեց Կոմիտասի անվան պանթեոն:

Ըստ կարգի կատարվեց սգո արարողություն, ընթերցվեց Ամենայն հայոց հայրապետի սգո ուղերձը, հրաժեշտի խոսքերը տխուր էին, օրըՙ դառնահամ. «Սունդուկյանի բեմը ներծծված էր Խորենի քրտինքի կաթիլներով... մինչեւ վերջ: Հանճարեղ դերասան էր նա ինձ համար: «Քո արվեստից այդպես էլ չկշտացա», ասացի վերջին ներկայացմանը: Ասացՙ չեմ թողնի, որ կշտանաս: Ամեն մի դերասանի հուղարկավորություն դառնում է ներկայացում: Խորեն Աբրահամյանը մասնակցեց իր վերջին ներկայացմանը», ձայնը բեկվում, արցունքները խեղդում էին Սոս Սարգսյանին: Խորեն Աբրահամյանը մահացավ լուսաբացին, ճիշտ այնպես, ինչպես Ռուբեն Գեւորգյանցի ֆիլմի իր հերոսը:

Խորեն Աբրահամյանի դին հանձնվեց մայր հողի հավատարմությանըՙ Հրանտ Մաթեւոսյանի հարեւանությամբ. «Պանթեոնը հարստացավ, մենք դարձյալ աղքատացանք», արձագանքվեց մթնոլորտում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4